Երևանում՝ 11:07,   29 Ապրիլ 2024

Հայաստանում գիտության, արհեստական բանականության զարգացում. ինչ նպատակներ է դրել FAST-ը

Հայաստանում գիտության, արհեստական բանականության զարգացում. ինչ 
նպատակներ է դրել FAST-ը

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST)  նպատակ է դրել 5 տարվա ընթացքում 62 երկրից բաղկացած արհեստական բանականության ինդեքսում Հայաստանը ներառել առաջատար խմբում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց FAST-ի հիմնադիր տնօրեն Արմեն Օրուջյանը ԶԼՄ ներկայացուցիչների հետ հիմնադրամի կազմակերպած «Հայաստանի գիտության և նորարարական  էկոհամակարգի զարգացման հեռանկարները» թեմայով հանդիպում-քննարկմանը:

Օրուջյանի խոսքով՝ երբ սկսել են իրենց գործունեությունը, առաքելությունն է եղել էկոհամակարգ ստեղծել և ներդրում անել գիտության մեջ: Սակայն հետո հասկացել են, որ հաջողության հասնելու համար պետք է մի փոքր այլ մոտեցում ունենալ, և սկսել են դիտարկել արհեստական բանականությունը: «Կա արհեստական բանականության ինդեքս, որը բաղկացած է 62 երկրից: Երբ դիտարկում էինք արհեստական բանականությունը 2020-2021 թթ, Հայաստանը դեռևս այդ ինդեքսում չկար: Ներկայում Հայաստանը 57-րդն է, երկու տարի առաջ ընդհանրապես չկար»,-ասաց Օրուջյանը:

Նա շեշտեց՝ արհեստական բանականությունն այն գիտական ոլորտն է, որը հիմնված  չէ միայն միլիարդներ ծախսելու վրա: Արհեստական բանականության համար օրինակ ենթակառուցվածքների վրա շատ ծախս պետք չէ անել: «Սրա մեջ շատ ներդրում անելու կարիք չկա, որը կարևոր է Հայաստանի պես սահմանափակ ռեսուրսներ ունեցող երկրի համար»,-ասաց Օրուջյանը:

 FAST- ի նպատակն է Հայաստանին 5 տարվա ընթացքում այդ ինդեքսում Rising star խմբում ներառել, որում այսօր, օրինակ, Ֆինլանդիան, Շվեդիան են: Դրա համար լուրջ աշխատանքի կարիք են տեսնում: «Հեքիաթների մեջ չապրելը շատ կարևոր է»,-շեշտեց Օրուջյանը:

Օրուջյանը մեծապես կարևորեց տաղանդների ներգրավումը: «Դրա համար կրթությունն ամենաառաջնային խնդիրն է: Ամեն ինչի հիմնաքարը կրթությունն է: Ինչպե՞ս ենք կարողանալու գիտությունը զարգացնել, եթե չունենանք այդ կրթված մարդկանց: Սա առաջին քայլն է»,-ասաց  նա՝ հավելելով, որ հիմնադրամը գիտության և տեխնոլոգիաների է, սակայն հիմնական շեշտադրումը դրված է կրթության վրա:

Արհեստական բանականությունը, սակայն միակ ոլորտը չէ, որի հետ կապված հիմնադրամն աջակցություն է տրամադրում: Հիմնադրամը շատ հետազոտություններ է իրականացնում, հետազոտողների թիմը փորձում է հասկանալ, թե Հայաստանը որտե՞ղ է գտնվում, ի՞նչ վիճակում է, աշխարհն ո՞ւր է գնում նորարարության տեսակետից, որտեղ ինչ նոր հնարավորություններ են բացվում և ապագային միտված պլանավորում է անում: «Այս ամենն անում ենք, որ հասկանանք, թե կոնկրետ ինչ լուծումներ կարելի է տալ, լավագույն փորձը բերել Հայաստան: Այդ առումով 50-ից ավելի ծրագրերի կոնցեպտներ ենք մշակել, որ փորձենք հասկանալ, թե ինչ ծրագրեր է կարելի իրականացնել: 31 ծրագիր է իրականացվել, որից 10-ը ընթացիկ է, ընդգրկվել են 6000 շահառուներ»,-ասաց FAST-ի Ռազմավարական ծրագրերի գծով փոխնախագահ Սյուզաննա Շամախյանը:

Կրթության հետ կապված հիմնադրամը շատ ծրագրեր է իրականացնում, որպեսզի չբախվեն լավ մասնագետների պակասի խնդրին: FAST-ն իրականացնում է գիտական գործունեության աջակցության ծրագրեր, աջակցություն ստարտափերին, որոնք ունեն նորարարության էլեմենտ: Կան նաև միջազգային կամուրջներ ստեղծելուն ուղղված ծրագրեր: «Ինչքան շատ տարբեր շուկաների և աշխարհագրությունների հետ կապված լինենք, այնքան ավելի լավ: Այդ առումով մենք միայն Արևմուտք չենք նայում, նայում ենք նաև Ասիա, Աֆրիկա, որոնք շատ-շատ մեծ շուկաներ են»,-ասաց Շամախյանը:

FAST-ի Հետազոտական առաջխաղացման ծրագրերի ղեկավար Վերոնիկա Աղաջանյանն էլ նկատեց՝ ֆինանսավորման խնդիրը կարևոր է, գիտության զարգացմանը հատկացվող բյուջեն նվազել է: Սակայն անցյալ տարվանից հայտարարվել է, որ գիտության ֆինանսավորումը էականորեն կավելանա: Աղաջանյանը շեշտեց, որ, այնուամենայնիվ, խնդիրը միայն ֆինանսավորումը չէ:

«Գիտական էկոհամակարգում գլխավոր խնդիրներից մեկն այն է, որ ակտիվ գիտնականների քանակը շատ քիչ է»,-ասաց Աղաջանյանը՝ նկատելով, որ, սակայն դա միշտ չէ այդպես եղել, ԽՍՀՄ ժամանակ հայկական գիտությունը շատ ավելի լուրջ արդյունքներ է տվել:

FAST-ն այս ուղղությամբ աջակցության տարբեր ծրագրեր է իրականացնում: 

 

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am