Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

Կրթօջախները, տեղական կառույցները դժվարությունների առաջ են. Լիբանանում ճգնաժամի ազդեցությունը հայ համայնքի վրա

Կրթօջախները, տեղական կառույցները դժվարությունների առաջ են. Լիբանանում 
ճգնաժամի ազդեցությունը հայ համայնքի վրա

ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբանանում դեռ սոցիալական, տնտեսական  ծանր վիճակը պահպանվում է, երկիրը շարունակվում է ֆինանսատնտեսական պաշարման մեջ մնալ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը՝ ներկայացնելով երկրում տիրող իրավիճակը:

«Երկրում սոցիալական, տնտեսական ծանր պայմաններ են:Թանկացումներն ամենուր են: Առաջին անհրաժեշտության ապրանքներ կան, սակայն գները մատչելի չեն ու դա հանգեցնում է ճգնաժամի: Գործազրկությունը, սղաճը, լիբանանյան արժույթի կտրուկ անկումը լուրջ խնդիրներ է ստեղծել: Այս ամենն իր ազդեցությունն է թողել նաև հայ համայնքի վրա: Համայնքի օրակարգն ամբողջությամբ փոխվել է: Առաջնահերթություն է դարձել կարիքավորներին օգնելը»,-ասաց Շահան Գանտահարյանը:

Կաթողիկոսությունը, առաջնորդարանը, համայնքում գործող քաղաքական կուսակցությունները, դրանց առընթեր բարեսիրական միությունները փորձում են առավել կարիքավորներին կենսական օժանդակություն տրամադրել: Իրենց աջակցությունն են ցուցաբերում նաև նախկին լիբանանահայերը, որոնք քաղաքացիական պատերազմի ժամանակ հանգրվան են գտել այլ երկրներում: Լիբանանի հայ համայնքի օրակարգում ստեղծված ճգնաժամը հաղթահարելն է, կարիքավորներին աջակցություն ցուցաբերելը, հակաճգնաժամային ծրագրեր իրականացնելը: 

«Այս ամենին գումարվել է նաև համավարակը: Իհարկե, այս պահի դրությամբ բուժհաստատությունները հագեցած չեն, սակայն պետության միջոցները սուղ են, և աջակցման ծրագրերն ընդգրկուն չեն: Այս ամենը հանգեցնում է ծանր վիճակի»,-ասաց Շահան Գանտահարյանը:

Սոցիալական խնդիրներից զատ, Լիբանանի հայ համայնքը կանգնել է տեղական կառույցների, մամուլի, ազգային հաստատությունների գործունեությունը կայուն պահելու դժվարության առաջ: Կա հայկական կրթօջխաները պահելու խնդիր: Սոցիալ-տնտեսական խնդիրներով պայմանավորված՝ ծնողները պարզապես վճարունակ չեն: Շահան Գանտահարյանը նշեց, որ տարբեր երկրներից հայ համայնքի կառույցները ևս փորձում են օժանդակել:

«Մամուլը ևս դժվարության առաջ է կանգնել: Ծնողազուրկ երեխաների հաստատությունը, բուժարաններ պահպանելու դժվարություն կա, իսկ ֆինանսական միջոցները բացակայում են»,-հավելեց Շահան Գանտահարյանը:

Հասարակության շրջանում ճգնաժամը հանգեցրել է դժգոհությունների, որոնք դրսևորվում են բողոքի ակցիաների տեսքով, ինչպես օրինակ, եղավ տարվա սկզբին: Հանրային տրանսպորտի ոլորտը ներկայացնողները եռօրյա ցույց էին անցկացրել՝ պահանջելով վերանայել վառելիքի գները:  Ժամանակ առ ժամանակ լինում են բողոքի ակցիաներ նաև բանկերի, պետական կառույցների դեմ, սակայն դրանք զանգվածային բնույթ չեն կրում:

«Կարծես՝ մարդիկ հուսահատվել են: Մայիսին նախատեսվել են խորհրդարանական ընտրություններ: Կան Լիբանանի համայնքային համակարգը վերափոխելու քաղաքացիական պետության պահանջներ, դա կարծում եմ կտրուկ չի լինելու : Սա արմատավորված համակարգ է և կբերի ցնցումների: Պիտի լինի համաձայնեցված, փուլային տարբերակով: Շուտով Լիբանանը այս պայմաններում մտնում է ընտրարշավային հանգրվան»,-ասաց Շահան Գանտահարյանը:

Հարցին, թե արդյոք լիբանանահայերի շրջանում երկրից դուրս գալու տրամադրություններ կան, Շահան Գանտահարյանը նշեց, որ նման միտում կա, պարզապես մարդիկ իրենց բանկային միջոցներից օգտվելու հնարավորությունից զրկվել են, սառեցվել են գումարները: Դա տեղաշարժվելու հիմնական խոչընդոտն է: Նրա խոսքով, երկրից դուրս գալու համատեքստում հեռանկարային առումով շատերը դիտարկում են նաև Հայաստանը:

Աննա Գզիրյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am