Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Շահումով խաղերի ագրեսիվ գովազդներն իրենց ազդեցությունն են թողնում խաղամոլության խնդրի խորացման վրա. մասնագետներ

Շահումով խաղերի ագրեսիվ գովազդներն իրենց ազդեցությունն են թողնում 
խաղամոլության խնդրի խորացման վրա. մասնագետներ

ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունն առաջարկում է սահմանափակել կանխիկ եղանակով և վճարային տերմինալների միջոցով խաղադրույքների կատարումը, իսկ ամիսներ անց նաև՝ էլեկտրոնային դրամապանակների միջոցով օգտահաշիվների լիցքավորումը: Նախատեսվում են սահմանափակումներ նաև շահումով խաղերի գովազդի հետ կապված: Նման քայլերի գնալու պատճառն այն է, որ Հայաստանում խաղադրույքների թիվը մի քանի անգամ աճել է, ինչն անհանգստացնող է: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ առողջապահության նախարարության «Կախվածությունների բուժման ազգային կենտրոն»-ի տնօրեն Սուրեն Նազինյանը նշեց, որ նման մոտեցումները կարևոր են, իրենց ազդեցությունը կթողնեն կանխարգելման համատեքստում:

«Ամենակարևորը պետք է ուշադրություն դարձնել գովազդին: Ի՞նչ իրավիճակ ունենք. լուրեր կարդալիս, ֆիլմեր դիտելիս, սոցիալական ցանցերում իրադարձություններին հետևելիս շահումով խաղերի ագրեսիվ գովազդն է: Անվերահսկելի  գովազդ է դաշտում: Մեր երիտասարդները մեծ մասն անցկացնում են սոցիալական ցանցերում ու խաղերով տարվելու ռիսկը մեծ է: Շատերը պատկերացում չունեն բուքմեյքերական ընկերությունից, բայց այնքան գովազդ է արվում, որ դա չի կարող իր ազդեցությունը չթողնել»,-ասաց Սուրեն Նազինյանը:  

ՀՀ առողջապահության նախարարության հոգեբուժության և բժշկական հոգեբանության գծով խորհրդատու Գևորգ Փաշիկյանը նույնպես այն կարծիքին է, շահումով խաղերի գովազդն իր ազդեցությունը թողնում է: Դրանից բացի, ազդող գործոններն են ընտանիքի դաստիարակությունը, շրջապատը: Մեկ անգամ փորձնական խաղում են ու դրանից հետո հավանականությունը մեծանում է, որ կձևավորվի կախվածություն:

Թե Հայաստանում կոնկրետ քանի մարդ ունի պաթոլոգիական կախվածություն խաղերից, դժվար է ասել, քանի որ չկա հետազոտություն: «Կախվածությունների բուժման ազգային կենտրոն»-ում 2020 թվականին ՀՀ առողջապահության նախարարության աջակցությամբ ներդրվել է սոցիալ հոգեբանական ծառայություն, որի նպատակն էր աջակցություն տրամադրել ինչպես նարկոլոգիական հիվանդություններ ունեցողներին, այնպես էլ խաղերի նկատմամբ պաթոլոգիկ հակումով անձանց: Գևորգ Փաշիկյանի խոսքով՝ ակնհայտ է, որ խնդիրը կա, այն տարածում ունի, սակայն շատերը չեն դիմում մասնագետին:

«Հայաստանում մեր ունեցած շփումները վկայում են, որ խաղամոլության պաթոլոգիկ հակում ունենալու խնդիրը կա, սակայն դիմելիությունը մասնագետներին քիչ է: Հիմնականում դիմում են խնդիր ունեցողների հարազատները խորհուրդ հարցնելու նպատակով: Անձամբ խնդիր ունեցողը հազվադեպ է դիմում: 2020 թվականից մինչ այսօր մեզ մոտ դիմելիություն եղել է 25 անձի հետ կապված: Խաղերի նկատմամբ կախվածություն ունեցողները հիմնականում երիտասարդներ են: Իհարկե, հարազատները երբ դիմում են, մենք աջակցում ենք խորհրդատվությամբ, սակայն ավելի էֆեկտիվ է, երբ անձն է դիմում: Մենք ունենք համապատասխան մասնագետներ, ծառայություններ բուժումը կազմակերպելու համար: Բուժումը կարող է լինել հոգեբանական ծառայությունների, դեղորայքի տեսքով»,- նշեց Գևորգ Փաշիկյանը: Հետազոտությունների հիման վրա կենտրոնը նաև անձին կարող է տալ տեղեկանք, որի հիման վրա բուքմեյքերական կետերը փակում են տվյալ անձի օգտահաշիվը: Կախվածության խնդիր ունեցող երկու քաղաքացի նման տեղեկանքի խնդրանքով դիմել է:

Ինչո՞ւ են մարդիկ խաղում, որն է գլխավոր շարժառիթը: Մասնագետի խոսքով՝ խաղամոլության հիմնական շարժառիթներից է հեշտությամբ գումար աշխատելը:

«Շատերը խաղում են՝ մտածելով, որ հեշտ տարբերակով գումար կաշխատեն, սակայն չեն մտածում, որ խաղերը կազմակերպիչները դրանք կազմակերպում են, որ իրենք հարստանան, ոչ թե խաղացողները: Շատ են դեպքերը, որ ազատ ժամանակ խաղում են, փորձում են, ու ժամանակի ընթացքում կախվածություն են ձեռք բերում»,-ասաց Գևորգ Փաշիկյանը:   

Ե՞րբ անձը կամ նրա հարազատները հասկանան, որ առկա է կախվածություն: Մասնագետների բնորոշմամբ՝ պաթոլոգիկ հակման մասին խոսվում է այն մասին, երբ անձը շատ հաճախակի տրվում է խաղերին: Դրան զուգահեռ նեղանում են սոցիալական կապերը, օրվա ընթացքում իր մտածմունքների մեջ գերակշռում են խաղերը:

«Առաջին ցայտուն նշանը անձի մեկուսացումն է, հետաքրքրությունների շրջանակը նեղանում է, իրավիճակն ազդում է ուսման, աշխատանքի վրա, ուշադրություն չի դարձնում իր առօրյային, անտեսում է իր արտաքին տեսքը, ամբողջ օրը փակված է իր սենյակում: Առօրյա զրույցում նա կտրված է, անընդհատ զբաղված է հեռախոսով: Այս ամենը խոսում է կախվածություն ունենալու մասին՝ կլինեն շահումով խաղերը, թե այլ խաղերը»,-ասաց Սուրեն Նազինյանը:

ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «Գովազդի մասին» օրենքում համապատասխան փոփոխությունների նախագիծը, ոը նախատեսվում է արգելել ինտերնետային շահումով խաղերի, տոտալիզատորների գովազդը: Օրենքով կարգավորումներն ուժի մեջ կմտնեն այս տարվա ընթացքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am