Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Մինչև 1 մլն դրամի ապրանք արտահանելու դեպքում մաքսատուրք չի վճարվի. ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց նախագծին

Մինչև 1 մլն դրամի ապրանք արտահանելու դեպքում մաքսատուրք չի վճարվի. ԱԺ 
հանձնաժողովը հավանություն տվեց նախագծին

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն տվեց կառավարության ներկայացրած օրենքի նախագծին, որը նպատակ ունի Հայաստանից փոքր արտահանողների համար հնարավոր խոչընդոտները վերացնել, մինչև 1 մլն դրամի ապրանքներ արտահանելու դեպքում մաքսավճար չգանձել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը ԱԺ հանձնաժողովի նիստում ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

Ի թիվս այլ փոփոխությունների՝ նախագծով սահմանվում է, որ պետական տուրքից ազատվում են մեկ առաքողից մեկ ստացողին մեկ տրանսպորտային փաստաթղթով ՀՀ սահմանով տեղափոխվող (բացառությամբ՝ արտահանվող, այդ թվում՝ ԵԱՏՄ անդամ երկիր)՝ ընդհանուր մաքսային արժեքը 200 եվրոյին համարժեք գումարը չգերազանցող ապրանքները, մեկ առաքողից մեկ ստացողին մեկ տրանսպորտային փաստաթղթով ՀՀ սահմանով արտահանվող, այդ թվում՝ ԵԱՏՄ անդամ երկիր՝ ընդհանուր մաքսային արժեքը 1 միլիոն ՀՀ դրամը չգերազանցող ապրանքները և այլն:

Նախարարի խոսքով՝ նախագծի աշխատանքային անվանումը նախարարությունում Volterman-ի նախագիծ է:

«Դա կապված է Volterman դրամապանակների հետ, քանի որ այդ փոփոխությունը առաջարկվել է հենց իրենց կողմից: Այս և բազմաթիվ այլ ընկերություններ ինտերնետով ապրանք վաճառելիս և Հայաստանից ապրանք արտահանելիս բախվում են այն խնդրին, որ նույնիսկ շատ փոքր գումարի ապրանքների արտահանման ժամանակ ստիպված մաքսավճար են վճարում, որը որոշ դեպքերում կարող է նույնիսկ գերազանցել ապրանքի արժեքը, և զբաղեցնում է շատ ժամանակ: Օրինակ, Volterman դրամապանակները, որոնց միջին արժեքը համարժեք է 250 դոլարին, մի քանի օր է տևում, մինչև մաքսային ձևակերպումներն անցկացնեն: Ըստ էության՝ Հայաստանից բիզնես անելն աշխարհում և մանրածախ վաճառք իրականացնելը պրոբլեմատիկ է: Ուստի, առաջարկեցինք, և Կառավարությունն էլ պաշտպանեց այն տեսակետը, որ մինչև 1 մլն դրամ գումարի ապրանքների արտահանման ժամանակ ոչ մի մաքսավճար չվճարվի»,-ասաց նախարարը:

Այս փոփոխության արդյունքում պետբյուջեի եկամուտներից շուրջ 100 մլն դրամի նվազում կլինի, բյուջեի վրա կունենա բացասական ազդեցություն, սակայն, նախարարի խոսքով, այս արգելքը վերացնելով՝ էապես կլավացնեն Հայաստանից փոքր արտահանումների ծավալը:

Քերոբյանը, պատասխանելով հնարավոր ռիսկի վերաբերյալ հարցին, ասաց՝ բացարձակ անտրամաբանական է համարում, որ որևէ մեկը, երբ պետք է արտահանի 1.5 մլն դրամի ապրանք, մի բեռնափոխադրման փաստաթուղթը դարձնի 2 բեռնափոխադրման, մի ստացողին դարձնի երկու, երկու անգամ անի բոլոր գործողությունները, որ մի քանի հազար դրամ գումար խնայի: Փոփոխությունը բացառապես ուղղված է փոքր արտահանողների համար արգելքը վերացնելուն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am