Երևանում՝ 11:07,   29 Ապրիլ 2024

Թուրք-ադրբեջանական ագրեսիան Հայաստանի դեմ նախազգուշացում էր Եվրոպային. Վալերի Պեկրես

Թուրք-ադրբեջանական ագրեսիան Հայաստանի դեմ նախազգուշացում էր Եվրոպային. 
Վալերի Պեկրես

ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիական Իլ դը Ֆրանս կենտրոնական շրջանի ղեկավար Վալերի Պեկրեսը կարծում է, որ իր երկիրը՝ Ֆրանսիան, կարող է մի քանի հարթակներով դեր խաղալ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծման հարցում: Դրանցից մեկը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունն է, մյուսը Եվրոպայի մակարդակով հարցը բարձրացնելն է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ Ֆրանսիայի Իլ դը Ֆրանս շրջանի խորհրդի նախագահ Վալերի Պեկրեսը այդ մասին հայտարարեց Երևանում հայկական և ֆրանսիական լրատվամիջոցների հետ ասուլիսի ժամանակ:

Լուսանկարները` Մխիթար Խաչատրյանի

«Գիտեք, որ հունվարին Ֆրանսիան ստանձնում է Եվրամիության նախագահությունը, և ես կարծում եմ, որ այստեղ կարևոր դեր ունենք համոզելու Եվրամիության մյուս երկրներին, որ առավել ներգրավվեն այս տարածաշրջանի հիմնախնդիրների լուծման հարցում», - ասաց Վալերի Պեկրեսը՝ ողջունելով դեկտեմբերի 14-ին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ Բրյուսելում տեղի ունեցած Փաշինյան-Ալիև հանդիպումը:

Բացի այդ, Վալերի Պեկրեսը ցանկանում է Փարիզում միջազգային կոնֆերանս կազմակերպել ի աջակցություն Հայաստանի: Նրա խոսքով՝ այդ կոնֆերանսի օրակարգում կընդգրկվեն ինչպես խաղաղության հաստատման և պահպանման, այնպես էլ այլ կարևոր հարցեր, ինչպիսին է մշակութային և հոգևոր ժառանգության պահպանումը Հայաստանում և Արցախում:

Ֆրանսիացի գործիչը շեշտեց, որ շատ կապված է Հայաստանի հետ: Սա Վալերի Պեկրեսի երրորդ այցն է Հայաստան: Առաջին անգամ նա Հայաստան է եկել 1990 թվականին, երբ աշխատում էր Մոսկվայում Ֆրանսիայի դեսպանությունում: Իր խոսքով՝ դա Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո էր, և այն ժամանակ, ինչպես հայտնի է, Ֆրանսիան հումանիտար աջակցություն է ցուցաբերել Հայաստանին և կարևոր դեր է խաղացել վերականգնողական աշխատանքներում:

Երկրորդ անգամ Պեկրեսը Հայաստան է եկել Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովից հետո՝ 2018 թ. նոյեմբերին, որպես Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի նախագահ՝ Իլ դը Ֆրանսի և Երևան քաղաքի հարաբերություններն ամրապնդելու, ինչպես նաև Տավուշի մարզի հետ գործընկերություն ձևավորելու նպատակով:

«Իմ լավ ընկեր և քաղաքական գործիչ Պատրիկ Դևեջյանը (1944-2020) նախաձեռնել էր գործընկերություն Տավուշի հետ, և մեր Իլ դը Ֆրանս շրջանը, փաստորեն, շարունակեց այդ գործընկերությունը», - պատմեց ֆրանսիական շրջանի ղեկավարը:

Ըստ նրա՝ 2018-ի իր այցը շատ հետաքրքիր էր: Նա հիշեց Հայոց ցեղասպանության հուշահամալիրի տարածքում ծառ տնկելը, հիշեց հայ ժողովրդի նորագույն շրջանի պատմության ամենամեծ ողբերգության՝ Հայոց ցեղասպանության մասին, որն, իր խոսքով, Ֆրանսիայի և հայ համայնքի ու Հայաստանի հարաբերությունների մեկնակետն է եղել, քանի որ 1915-ի ցեղասպանությունից փրկված հազարավոր հայեր հանգրվանել են հենց Ֆրանսիայում՝ կազմավորելով այն մեծ համայնքը, որը շատ մեծ դեր ունի Ֆրանսիայի հասարակության մեջ:

Այդ համայնքի նշանավոր ներկայացուցիչներից է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի համանախագահ, ֆրանսահայ «Nouvelles d'Arménie» ամսագրի խմբագիր Արա Թորանյանը, որը Վալերի Պեկրեսի գլխավորած պատվիրակության կազմում եկել էր Հայաստան:

Դեկտեմբերի 20-21-ի երկօրյա այցի շրջանակներում ևս Իլ դը Ֆրանսի ղեկավարը այցելել է Ծիծեռնակաբերդ՝ տեսնելով իր տնկած ծառը և հարգանքի տուրք մատուցելով Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին: Ֆրանսիական պատվիրակությունը այցելել է նաև «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու Արցախյան երկու պատերազմներում զոհված հայորդիների հիշատակին, այնուհետև՝ Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն՝ «Զինվորի տուն, և շփվել 44-օրյա պատերազմում վիրավորված զինծառայողների հետ:

«Կարծում եմ, որ սա մեր այցի շատ լավ խորհրդանիշ էր, քանի որ մեր այցը միաժամանակ խարսխված է մեր համատեղ անցյալի վրա, բայց նաև ուղղված է դեպի ապագան: Իլ դը Ֆրանս շրջանը շատ ամուր կապեր ունի Հայաստանի հետ: Բացի Երևանի հետ համագործակցությունից՝ մենք նաև Հայաստանում Ֆրանսիական համալսարանի գործընկերն ենք և 500.000 եվրո ենք տրամադրել նոր կամպուսի կառուցման և զարգացման ծրագրերի համար: Ակտիվորեն ներգրավված ենք նաև մարդասիրական հարցերում», - հաղորդեց Իլ դը Ֆրանսի ղեկավարը:

Վալերի Պեկրեսի այցելության երրորդ պատճառն այն է, որ ինքն անձամբ մեծապես ներգրավված է Արևելքի քրիստոնյաների պաշտպանության գործընթացում:

«Մենք կարևորում ենք Արևելքի քրիստոնյաների պաշտպանության հարցը, որովհետև մենք միամիտ չենք, մեր աչքերը փակ չեն, և կարծում ենք, որ այսօր առկա են Հայաստանին սպառնացող որոշ վտանգներ, բայց այդ վտանգները կախված են նաև Ֆրանսիայի և Եվրոպայի վրա», - շեշտեց Վալերի Պեկրեսը:

Իսկ ընդհանուր առմամբ իր այցը Վալերի Պեկրեսը նվիրում է Հայաստանի այսօրվա ու վաղվա երիտասարդությանը, հատկապես՝ վերջին պատերազմում զոհված հիմնականում երիտասարդ տղաներին և արցախահայ շուրջ 80 հազար տեղահանվածներին. «Երիտասարդությունն է այս երկրի ապագան, և շատ կարևոր է, որ նրանք ապրեն ու բարգավաճեն հենց իրենց երկրում՝ ձեր հողի վրա: Գիտեմ, որ արտագաղթը շատ մտահոգիչ խնդիր է այսօր ձեր երկրում, սակայն Հայաստանը շատ տոկուն, դիմակայուն երկիր է, դիմակայուն են նրա ժողովրդավարական համակարգը, և այս տարվա ժողովրդավարական ընտրությունները ևս մեկ անգամ վերահաստատեցին այս փաստը»:

Այդ առումով ֆրանսիացի գործիչը անհրաժեշտ է համարում, որ Ֆրանսիան ու Եվրոպան օգնեն Հայաստանին բոլոր այդ գործընթացներում, և հենց այդ պատճառով է, որ, ըստ նրա, Ֆրանսիան պետք է ավելի շատ զբաղվի Հայաստանում կրթության ու մշակույթի ոլորտում գործընկերության զարգացմամբ, այդ թվում՝ Հայաստանում ֆրանսիական ինստիտուտ հիմնելով:

«Նաև պետք է զարգացնենք ու խորացնենք համագործակցությունը կրթության, ֆրանկոֆոնիայի, առողջապահության, մշակույթի, տնտեսական զարգացման ոլորտում: Իհարկե, կարևոր են նաև առևտրային փոխհարաբերությունները», - ասաց Վալերի Պեկրեսը:

Իր այցելության շրջանակներում Իլ դը Ֆրանսի ղեկավարը հանդիպումներ է ունեցել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի և արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ:

Իր մեկնությամբ՝ այդ հանդիպումների ընթացքում իրենք խոսել են 2020-ի 44-օրյա պատերազմի և հետպատերազմական իրավիճակի մասին: Այդ համատեքստում նա կոչ արեց Բաքվին անվերապահորեն վերադարձնել Ադրբեջանում պահվող 51 հայ գերիներին, ինչպես նաև շեշտեց, որ Ադրբեջանի և Թուրքիայի նախաձեռնությամբ 2020 թվականին Հայաստանի դեմ իրականացված ագրեսիան կարևոր նախազգուշացում էր Եվրոպայի համար:

«Կարծում եմ՝ այն, ինչ պատահեց Հայաստանում, կարևոր նախազգուշացում էր Եվրոպայի համար, և շատ սխալ կլիներ մեր կողմից թերագնահատել դրա կարևորությունը և մտածել, որ այդ ամենը, ինչ կատարվեց այստեղ, մեզ չի սպառնում, որովհետև Եվրոպայի պատմությունը լի է դասերով, որ վտանգները գլուխ են բարձրացրել այն ժամանակ, երբ դրանք թերագնահատվել են», - շեշտեց Վալերի Պեկրեսը:

Ֆրանսիական պատվիրակության ղեկավարը նաև ճաշել է նախագահ Արմեն Սարգսյանի հետ և նրա հետ քննարկել արհեստական բանականության ոլորտում հիմնադրամ ստեղծելու ծրագիրը: Հաշվի առնելով, որ Հայաստանը շատ մեծ գիտական ներուժ ունի մաթեմատիկայի և ինֆորմատիկայի բնագավառում՝ Պեկրեսը կարծում է, որ կարելի է այդ ոլորտին առնչվող շատ հզոր մի բան կառուցել Երևանում՝ ներգրավելով Ֆրանսիական համալսարանին:

Իլ դը Ֆրանսի ղեկավարը նաև տեղեկացրեց, որ Տավուշում բացվելու է գյուղատնտեսական լիցեյ, որը կրելու է Պատրիկ Դևեջյանի անունը:

Վալերի Պեկրեսը Փարիզ քաղաքը և նրա անմիջական արվարձաններն ընդգրկող Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի նախագահն է 2018 թ. դեկտեմբերի 18-ից: Մինչ այդ նա տարբեր բարձր պաշտոններ է զբաղեցրել Ֆրանսիայում: Լինելով «Հանրապետականներ» ցենտրիստական կուսակցության անդամ՝ 2002-2007 թթ. և 2012-2016 թթ. ընտրվել է Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր: 2007-2011 թթ. Պեկրեսը Ֆրանսուա Ֆիյոնի կառավարությունում զբաղեցրել է Բարձրագույն կրթության և հետազոտությունների նախարարի պաշտոնը, իսկ 2011-2012 թթ. եղել է Բյուջեի նախարարը և կառավարության խոսնակը:

2021 թ. հուլիսին Վալերի Պեկրեսը հայտարարել է 2022 թ. ապրիլին կայանալիք Ֆրանսիայի նախագահի ընտրություններին իր թեկնածությունը առաջադրելու մասին: 2021 թ. դեկտեմբերի 4-ին Պեկրեսը Հանրապետականների համաժողովի կողմից առաջադրվել է որպես 2022-ի նախագահական ընտրություններում կուսակցության թեկնածուն:

Ֆրանսիայի Իլ դը Ֆրանս շրջանը երկար տարիներ համագործակցում է Հայաստանի կառավարության և Երևան քաղաքի հետ: 2018 թ. նոյեմբերին, երբ Վալերի Պեկրեսը Երևանի քաղաքապետի հրավերով եկել էր Հայաստան, ստորագրվել է Երևան քաղաքի և Երևանի և Իլ դը Ֆրանս շրջանի համագործակցության համաձայնագրի 2018-2021 թթ. ճանապարհային քարտեզը, ըստ որի փորձի փոխանակման ծրագրեր կիրականացվեն աղբահանության կազմակերպման, քաղաքային տրանսպորտի կառավարման, քաղաքային պլանավորման, ստարտափ ծրագրերի միջև կապերի խորացման, մշակույթի, կրթության և այլ ոլորտներում:

2020 թ. 44-օրյա պատերազմից հետո Իլ դը Ֆրանսի շրջանային խորհուրդը Արցախի Հանրապետության ճանաչման մասին բանաձև է ընդունել, ինչպես նաև 75 հազար եվրո օգնություն է հատկացրել պատերազմի հետևանքով տեղահանված հայ բնակչության կարիքները հոգալու համար։

 

Արամ Սարգսյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am