Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Ստեղծագործական նվաճումների համար Արտավազդ Փելեշյանը հատուկ մրցանակի է արժանացել Ամստերդամում

Ստեղծագործական նվաճումների համար Արտավազդ Փելեշյանը հատուկ մրցանակի է 
արժանացել Ամստերդամում

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Ամստերդամի վավերագրական կինոյի միջազգային փառատոնում (IDFA) Արտավազդ Փելեշյանն արժանացել է «Life achievement award» (ստեղծագործական նվաճումների համար) հատուկ մրցանակին: Այս մասին հայտնում է «Կինոաշխարհը»:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ փառատոնի «Ֆեյսբուքի» պաշտոնական էջում զետեղված հաղորդագրության մեջ ասվում է, որ փառատոնի շրջանակում նոյեմբերի 19-ին տեղի է ունեցել Փելեշյանի «Բնություն» ֆիլմի եվրոպական պրեմիերան, որին ներկա է եղել լեգենդար երգչուհի, գրող Փաթի Սմիթը: Հատուկ ֆիլմի համար գրված բանաստեղծությամբ և երգով նա մեծ բավականություն է պատճառել հանդիսատեսին:

Իսկ փառատոնի տնօրեն, սիրիացի պրոդյուսեր Օրվա Նիրաբիան խոսել է կինոյի պատմության մեջ Փելեշյանի՝ վավերագրական կինոյի պոետի ֆիլմերի կարևորության մասին։

Մրցանակը Փելեշյանը պետք է ստանար անձամբ, սակայն առողջական խնդիրների պատճառով ճանապարհորդել չի կարողացել։ Վարպետի փոխարեն այն ստանալու են եկել Փարիզի Կարտիե ժամանակակից արվեստի թանգարանի տնօրեն Էրվե Շանդեսն ու ռեժիսոր Անդրեյ Ուջիկան։

Արտավազդ Փելեշյանի «Բնություն» ֆիլմի համաշխարհային փառատոնային պրեմիերան տեղի է ունեցել Նյու Յորքի կինոփառատոնում (New York Film Festival-59)։ «Բնություն» ֆիլմի փառատոնային արշավն ու միջազգային հաջողությունները շարունակվում են։

«Բնություն» ֆիլմը նկարահանվել է Ֆրանսիայի «Fondation Cartier» հիմնադրամի և Գերմանիայի «ZKM» ֆիլմարտադրող ընկերության համարտադրությամբ։ «Բնությունը» Արտավազդ Փելեշյանի՝ 1993 թվականին նկարահանված «Կյանք» ֆիլմից 27 տարի անց արված առաջին կինոնկարն է, որտեղ «Տարածական մոնտաժի» արքան վերստին անդրադարձել է բնության թեմային՝ օգտագործելով Բեթհովենի, Մոցարտի, Շոստակովիչի, Տերտերյանի, Տիգրան Համասյանի երաժշտությունը։

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am