Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   30 Հունիս 2022

Podcast-Հարց բժշկին. COVID-ից հետո մարդկանց շուրջ 80 տոկոսի մոտ որևէ ախտանիշ կարող է պահպանվել մինչև մեկ տարի և ավել

Podcast-Հարց բժշկին. COVID-ից հետո մարդկանց  շուրջ 80 տոկոսի մոտ որևէ ախտանիշ 
կարող է պահպանվել մինչև մեկ տարի և ավել

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամբողջ աշխարհում մարդիկ անհրաժեշտ միջոցառումներ են ձեռնարկում իրենց և հարազատներին  նոր տեսակի կորոնավիրուսից՝ ՔՈՎԻԴ-19-ից պաշտպանելու, ինչպես նաև վարակի տարածումը կանխարգելելու համար։ Սակայն փաստ է այն, որ ՔՈՎԻԴ-19-ն անհետևանք չի մնում: Ի՞նչ են  առաջարկում առողջապահության նախարարությունն ու մասնագետները:

«Արմենպրես»-ի «Հարց բժշկին» նախագծի շրջանակում ՔՈՎԻԴ-19-ի թողած հետևանքների և դրանք մեղմելու ուղղությամբ իրականացվող քայլերի և մի շարք այլ հարցերի շուրջ զրուցել ենք ընտանեկան բժիշկ, սրտաբան  Սամվել Հայրումյանի հետ:

Մասնագետի խոսքով՝ արդեն բավականի ժամանակ է անցել, և ըստ որոշ վիճակագրական տվյալների պարզվել է, որ ՔՈՎԻԴ-19-ով վարակված մարդկանց  շուրջ 80 տոկոսի մոտ որևէ ախտանիշ պահպանվում է երկար ժամանակ: «Եվ այս տվյալների հիման վրա Մեծ Բրիտանիայի առողջապահության ազգային ինստիտուտի առաջարկությամբ ստեղծվել է դասակարգում, ըստ որի,  մինչև 4 շաբաթ տևողությամբ  ախտանիշների առկայության դեպքում  դա համարվում է սուր քովիդ, 4-12 շաբաթ տևողության դեպքում համարվում է երկար քովիդ, իսկ 12 շաբաթ և ավել շարունակվելու դեպքում հետքովիդյան համախտանիշ, որը որոշվեց պայմանական անվանել երկարատև քովիդ»,-ասաց մասնագետը:

Նրա խոսքով՝ ամենահաճախ հանդիպող ախտանշաններից են հոգնածությունը, հազը և հևոցը, ցավը կրծքավանդակում, հոդացավերը, համի, հոտի խանգարումների տարբեր տեսակները՝ ընդհուպ մինչև հոտառության իսպառ վերացումը:

Հազվադեպ հանդիպող ախտանշաններից են՝ գլխացավը, գլխապտույտները, հիշողության խանգարումները, տագնապի զգացողությունները և շատ հազվադեպ հանդիպող սիմպտոմներից են, օրինակ, սրտամկանի բորբոքումը, երիկամային անբավարարությունը, ինչպես նաև կարող են լինել լյարդի ախտահարումներ, ծանր դեպրեսիաներ, մարսողական համակարգի և քնի խանգարումներ:

Անդրադառնալով համի և հոտի կորստի վերականգնմանը՝ մասնագետը նշեց, որ, ցավոք սրտի, որևէ ապացուցված  միջոց դեռևս չկա: «Քանի որ հիվանդությունը նոր է, այն անընդհատ մուտացիաների է ենթարկվում և մեզ անակնկալներ է մատուցում, ուստի որևէ ապացուցված միջոց չկա, որը կարելի է ասել միանշանակ  կօգնի: Ինչպես նաև դժվար է պատասխանել հարցին, թե ինչքա՞ն ժամանակից այն կվերականգնվի: Սակայն կա վիճակագրություն, որ մոտ 5 տոկոսի մոտ նույնիսկ մինչև մեկ տարի և ավել կարող է շարունակվել: Կնշեմ, որ օգտակար են հոտառական վարժությունները: Օրինակ՝ կան ֆիքսված եթերային յուղեր, որոնց վրա կան անուններ, և, օրը մի քանի անգամ տարբեր հոտերը փորձելով, կարելի է  վերականգնել հոտառությունը»,- նշեց բժիշկ Հայրումյանը:

Մասնագետի  խոսքով՝ կան նաև անդառնալի հետևանքներ, օրինակ, թոքերի ֆիբրոզը, որը առաջանում է ծանր թոքաբորբերից հետո, երբ  անդառնալի փոփոխություններ են տեղի ունենում թոքային հյուսվածքներում: Այդ  պարագայում նույնպես չկա ապացուցված դեղորայք, որը կօգնի վերականգնել վնասված հյուսվածքները: Այս դեպքում թթվածնային փոխանակությունը լիարժեք չի կատարվում, արյան մեջ թթվածնի պակաս է առաջանում, և մարդկանց մոտ մնում է հևոց, շնչարգելություն:

Անդրադառնալով Քովիդից հետո քրտնարտադրության ուժեղացման խնդրին՝ այս դեպքում մասնագետը խորհուրդ տվեց ստուգել արյան մեջ վիտամի D-ի տոկոսը, քանի որ դրա պակասից քրտնարտադրությունը շատանում է: «Ինչպես նաև քովիդից հետո  հնարավոր է վահանաձև գեղձի խանգարում առաջանա: Երկու դեպքում էլ պետք է ստուգումեր իրականացնել  և անհրաժեշտ քանակի դեղորայքի օգնությամբ վերականգնել: Նաև շատ հավանական է հետվարակային ասթենիայի դրսևորում լինի, որը նույնպես ժամանակի ընթացքում է վերականգնվում»,-ասաց նա:

Կան արդյո՞ք նախընտրելի սննդամթերքներ, որոնք խիստ անհրաժեշտ են. բժիշկը շեշտեց, որ շատ են չափազանցված տվյալները, որ այս կամ այն սնունդը շատ օգտակար է, ուղղակի ընդհանուր խորհուրդ է տրվում օգտագործել լիարժեք սնունդ՝ մրգեր, բանջարեղեն, մսեղեն, որպեսզի օրգանիզմը հավասարաչափ ստանա իրեն անհրաժեշտ վիտամինները:

Մասնագետը կարևորեց նաև առողջ ապրելակերպը ՝ չծխելը, աղի սահմանափակումը, կենդանական ճարպերի սահմանափակումը, լիարժեք ֆիզիկական ակտիվությունը, սպորտով զբաղվելը, օրական 20-30 րոպե բացօթյա զբոսանքը և, իհարկե, պատվաստումը:

Արդյոք քովիդից հետո հնարավո՞ր է առաջանա ճնշման տատանում և հնարավո՞ր է այն նորից կարգավորել: Հնարավո՞ր է լինի թուլություն ոտքերում, որքան ժամանակ դա կարող է տևել, և մի քանի ամիս ձգվելու դեպքում կարիք կա՞ արդյոք  դիմելու բժշկին, առաջարկում ենք տեղեկանալ՝ լսելով պոդքաստը:  

Շարքի հեղինակ՝ Գայանե Գաբոյան

Լուսանկարները՝ Մխիթար Խաչատրյանի

 

 

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]