Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   25 Հունիս 2022

Սարդարապատի հերոսամարտի մասնակից լեզվաբանը, Աշտարակի մեծանուն զավակներից Գրիգոր Ղափանցյանը

Սարդարապատի հերոսամարտի մասնակից լեզվաբանը, Աշտարակի մեծանուն 
զավակներից Գրիգոր Ղափանցյանը

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայրենի գողտրիկ Աշտարակ քաղաքը մեծանուն զավակներ շատ է տվել՝ Ամենայն հայոց կաթողիկոս Ներսես Աշտարակեցի, ակադեմիկոս Նորայր Սիսակյան, գրողներ Պերճ Պռոշյան, Վարդգես Պետրոսյան, բանաստեղծներ Գեւորգ Էմին, Արեւշատ Ավագյան, այլք: Այս անվանիների ցանկը լրացնում է անվանի ակադեմիկոս, լեզվաբան-հայերենագետ Գրիգոր Ղափանցյանը, որի հիմնարար աշխատությունները  հայ լեզվաբանական մշակույթի անսակարկելի նվաճումներից են:

Ծննդավայրում նախնական կրթություն ստանալուց հետո ապագա գիտնականին բախտ էր վիճակվելու մեկնել Պետերբուրգ բարձրակարգ կրթություն ստանալու նպատակով: Նախ ուսանում է գիմնազիայում, այնուհետեւ ընդունվում ռուսաց հյուսիսային մայրաքաղաքի պոլիտեխնիկական ինստիտուտ: Բայց նրա երազանքը համալսարանական կրթությունն էր. մեկ տարի պոլիտեխնիկականում սովորելուց հետո տեղափոխվում է պետական համալսարանի արեւելյան ֆակուլտետի հայերեն-վրացերեն բաժին, միաժամանակ դասախոսություններ լսում հնդեվրոպական լեզուների համեմատական քերականության եւ ընդհանուր լեզվաբանության վերաբերյալ: Ձեռք բերելով լեզվաբանական լուրջ պատրաստվածություն, 1913-ին առաջին կարգի դիպլոմով ավարտում է համալսարանը: Թեեւ իր դասախոսներից Նիկողայոս Մառը առաջարկում է մնալ բուհում եւ կատարելագործվել պարսկագիտության մեջ, սակայն քանի որ հրավեր էր ստացել Էջմիածնի Գեւորգյան ճեմարանից, ուստի թողնում է Պետերբուրգը եւ վերադառնում հայրենիք: Ի դեպ, հետագայում նա Մառի հետ մասնակցելու էր հայոց գեղաշուք մայրաքաղաքի՝ Անիի պեղումներին: Շուրջ հինգ տարի Էջմիածնում զբաղվում է գիտամանկավարժական գործունեությամբ՝ դասավանդելով ընդհանուր լեզվաբանություն, հայերենի համեմատական քերականություն: Իսկ մինչ այդ՝ 1914-ին տպագրվել էին նրա առաջին՝ «Հնագույն մի քանի հուշարձաններ», «Լեզվաբանական դիսցիպլիններ եւ լեզու» աշխատությունները «Արարատ» ամսագրում:

Առաջին աշխարհամարտի պատճառով փակվում է Գեւորգյան ճեմարանը: Գիտնականը, որպես հայրենիքի նվիրյալ, 1918-ի մայիսին մասնակցում է Սարդարապատի հերոսամարտին: Այնուհետեւ, մայր բուհի հիմնադրումից անմիջապես հետո, հրավիրվում է դասախոսելու պետհամալսարանում: Դասախոսական աշխատանքին զուգընթաց բարենպաստ պայմաններ են ստեղծվում նաեւ հետազոտական աշխատանքների համար: 1925-ից սկսած հրատարակվում են նրա հայագիտական եւ լեզվաբանական կարեւոր նշանակություն ունեցող հինգ տասնյակից ավելի աշխատությունները:

Մայր բուհում Գրիգոր Ղափանցյանը դասավանդում է գրաբար, հայերենի պատմահամեմատական քերականություն, ուրարտերեն, ընդհանուր լեզվաբանություն, պատրաստում ասպիրանտներ: 1943 թ., երբ հիմնադրվում է Հայաստանի գիտությունների կաճառը՝ ակադեմիան, դառնում է նրա հիմնադիր անդամներից մեկը, հինգ տարի ղեկավարում ԳԱ-ի հասարակական գիտությունների բաժանմունքը, իսկ 1950-1956 թթ. ղեկավարում լեզվի ինստիտուտը:

Վաստակաշատ ակադեմիկոսի աշխատությունները նվիրված են հայագիտության կարեւոր՝ հայ ժողովրդի, նրա լեզվի եւ մշակույթի գոյացման, դրանց հետագա զարգացման խնդիրներին: Տքնաջան եւ երկարատեւ աշխատանքի արդյունք են «Ընդհանուր լեզվաբանություն», «Ուրարտուի պատմություն», «Խեթական աստվածները հայերի մոտ», «Հին Հայաստանի տեղանունների պատմա-լեզվաբանական նշանակությունը», «Արա Գեղեցիկի պաշտամունքը», «Հայոց լեզվի ծագման հարցի շուրջ», «Հայաստան՝ հայերի բնօրրան» ու տասնյակ հիմնարար այլ աշխատություններ: Աշտարակցի գիտնականը նախկին միության խոշորագույն ուրարտագետներից էր: Նա առաջինն է հայերենով գրել ընդարձակ ուսումնասիրություն ուրարտերեն լեզվի պատմության եւ մշակույթի մասին, կատարել բազմաթիվ վերծանումներ ու շատ խնդիրներ պարզաբանել: Լեզվաբան գիտնականին հետաքրքրում էր նաեւ մեր ժողովրդի գոյացման ընթացահարցը եւ իր լեզվաբանական ողջ գիտությունն ի սպաս էր դնում դրա լուծմանը: Միաժամանակ փորձում էր տեսականորեն հիմնավորել լեզուների խաչավորման տեսությունը՝ հայոց լեզվի միջոցով, այն համարելով ոչ միայն հնդեվրոպական, այլեւ ասիա-կովկասյան լեզու:

Մեծ երախտավորի վերջին աշխատությունը «Հայոց լեզվի պատմությունն» է, որտեղ քննության են առնված մեր հնագույն ժողովրդի կազմավորման հարցերը, մեր մայրենիի հնդեվրոպական նստվածքը:

Հ. Գ.- Այսօր նորաթուխ ու անլվա մի ցեղ, որ լավ գիտի մարդակերության լեզուն, շան ոռնոցով տարածում է, թե Հայոց աստվածաշնչյան մեր երկիրն էլ է իրենցը եղել... Եվ մեջները չկա ճշմարտախոս մի գիտնական, որ փորձի բացել ազերիական ճպռոտ աչքերը՝ սկսած ալիեւ կոչված հտպիտից… Թե՞ ասողի աչքերն էլ կհանեն կեղտակեր իրենց եղունգներով…

Հակոբ ՍՐԱՊՅԱՆ








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]