Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   1 Հուլիս 2022

Կարեւորում եմ սահմանադրական բարեփոխումների գործընթացում քաղաքական գործոնի գերակայությունը բացառելը. Անահիտ Մանասյանի հարցազրույցը

Կարեւորում եմ սահմանադրական բարեփոխումների գործընթացում քաղաքական 
գործոնի գերակայությունը բացառելը. Անահիտ Մանասյանի հարցազրույցը

ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սահմանադրության տեքստում փոփոխությունները չեն կարող կատարվել զուտ առանձին քաղաքական ուժերի քաղաքական շահերից կամ նախասիրություններից ելնելով, ուստի չափազանց կարեւոր է Սահմանադրության եւ սահմանադրական բարեփոխումների գործընթացի շրջանակներում քաղաքական գործոնի գերակայությունը բացառելը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Անահիտ Մանասյանը, ում ամբողջ մասնագիտական գործունեության առանցքն են եղել սահմանադրական կայունությանն ու զարգացումներին, Սահմանադրության տեքստային փոփոխություններին, կայուն ժողովրդավարությանը, սահմանադրական արդարադատությանն առնչվող եւ սահմանադրական իրավունքին վերաբերելի այլ հարցերը։

Անահիտ Մանասյանը դասական կառավարման ձևերի, մասնավորապես նախագահական կամ խորհրդարանական կառավարման ձևերի կողմնակից է, սակայն կարծում է, որ կառավարման մեխանիզմների կատարելագործման առումով առաջնահերթ նշանակություն ունի ոչ թե կոնկրետ մոդելի ընտրությունը, այլ այդ համատեքստում իշխանությունների բաժանման ու հավասարակշռման պրոֆեսիոնալ եւ պատշաճ մեխանիզմների ամրագրումը:

Իրավաբանական գիտությունների թեկնածուն ընդգծում է`սահմանադրության տեքստում յուրաքանչյուր փոփոխությունից առաջ հարկ է գնահատել եւ համադրել հետեւյալ գործոնները՝ հստակ վերհանել առկա խնդիրները, առաջարկել դրանց համար լուծումներ, գնահատել բացահայտված խնդիրների եւ առաջարկված լուծումների միջեւ պատճառահետեւանքային կապի առկայությունը, գնահատել առաջարկված լուծումների հնարավոր ռիսկերը, իրականացնել բոլոր վերաբերելի բնագավառների տեսանկյունից խնդիրների եւ լուծումների վերլուծություն։

-Տիկին Մանասյան, դուք ընտրվել եք սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ: Ինչո՞ւ որոշեցիք ընդգրկվել այս հանձնաժողովում: Ինչպե՞ս եք գնահատում նման կառուցվածքով հանձնաժողովի ստեղծումը:

-Հանձնաժողովում ընդգրկվելու որոշումս շատ պարզ պատճառաբանություն ունի՝ իմ ամբողջ մասնագիտական գործունեության առանցքն են եղել սահմանադրական կայունությանն ու զարգացումներին, Սահմանադրության տեքստային փոփոխություններին, կայուն ժողովրդավարությանը, սահմանադրական արդարադատությանն առնչվող եւ սահմանադրական իրավունքին վերաբերելի այլ հարցերը։ Այն մասնագետներից եմ, ում համար Սահմանադրությունն ու սահմանադրագիտությունը ոչ թե հարակից գործունեության ոլորտ են, այլ մասնագիտական կյանքի առանցքային ուղղություն։ Նշված ոլորտում մշտապես զբաղվել եմ ակտիվ տեսական եւ պրակտիկ գործունեությամբ, միջազգային փորձագիտական աշխատանքով։ Հեղինակ և համահեղինակ եմ սահմանադրական իրավունքի տարատեսակ հիմնախնդիրներին առնչվող 8 տասնյակից ավելի գիտական աշխատությունների, որոնք հրատարակվել են հայաստանյան և միջազգային հեղինակավոր հրատարակչությունների կողմից (այդ թվում՝ Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Լեհաստանում, Լիտվայում, Լատվիայում, Բոսնիա և Հերցեգովինայում, Ռուսաստանում, Ուկրաինայում, Մոլդովայում, Բելառուսում): Ընդ որում՝ նշված աշխատանքներիցս շատերը ներառված են միջազգային գիտահետազոտական ամենահայտնի շտեմարաններում և որոնողական համակարգերում։ Մասնագիտական գործունեության առումով անչափ կարեւորում եմ առավելագույն մակարդակի պրոֆեսիոնալիզմն ու ոլորտային գործունեության շարունակականությունը։ Հետեւաբար, բնական է, որ իմ նեղ մասնագիտական ոլորտին առնչվող գործընթացների համատեքստում չեմ կարող զուտ դիտորդի դերակատարություն ունենալ։ Ես Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ, մարդ, ով ուզում է ապրել իր հայրենիքում, մշտապես փորձել եմ զարգացնել իմ բնագավառը Հայաստանում եւ այն ներկայանալի դարձնել արտաքին աշխարհի համար։ Ուստի չեմ կարող առնվազն չփորձել պրոֆեսիոնալ դերակատարություն ունենալ իմ նեղ մասնագիտական ոլորտին առնչվող գործընթացները սահմանադրական արժեքներին ու սկզբունքներին համապատասխան իրականացնելու առումով, առավել եւս այն պայմաններում, երբ այլ պետությունների համար պարբերաբար միջազգային փորձագիտական աշխատանք եմ իրականացնում իրավական ոլորտի բարեփոխումների շրջանակներում։ Ընդգծեմ նաեւ, որ երբեւէ չեմ զբաղվել ու չեմ զբաղվում քաղաքական գործունեությամբ, մասնագիտական ոլորտում անաչառության, անկախության, պրոֆեսիոնալիզմի տեսանկյունից մշտապես կարեւորել եմ քաղաքական չեզոքությունն ու զսպվածությունը։ Այդ հանգամանքն ինձ համար առաջնահերթ է նաեւ սահմանադրական բարեփոխումների այս գործընթացի շրջանակներում։ Բազմիցս եմ նշել, որ Սահմանադրության տեքստում փոփոխությունները չեն կարող կատարվել զուտ առանձին քաղաքական ուժի/ուժերի քաղաքական շահերից կամ նախասիրություններից ելնելով, ուստի չափազանց կարեւորում եմ Սահմանադրության եւ սահմանադրական բարեփոխումների գործընթացի շրջանակներում քաղաքական գործոնի գերակայությունը բացառելը։ Ավելին, առանցքային եմ համարում սահմանադրական փոփոխությունների առնչությամբ հանրային ու քաղաքական ակնկալիքի եւ մասնագիտական լուծումների հնարավորությունների միջև պատշաճ հավասարակշռություն գտնելը՝ այդ համատեքստում սահմանադրական արժեքներն ու սկզբունքները պահպանելով։ Չեմ կարող չփորձել օգտագործել իմ փորձն ու գիտելիքները՝ վերը նշված չափանիշների պահպանումը երաշխավորելու, իմ հայրենիքում սահմանադրական բարեփոխումների գործընթացը պատշաճ մակարդակով եւ ժամանակակից աշխարհում ընդունված չափանիշներին ու սկզբունքներին համապատասխան իրականացնելու նպատակով։

Անդրադառնալով հարցի երկրորդ մասին՝ նշեմ, որ էթիկական տեսանկյունից ճիշտ չեմ համարում գործընկերների մասնագիտական եւ անձնային հատկանիշների վերաբերյալ խոսելը, ուստի ձեռնպահ կմնամ այդ առումով մեկնաբանություններ ներկայացնելուց։

-Արդյոք դուք տեսնում ե՞ք կառավարման համակարգի մոդելի փոփոխության կարիք: Կառավարման ո՞ր համակարգի կողմնակիցն եք դուք:

-Դոկտրինալ տեսանկյունից ինքս դասական կառավարման ձևերի, մասնավորապես, նախագահական կամ խորհրդարանական կառավարման ձևերի կողմնակից եմ: Պատճառն այն է, որ ի տարբերություն խառը կառավարման մոդելների՝ դասական ձևերի պարագայում առկա է իշխանությունների հստակ բաժանում և հավասարակշռում, չկա գործադիր իշխանության ղեկավարման դուալիզմ, գործադիր իշխանության մարմինների ու ղեկավարի լիազորություններն ու քաղաքական պատասխանատվությունը հավասարակշռված են։ Միևնույն ժամանակ, չեմ կարծում, որ պետության կառավարման մոդելն ընտրելիս դոկտրինալ գործոնը պետք է լինի որոշման կայացման համար անհրաժեշտ միակ դիտանկյունը։ Բազմիցս եմ նշել, որ Հայաստանի Հանրապետությունում առկա իշխանությունների բաժանման եւ հավասարակշռման առանձին մեխանիզմներ ունեն կատարելագործման անհրաժեշտություն։ Սակայն վստահ չեմ, որ այդ ամենի հիմքում ընկած է կառավարման այս կամ այն մոդելի անկենսունակ լինելու հանգամանքը։ Ընդհանրապես կառավարման ձեւերի վերաբերյալ խոսելիս մեր հասարակական համակարգում հաճախ ենք առաջնորդվում միֆային պատկերացումներով՝ օրինակ՝ կառավարման խորհրդարանական համակարգում խորհրդարանի, իսկ նախագահական համակարգում նախագահի առաջնային դերակատարություն ունենալու եւ այլ ընկալումներով։ Մինչդեռ մասնագիտական դիտանկյունից նշված ընկալումները ոչ միշտ են ամբողջական եւ հստակ։ Օրինակ՝ նախագահական կառավարման համակարգում խորհրդարանն ունի խորհրդարանական վերահսկողության լրջագույն մեխանիզմներ, իսկ ժամանակակից խորհրդարանական կառավարման ձեւ ունեցող պետություններից մեզ հայտնի են գործադիր իշխանության՝ լուրջ հեղինակություն վայելող բազմաթիվ ղեկավարներ եւ այլն։ Կառավարման մոդելների ու դրանց ժամանակակից ընկալումների մասին կարելի է շատ երկար խոսել։ Սակայն այս համատեքստում պարզապես արձանագրեմ, որ կառավարման որեւէ մոդելի պայմաններում չի փոխվում իշխանության ճյուղերից յուրաքանչյուրի գործառութային ոլորտը՝ օրենսդիր իշխանությունը բոլոր դեպքերում իրականացնում է խորհրդարանը՝ ունենալով խորհրդարանական վերահսկողության համապատասխան մեխանիզմներ, գործադիր կամ դատական գործառույթներն, իրենց հերթին, չեն փոխանցվում իշխանության մի ճյուղից մյուսին։ Իհարկե, կառավարման տարբեր մոդելների համատեքստում առկա են իշխանությունների բաժանման ու հավասարակշռման մեխանիզմների առանձնահատկություններ։ Այդ ամենի հետ մեկտեղ հարկ է արձանագրել, որ իրավական կոնվերգենցիայի ժամանակակից գործընթացների արդյունքում նույնիսկ կառավարման մոդելներն են միմյանցից փոխառել նախկինում իրենց ոչ բնորոշ մեխանիզմներ, եւ այդ առումով շատ դեպքերում նկատելի է վերջիններիս մերձեցում։ Ուստի կարծում եմ, որ կառավարման մեխանիզմների կատարելագործման առումով առաջնահերթ նշանակություն ունի ոչ թե կոնկրետ մոդելի ընտրությունը, այլ այդ համատեքստում իշխանությունների բաժանման ու հավասարակշռման պրոֆեսիոնալ եւ պատշաճ մեխանիզմների ամրագրումը։ Ավելին, հարկ է նկատի ունենալ, որ կառավարման ցանկացած մոդելի եւ վերջինիս շրջանակներում առկա ցանկացած մեխանիզմի կայացման հիմքում առաջին հերթին ընկած է համապատասխան ավանդույթների ձեւավորման անհրաժեշտությունը, ինչը հնարավոր չէ իրականացնել անընդհատ բնույթ կրող փոփոխությունների պայմաններում։ Քննարկվող հիմնախնդրի առումով մասնագիտական տեսանկյունից կարեւոր է նաեւ իշխանության յուրաքանչյուր ճյուղի գործառույթների հստակությունը, գործադիր իշխանության ղեկավարման դուալիզմի բացառումը եւ այլն։ Հետեւաբար, կառավարման մոդելի կայացման առումով առաջնահերթ նշանակություն է ձեռք բերում այդ բնագավառում համապատասխան ավանդույթների ձեւավորումը, ինչն, իհարկե, կարող է զուգորդվել իշխանությունների բաժանման եւ հավասարակշռման առանձին մեխանիզմների կատարելագործմամբ։ Միեւնույն ժամանակ, կարծում եմ, որ վերջին հանգամանքը պարտադիր չէ պայմանավորել կառավարման ձեւի փոփոխության գործոնով։

Ինչ վերաբերում է կառավարման ձեւի փոփոխության անհրաժեշտության առնչությամբ առկա գաղափարներին, չափազանց կարեւորում եմ դրանց հիմքում ընկած հիմնավորումների առնչությամբ ամբողջական տեղեկատվության ներկայացումը, քանզի նման անհրաժեշտության մասին վերջնական եզրահանգման կարելի է գալ բացառապես նշված պատճառների, առկա խնդիրների եւ կառավարման ձեւի փոփոխության արդյունքում այդ խնդիրների լուծման հնարավորությունների միջեւ պատճառահետեւանքային հստակ կապի արձանագրման պայմաններում։

-Կա՞ն արդյոք պատկերացումներ, թե Սահմանադրության որ հոդվածներում կամ գլուխներում են անհրաժեշտ բարեփոխումներ:

- Նկատի ունենալով այն, որ սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը դեռ չի սկսել իր բուն գործունեությունը, այս փուլում դեռ վաղ է խոսել սահմանադրական բարեփոխումների կոնկրետ ուղղությունների մասին։ 

Բնականաբար, ինքս ունեմ իմ անձնական մոտեցումները սահմանադրական առանձին կարգավորումների կատարելագործման անհրաժեշտությամբ։ Դրանց մասին պատշաճ մանրամասնությամբ կխոսեմ առաջիկա գործընթացների շրջանակներում։

Միեւնույն ժամանակ, հիշյալ համատեքստում կուզենայի ընդգծել այն չափանիշները, որոնց պետք է համապատասխանի սահմանադրական բարեփոխումների ցանկացած գործընթաց։ Առաջին հերթին նշված գործընթացը պետք է կազմակերպվի պրոֆեսիոնալիզմի ամենաբարձր մակարդակով։ Խոսքը իրավական, քաղաքական, հոգեբանական, սոցիոլոգիական եւ այլ վերաբերելի բնագավառներում առկա պրոֆեսիոնալ չափանիշները գործընթացի հիմքում դնելու եւ բարեփոխման արդյունքը դրան համապատասխան ձեւակերպելու մասին է։ Հաջորդ կարեւոր հանգամանքն այն է, որ Սահմանադրության տեքստում յուրաքանչյուր փոփոխությունից առաջ հարկ է գնահատել և համադրել հետեւյալ գործոնները՝ հստակ վերհանել առկա խնդիրները, առաջարկել դրանց համար լուծումներ, գնահատել բացահայտված խնդիրների և առաջարկված լուծումների միջեւ պատճառահետեւանքային կապի առկայությունը, գնահատել առաջարկված լուծումների հնարավոր ռիսկերը, իրականացնել բոլոր վերաբերելի բնագավառների տեսանկյունից խնդիրների և լուծումների վերլուծություն։ Ավելին, նույնիսկ նշված գործոնների համադրման արդյունքում հարկ է նկատի ունենալ Սահմանադրության զարգացման այլընտրանքային եղանակների պատշաճ իրացման և սահմանադրական ավանդույթների զարգացման բացառիկ կարեւորությունը։ Առանցքային է նաև սահմանադրական բարեփոխման գործընթացի ընթացքում հանրության հետ ճիշտ կոմունիկացումն ու  հանրային համերաշխության մթնոլորտի ձևավորումը, որպիսի պայմաններում է միայն հնարավոր ունենալ սահմանադրական զարգացման հաջողված ընթացք։     

Միևնույն ժամանակ, կարևոր եմ համարում արձանագրել, որ Սահմանադրության տեքստային փոփոխություններին զուգահեռ անհրաժեշտ է իրականացնել նշված ոլորտում իրավական կրթությանն առնչվող բարեփոխումներ, առանց որոնց սահմանադրական զարգացման որեւէ գործընթաց գործնական եւ դոկտրինալ դերակատարության տեսանկյունից չի կարող հաջողված լինել։  

-Գործող Սահմանադրության մեջ ի՞նչ բացեր եք տեսնում, որոնք կարող են առաջացնել ճգնաժամային իրավիճակներ, այդ ուղղություններով ի՞նչ լուծումներ են տրվելու: Կարող ե՞ք մի քանի օրինակ բերել:

-Արդեն նշեցի, որ սահմանադրական առանձին կարգավորումների կատարելագործման անհրաժեշտության առնչությամբ բավարար մանրամասնությամբ կխոսեմ առաջիկա գործընթացների շրջանակներում։ Հիշյալ համատեքստում, որպես օրինակ, պարզապես նշեմ, որ կարելի է առնվազն քննարկման առարկա դարձնել խորհրդարանի ինքնալուծարման կառուցակարգերի ներդրման, Վճռաբեկ դատարանի դատավորների ընտրության, զինված ուժերին առնչվող սահմանադրական կարգավորումների կատարելագործման հարցերը եւ այլն։

-Նախորդ Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը նախնական որոշում էր կայացրել միավորել Սահմանադրական և Վճռաբեկ դատարանները: Դուք նման անհրաժեշտություն տեսնո՞ւմ եք և ի՞նչ դիրքորոշում ունեք այս հարցում:

-Նշված հարցի առնչությամբ տեսակետս արտահայտել եմ դեռ նախորդ տարի՝ հանձնաժողովում քննարկումների, քվեարկության ընթացքում։ Առաջարկվող հայեցակարգային մոտեցման ու դրա հիմքում ընկած հիմնավորումների վերաբերյալ դիրքորոշումս ներկայացրել եմ նաեւ հրապարակային քննարկումների շրջանակներում։ Ամփոփ նշեմ, որ ինձ համար ընդունելի են սահմանադրական արդարադատության բոլոր մոդելները, քանզի դրանք բոլորն էլ առաջարկում են գոյություն ունեցող խնդիրների համարժեք լուծումներ: Միևնույն ժամանակ, ինստիտուտների նման լրջագույն վերափոխումը կարող է հաջողել սոսկ սահմանադրական փոփոխությունների համար անհրաժեշտ կոնկրետ չափանիշները պահպանելու պարագայում, որոնց մասին արդեն խոսեցի նախորդ հարցերի համատեքստում: Քննարկվող հայեցակարգային մոտեցման հիմնավորումները ինձ մոտ չեն ձևավորել այն մասնագիտական տպավորությունը, որ մոդելի փոփոխության անհրաժեշտությունը հիմնավորված է վերոգրյալ չափանիշների պահպանմամբ եւ առկայությամբ։ Մասնավորապես, ներկայացված հայեցակարգում արձանագրված խնդիրների մի մասի առկայության հետ ինքս համամիտ եմ եղել, մյուսների առկայությունը, համենայն դեպս ախտորոշված ձևաչափով, վիճելի եմ համարել։ Միևնույն ժամանակ, արձանագրել եմ, որ նույնիսկ այդ առանձին խնդիրների գոյությունը պայմանավորված է այնպիսի պատճառներով, որոնք որևէ ուղղակի կապի մեջ չեն գտնվում սահմանադրական արդարադատության մոդելների միջեւ ընտրության հանգամանքի հետ։ Բայց առավել կարևոր է այն, որ արձանագրված բոլոր խնդիրներն էլ ունեն իրենց հստակ լուծումները սահմանադրական արդարադատության գործող մոդելի շրջանակներում։ Այդ է հուշում նաեւ Հայաստանյան գործող մոդելին այս կամ այն չափով համարժեք եւ սահմանադրական արդարադատության զարգացած համակարգ ունեցող բազմաթիվ երկրների փորձը։ Հետևաբար, եթե նույնիսկ ախտորոշված առանձին խնդիրներ պահանջում են լուծում, ապա միանշանակ է, որ լուծումներ գտնելու առաջնային հանգամանքը մոդելի փոփոխությունը չէ, քանզի գոյություն ունեցող խնդիրների պատճառներն են բոլորովին այլ հարթություններում։ Նկատի ունենալով այն, որ ինձ համար առաջնային է գոյություն ունեցող խնդիրների ոչ թե հատվածական կամ իրավիճակային լուծումը, այլ դրանց ամբողջական հաղթահարումը, կարեւոր եմ համարում խնդիրների պատճառների ախտորոշումն ու այդ պատճառների վերացումը։ Պատճառների վերացման տեսանկյունից էլ կարեւոր է ընտրվող լուծումների, դրանց պատշաճ իրացման փաստացի հնարավորությունների եւ հնարավոր վտանգների ախտորոշումն ու այս ամենի միջեւ պատշաճ հավասարակշռության արձանագրումը։ Հարկ է նաև նկատի ունենալ, որ սահմանադրական արդարադատության այլ մոդելները ևս ենթադրում են բազմաթիվ խնդրահարույց հարցերի եւ իրավիճակների գոյություն, որոնք նույնպես պետք է դառնան համարժեք քննարկման առարկա եւ գնահատվեն հնարավոր ռիսկերի համատեքստում։ Հետևաբար, թեև Հայաստանում սահմանադրական արդարադատության ինստիտուտն ունի հետագա կատարելագործման կարիք, դա պարտադիր չէ պայմանավորել մոդելի փոփոխության հանգամանքով: Ավելին, նման լրջագույն փոփոխության անհրաժեշտությունը պետք է հիմնավորվի իմ կողմից արդեն իսկ ներկայացված չափանիշների պահպանմամբ եւ առկայությամբ։ Ուստի, հարցը նորից քննարկման առարկա դառնալու պարագայում կարևորում եմ հնարավոր նոր հիմնավորումների ամբողջական ներկայացումն ու վերլուծությունը, ինչն անհրաժեշտ է մոտեցման առնչությամբ պատշաճ դիրքորոշում ձևավորելու առումով:

-Տեսակետներ են հնչում, որ 2015 թվականին նաև կառավարման համակարգի փոփոխությունը բերեց քաղաքական համակարգում անկայունության, հետո նաև քաղաքական փոփոխության հնարավորություն տվեց: Ինչպե՞ս կմեկնաբանեք սա:

-Քաղաքական եւ սահմանադրական համակարգերի կայունությունը պայմանավորված է մի շարք գործոններով՝ իրավական, քաղաքական, սոցիալական, հոգեբանական եւ այլն։ Դրանցից յուրաքանչյուրն ունի իր առանձնահատուկ դերակատարությունը սահմանադրական ու քաղաքական մշակույթի կայացման առումով։ Հետեւաբար, քաղաքական համակարգի անկայունության, քաղաքական ուժերի փոփոխության պատճառների վերաբերյալ եզրահանգումները երբեւէ չեն կարող հիմնվել բացառապես իրավակարգավորումների ու դրանց փոփոխությունների ուսումնասիրության վրա, եւ այդ առումով պատշաճ եզրահանգումներ կատարելու համար անհրաժեշտ է բավարար մանրամասնությամբ հետազոտել վերը նշված բոլոր բնագավառները, համադրել այդ հետազոտությունների արդյունքում ձեռք բերված քանակական ու որակական տվյալները եւ միայն այդ ամենի արդյունքում կատարել ամփոփ եզրահանգում քննարկվող հիմնախնդրի առնչությամբ։   

Հարցազրույցը` Կարեն Խաչատրյանի

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]