Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

ՀՀ ՄԻՊ-ը և ԿԽՄԿ-ի պատվիրակության ղեկավարը քննարկել են Ադրբեջանից հայ գերիների վերադարձին առնչվող հարցեր

ՀՀ ՄԻՊ-ը և ԿԽՄԿ-ի պատվիրակության ղեկավարը քննարկել են Ադրբեջանից հայ գերիների վերադարձին առնչվող հարցեր

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն այսօր ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, հանդիպմանը քննարկվել են Ադրբեջանում գերության մեջ գտնվող հայկական կողմի զինծառայողների ու քաղաքացիական անձանց իրավունքներին և վերադարձի գործընթացին առնչվող հարցեր։ Մասնավորապես, Թիերի Ռիբոն անդրադարձել է Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց հետ տարվող աշխատանքներին, ներառյալ ինչպես 2020 թվականի պատերազմից առաջ, այնպես էլ դրանից հետո անհետ կորած անձանց առնչությամբ իրականացվող աշխատանքներին:

«ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարը ներկայացրել է նաև 44-օրյա պատերազմից հետո ԿԽՄԿ մանդատի շրջանակում Արցախում իրականացվող ծրագրերը:

Իր հերթին Պաշտպանը պատվիրակության ղեկավարին է ներկայացրել նախորդ շաբաթ Արցախ կատարված այցի ընթացքում արձանագրած փաստերն ու հետևությունները: Պաշտպանը նշել է, որ հատկապես մտահոգիչ է համարում շփման գծին կամ ադրբեջանական հենակետերին մոտ տեղակայված գյուղերի բնակչության բնականոն կյանքը խաթարելուն միտված ադրբեջանական զինված ուժերի սադրանքները՝ վկայակոչելով Խրամորթում և Նորշենում տեղի ունեցած դեպքերը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ Պաշտպանի դիրքորոշմամբ՝ սա շարունակվող, կազմակերպված և մեկ կետից կառավարվող քաղաքականության արդյունք է: Նման քաղաքականության ապացույց է նաև երկու հայ ռազմագերիների՝ Իշխան Սարգսյանի և Վլադիմիր Ռաֆայելյանի նկատմամբ հարուցված դատավարությունները, ովքեր դատապարտվել են, համապատասխանաբար, 19 և 18 տարի ազատազրկման: Պաշտպանը նշել է, որ դրանք արհեստական դատավարություններ են, ինչը Ժնևյան կոնվենցիայի  կոպիտ խախտում է:

Նշվում է, որ հանդիպման ավարտին կողմերը բարձր են գնահատել Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության և ՄԻՊ հաստատության միջև համագործակցության դերը մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքների պաշտպանության հարցում՝ վերահաստատելով համագործակցելու իրենց պատրաստակամությունը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am