Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   25 Հունիս 2022

Մեկուսացումից դուրս գալու հնարավորությո՞ւն, թե՞ վտանգ հայկական շահերին. հայ քաղաքագետները տարակարծիք են «3+3»-ի վերաբերյալ

Մեկուսացումից դուրս գալու հնարավորությո՞ւն, թե՞ վտանգ հայկական շահերին. հայ 
քաղաքագետները տարակարծիք են «3+3»-ի վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ քաղաքագետները հակասական կարծիքներ ունեն այն հարցի վերաբերյալ, թե պե՞տք է արդյոք Հայաստանը անդամակցի Հարավային Կովկասում տարածաշրջանային համագործակցության հարթակին «3+3» ձևաչափով:

Քաղաքագետ Գարիկ Քեռյանը կարծում է, որ Հայաստանը պետք է մասնակցի «3+3» բանակցային ձևաչափին տարածաշրջանային մեկուսացումից դուրս գալու և հարևան երկրների, այդ թվում Թուրքիայի և Ադրբեջանի հետ համակեցության տարբերակ գտնելու համար: Թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի կարծիքով՝ «3+3» համագործակցության հարթակը ավելի անբարենպաստ ձևաչափ է Հայաստանի համար, քան Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան եռակողմ բանակցությունների ձևաչափը և բանակցային գործընթացը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո:

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը «Արմենպրես»-ին հայտնեց, որ ինքը որևէ օգուտ չի տեսնում «3+3»-ին Հայաստանի մասնակցությունից: Թեև մյուս կողմից թուրքագետը կարծում է, որ եթե փորձ չի արվելու Հայաստանի համար ռազմավարական հարցերը և առաջին հերթին՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը Մինսկի խմբի եռանախագահության ձևաչափից տեղափոխել այդ հարթակ, ապա այդ դեպքում «3+3»-ից մեծ վնաս չի լինի: Առավել ևս, որ այս հարթակի ապագան և այն կյանքի կոչելու հեռանկարը, ըստ նրա, մեծ հարցականի տակ է:

«Ես նույնիսկ հավատացած չեմ, որ այս ձևաչափը վերջիվերջո կյանքի կկոչվի, որովհետև եթե Վրաստանը չի մասնակցում՝ տարածաշրջանի երկրներից մնում են Հայաստանը և Ադրբեջանը, և փաստորեն այս ձևաչափը վերածվելու է հարթակի, որտեղ պետք է միջնորդություն տեղի ունենա Հայաստանի և Ադրբեջանի տրանսպորտային և տնտեսական կոմունիկացիաների ապաշրջափակման հարցերի շուրջ: Իսկ մենք գիտենք, որ մեզ համար ավելի նախապատվելին եռակողմ բանակցությունների ձևաչափն է, որտեղ միայն Ռուսաստանն է միջնորդ հանդես գալիս: Այստեղ Ռուսաստանին ավելանում է Թուրքիան: Իհարկե, որոշ չափով նաև Իրանը, որը ավելի պասիվ է լինելու: Այսինքն՝ չեմ կարծում, որ սա մի ինչ-որ իրական խնդիրներ լուծելու հարթակ կլինի: Իսկ եթե ընդհանուր գնահատենք՝ իհարկե, սա մեզ համար ավելի անբարենպաստ է, որովհետև եթե եռակողմ բանակցություններում միայն Ռուսաստանն էր միջնորդը, ապա հիմա, փաստորեն, Թուրքիան էլ է ավելանում, իսկ Թուրքիան մեր թշնամին է և Ադրբեջանի «ավագ եղբայրը»: Այնպես որ, այս առումով ոչ մի դրական բան չի լինի, ընդհակառակը՝ ճնշումը Հայաստանի վրա ավելի կմեծանա», - նշեց Ռուբեն Սաֆրաստյանը:

ԵՊՀ Քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի վարիչ, քաղաքագիտության դոկտոր, պրոֆեսոր Գարիկ Քեռյանը իր հերթին «Արմենպրես»-ի հետ զրույցում հիշեցրեց, որ Հայաստանի Հանրապետության անկախության վերանվաճումից հետո՝ շուրջ 30 տարի, Հայաստանը դուրս է մնացել տարածաշրջանային համագործակցության բոլոր ձևաչափերից՝ պայմանավորված Լեռնային Ղարաբաղի հակամարտությամբ, և «չկա մի էներգետիկ, քաղաքական, տնտեսական կամ այլ համագործակցության ձևաչափ, որից Հայաստանին դուրս թողած չլինեն»: Բացառություն է միայն Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպութունը, որն, ըստ էության, «կիսամեռած կառույց է»:

Հետևաբար, Հայաստանը, Գարիկ Քեռյանի կարծիքով, պետք է մասնակցի տարածաշրջանային քննարկումների այս ձևաչափին՝ տարածաշրջանային մեկուսացումից դուրս գալու և իբրև տարածաշրջանի ինտեգրացիայի «խանգարիչ գործոն» չդիտվելու համար:

«Եթե նկատի ունենք, որ այս ձևաչափում են նաև Թուրքիան և Ադրբեջանը, որոնք մեզ հետ թշնամի երկրներ են, մենք չմիանանք և դրանով պատժենք նրանց, ապա դա արդեն երեխայական միամտություն է, որովհետև պետք է լինել այնտեղ, որտեղ կան այս երկու երկրները: Դա լրացուցիչ հարթակ է հանդիպելու, խոսելու, ինչ-որ մի բան քննարկելու: Իմ, որպես մասնագետի, արտաքին քաղաքական հայեցակարգն այն է, որ Հայաստանը պետք է գտնի տարածաշրջանում բոլոր հարևանների հետ համակեցության կանոնները, եթե ուզում է այստեղ գոյատևել և չթռչել լուսին: Եթե ուզում է թռչել լուսին, խնդիր չկա: Բայց եթե ուզում է գոյատևել այս տարածաշրջանում, ապա՝ Թուրքիա, Ադրբեջան, Իրան, Վրաստան, Ռուսաստան. այս երկրների հետ մենք համակեցության կանոններ պիտի գտնենք», - հավելեց քաղաքագետը:

Թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը, սակայն, կարծում է, որ Հայաստանի մասնակցությունը «3+3» ձևաչափին ոչ մի օգուտ չի բերի: Անդրադառնալով այն հարցին՝ արդյո՞ք Թուրքիայի նախագահ Էրդողանը և Ադրբեջանի նախագահ Ալիևը «3+3»-ի նախաձեռնությամբ հանդես են եկել 2020 թվականին Արցախում իրենց կողմից սանձազերծված պատերազմի արդյունքները և տարածաշրջանում ձևավորվող նոր ստատուս քվոն ամրագրելու նպատակով, թուրքագետը պատասխանեց՝ այո՛, իրականում սա թուրքական նախաձեռնություն է:

Ընդ որում, սա առաջին դեպքը չէ: Սաֆրաստյանը հիշեցրեց, որ 2008 թ. օգոստոսին, երբ տեղի ունեցավ ռուս-վրացական կարճատև պատերազմը Հարավային Օսիայում և Աբխազիայում, Թուրքիայի այն ժամանակ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, մեկնելով Մոսկվա, հանդես եկավ «Կայունության և համագործակցության կովկասյան պլատֆորմ» ստեղծելու նախաձեռնությամբ:

Ակադեմիկոսի խոսքով՝ Թուրքիան այն ժամանակ առաջարկեց այդ հարթակը, քանի որ համոզվեց, որ Ռուսաստանը կարող է իր զինված ուժերը կիրառել տարածաշրջանում, և դրանից Թուրքիան վախեցավ: Այդ իսկ պատճառով նա փորձեց տարածաշրջանում ազդեցությունները աշխարհաքաղաքական առումով Ռուսաստանի հետ բաժանել երկու մասի՝ թուրքական և ռուսական: Այն ժամանակ Մոսկվան լուրջ չընդունեց դա, քանի որ իրեն այնքան ուժեղ էր զգում, որ ցանկություն չուներ Թուրքիայի հետ ինչ-որ ազդեցություն բաժանելու տարածաշրջանում: Այսօր, սակայն, իրադրությունը փոխվել է:

«Մենք տեսնում ենք, որ Ռուսաստանը հնարավորություններ է ընձեռում Թուրքիային մեր տարածաշրջանում կամաց-կամաց ոտք դնելու, քայլ առ քայլ իր ազդեցությունն ուժեղացնելու: Օրինակ, առաջին քայլը այն էր, որ Աղդամում ստեղծվեց համատեղ ռուս-թուրքական մոնիթորինգի կենտրոն: Ինչո՞ւ պետք է Թուրքիան մասնակցի այդ մոնիթորինգի կենտրոնին, ի՞նչ կապ ունի: Ռուսաստանն է այստեղ միջնորդը, նրա նախաձեռնությամբ է զինադադարը հաստատվել: Եվ մեկ էլ հանկարծ հայտնվում է ռուս-թուրքական մոնիթորինգի կենտրոնը: Դա արդեն նշանն էր այն բանի, որ Ռուսաստանը սկսում է որոշ չափով հնարավորություն տալ Թուրքիային այստեղ ազդեցություն ձեռք բերելու: Սրանից ես եզրակացնում եմ, որ ներկա շրջափուլում՝ Արցախյան երկրորդ պատերազմից հետո, Ռուսաստանը այլևս չի կարող մենաշնորհ ունենալ տարածաշրջանում որպես հարցեր լուծող և ստիպված է իր ազդեցությունը որոշ չափով կիսել Թուրքիայի հետ, և դրա արդյունքը այս «3+3»-ն է», - մեկնաբանեց Ռուբեն Սաֆրաստյանը:

Ըստ թուրքագետի՝ մյուս պատճառը, որի համար Ռուսաստանը համաձայնեց միանալ «3+3»-ին, Արևմուտքին տարածաշրջանային գործերից դուրս թողնելու ցանկությունն է: Իսկ Թուրքիան իր հերթին, ինչպես Ռուբեն Սաֆրաստյանն է համոզված, երկակի խաղ է խաղում Ռուսաստանի և Արևմուտքի հետ՝ մի կողմից գործակցելով Մոսկվայի հետ և ընդլայնելով իր ազդեցությունը տարածաշրջանում, բայց մյուս կողմից համոզելով իր արևմտյան դաշնակիցներին, որ ինքն այս տարածաշրջանում ներկայացնում է Արևմուտքը:

«Թուրքիայի համար սա երկակի խաղ է, և այս երկու խաղում էլ նա կորցնելու բան գրեթե չունի», - կարծում է թուրքագետը:

Ինչ վերաբերում է մյուս խոշոր խաղացողի՝ Իրանի մասնակցությանը «3+3»-ին, Ռուբեն Սաֆրաստյանի խոսքով՝ Թեհրանի համար կարևորն այս հարթակում այն է, որ նա հնարավորություն է ստանում մտնել մի գործընթացի մեջ, որտեղ Արևմուտք չկա, և այստեղ հաստատել իր հեղինակությունը:

«Չեմ կարծում, որ Իրանը հնարավորություն և ցանկություն ունի մեր տարածաշրջանում ակտիվ քաղաքականություն վարելու, բայց այս ձևաչափն իր համար հնարավորություն է աշխարհաքաղաքական առումով իր դերը վերահաստատելու», - հավելեց «Արմենպրես»-ի զրուցակիցը:

Ինչ վերաբերում է Վրաստանի մասնակցությանը՝ քաղաքագետ Գարիկ Քեռյանի խոսքով՝ վրացական կողմի հրաժարվելու հիմնական պատճառն այն է, որ նա Արևմուտքի դաշնակիցն է, իսկ «3+3» ձևաչափում արևմտյան ոչ մի աշխարհաքաղաքական խաղացող չկա: Եվ ստացվում է, որ «3+3»-ը Վրաստանի հրաժարվելուց հետո վերածվում է «3+3-1» ձևաչափի:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 8-ին Ազգային ժողովում հայտնել էր, որ առաջիկա օրերին «3+3» կամ «3+2» ձևաչափի նախնական նիստն է տեղի ունենալու, որին Հայաստանը մասնակցելու է ԱԳ նախարարի տեղակալի մակարդակով: Վարչապետը շեշտել էր, որ Հայաստանը կարող է հետաքրքրված լինել «3+3» բանակցային ձևաչափով, եթե պարզվի, որ այդ հարթակում չեն քննարկվելու այնպիսի հարցեր, որոնց քննարկման վերաբերյալ Հայաստանը ներգրավված է այլ ձևաչափերում:

Դրանից հետո՝ դեկտեմբերի 9-ին, Թուրքիայի արտգործնախարարությունը հայտարարեց, որ Հարավային Կովկասում «ամուր խաղաղության և կայունության ապահովման» նպատակով առաջարկված «3+3» ձևաչափով տարածաշրջանային համագործակցության հարթակի առաջին նիստը տեղի է ունենալու դեկտեմբերի 10-ին Մոսկվայում փոխարտգործնախարարների մակարդակով: Վրաստանի արտգործնախարարությունը, սակայն, վերահաստատեց իր այն դիրքորոշումը, որ Թբիլիսին չի ծրագրում մասնակցել «3+3» համագործակցության հարթակին:

Դեկտեմբերի 10-ին Ռուսաստանի ԱԳՆ-ը «Տարածաշրջանային խորհրդատվական «3+3» հարթակի մեկնարկի մասին» վերնագրով հաղորդագրությամբ տեղեկացրեց, որ դեկտեմբերի 10-ին Մոսկվայում տեղի է ունեցել Տարածաշրջանային խորհրդատվական «3+3» հարթակի առաջին նիստը Ռուսաստանի ԱԳ նախարարի տեղակալ Ա. Ռուդենկոյի, Ադրբեջանի ԱԳ նախարարի տեղակալ Խ. Խալաֆովի, Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Վ. Գևորգյանի, Թուրքիայի ԱԳ նախարարի տեղակալ Ս. Օնալի և Իրանի ԱԳՆ գլխավոր տնօրեն Ա. Հագիգիանի համանախագահությամբ: Վրաստանի ներկայացուցիչները, որոնք հրավիրված էին, չեն մասնակցել հանդիպմանը: Ըստ հաղորդագրության՝ նիստի ընթացքում քննարկվել են տարածաշրջանային բազմակողմ համագործակցության հեռանկարները: Կողմերը պայմանավորվել են հարթակի աշխատանքները կենտրոնացնել այնպիսի պրակտիկ հարցերի վրա, որոնք հետաքրքրում են բոլոր մասնակիցներին: Դրանց թվում են վստահության բարձրացման միջոցառումները, փոխգործակցությունը առևտրատնտեսական, տրանսպորտային և մշակութային-հումանիտար ոլորտներում, ինչպես նաև՝ հակազդեցությունը ընդհանուր մարտահրավերներին և սպառնալիքներին: Հինգ երկրների ներկայացուցիչները հետաքրքրություն են հայտնել Վրաստանի ձևաչափին աշխատանքին միանալու հարցում, որի համար «դուռը» բաց է մնում:

 

Արամ Սարգսյան








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]