Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   3 Հուլիս 2022

Podcast-Հարց բժշկին. Այսօր դեռահասության տարիքին բնորոշ քաշի ավելացումը կարող է հանգեցնել շաքարային դիաբետի

Podcast-Հարց բժշկին. Այսօր դեռահասության տարիքին բնորոշ քաշի ավելացումը կարող 
է հանգեցնել շաքարային դիաբետի

ԵՐԵՎԱՆ, 09 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շաքարային դիաբետը իր տարածվածությամբ համարվում է դարի հիվանդություն և ունի տարբեր ենթատեսակներ: Կա վիճակագրություն, որ աշխարհում դիաբետ ունեցողների 90%-ը հիվանդ են երկրորդ տիպի դիաբետով, այն ոչ ինսուլինակախյալ դիաբետն է:

«Արմենպրես»-ի «Հարց Բժշկին» նախագծի հերթական թողարկման   շրջանակում ամենատարածված երկրորդ տիպի շաքարային դիաբետի առաջացման պատճառների, բարդությունների, բուժման ընթացքի և մի շարք այլ կարևոր հարցերի շուրջ զրուցել ենք  էնդոկրինոլոգ Հայկանուշ Համբարձումյանի հետ:

Մասնագետը նշեց, որ կան առաջին և երկրորդ տեսակի դիաբետներ: Առաջին տիպի դիաբետը դա ինսուլինակախյալ է, այն համարվում է մանկական հիվանդություն, քանի որ հիմնականում մանուկ տարիքում է սկսվում: Այս դեպքում ունենում ենք ինսուլինի բացարձակ բացակայություն: Օրգանիզմը արտադրում է ինսուլին, որն օգնում է յուրացնել շաքարը, իսկ առաջին տիպի դիաբետի ժամանակ մեր օրգանիզմը բացարձակ չի արտադրում  ինսուլին, և դրա քանակը օրգանիզմում դառնում է զրո: Եվ այս դեպքում բուժառուները տարբեր սխեմաներով ամեն օր ներարկվում են ինսուլին՝ ըստ ցուցումների:

«Երկրորդ տիպի դիաբետի դեպքում օրգանիզմում ինսուլինի քանակը նորմալ է լինում, կամ ինչ-որ տեղ բարձր, բայց ինչ-ինչ պատճառներով զգայնությունը ինսուլինի նկատմամբ լինում է շատ ցածր, և նորից բարձրանում է շաքարը: Այն արդեն կախված է, թե տարիքային փոփոխություններից, թե քաշի հետ կապված փոփոխություններից, թե գենետիկական նախատրամադրվածությունից և էլի մի շարք հանգամանքներից, որոնք կարող են բերել երկրորդ տիպի դիաբետի զարգացման:

«Եվ, ելնելով այս գործոններից, ես  սովորաբար ասում եմ, որ միշտ պետք է փորձել կանխարգելել հիվանդությունը, ոչ թե սպասել զարգանա և մենք բուժենք այն: Ի՞նչ գիտելիք մենք պետք է ունենանք երկրորդ տիպի դիաբետի հետ կապված. եթե ընտանիքում  կան մարդիկ, ովքեր արդեն ունեն երկրորդ տիպի դիաբետ, ապա միշտ պետք է գիտակցել, որ հետագա սերունդն էլ կարող է ունենալ դիաբետ: Կա վիճակագրական տվյալ, որ եթե ծնողներից մեկը ունի հիվանդությունը, ապա կա 50 տոկոս հավանականություն, որ երեխաներն էլ կունենան շաքարային դիաբետ՝ արդեն մեծ տարիքում: Եթե ծնողներից երկուսն էլ ունենում են հիվանդությունը, ապա գրեթե 80 տոկոս հավանականությամբ նաև երեխաներն էլ են մեծ տարիքում ունենալու երկրորդ տիպի շաքարային դիաբետ»,-ասաց բժիշկ Համբարձումյանը:

Նա ասաց, որ, այս գիտելիքը ունենալով, մենք կարող ենք կանխարգելել հետագայում դիաբետի զարգացումը: Քայլ առաջին՝ պետք է վերահսկել քաշը, քանի որ ինչքան ավելի ճարպակալման է գնում  օրգանիզմն, այնքան մեծանում է երկրորդ տիպի դիաբետի զարգանալու հավանականությունը. պետք է գիտակցել և  անել ամեն ինչ  նորմալ քաշային սանդղակ ունենալու համար: Պետք է հասկանալ, որ, սկսած որոշակի տարիքից, օրգանիզմը չի կարողանում յուրացնել այն մեծ շաքարի քանակը, որը ստանում է: Պետք է սովորել, և, եթե կարիքը, կա որոշ սահմանափակումներ մտցնել  առօրյա սննդակարգում:  

«Պետք է քաղցր մթերքները նույնպես ընտրել ճիշտ և ամենակարևորը՝ բացառել վատ մշակված և սխալ ճարպերով մշակված սնունդը բուրգերները, ֆրին և նմանատիպ շատ ուտելիքներ, որոնք  նույնպես բերում են նյութափոխանակության խանգարման, քաշի ավելացման և դիաբետի զարգացման»,- ասաց մասնագետը:

Բժիշկը շեշտեց, որ պետք է փորձենք մեր առօրյայից բացառել կամ գոնե հասցնել նվազագույնի հասցնել քաղցր ըմպելիքների օգտագործումը՝ գազավորված, ոչ գազավորված հյութեր, տնական կոմպոտներ և այլն: Հատկապես երեխաների և դեռահասների շրջանում, եթե նրանք ունեն քաշ հավաքելու հակում և ժառանգական որևէ նախատրամադրվածություն, քաղցրի չարաշահումը միանշանակ կհանգեցնի խնդիրների: Առաջին քայլն այն է, որ ծնողները պետք է փորձեն բացառել երեխաների սննդակարգից քաղցր ըմպելիքները, երբեմն դա էլ է լինում բավական, որպեսզի կարողանանք վերահսկել քաշը:

«Ցավոք, այսօր դեռահասների և երիտասարդների մոտ հաճախ գրանցվում է շաքարային դիաբետ՝ պայմանավորված քաշի ավելացմամբ, որը մենք տարիներ առաջ չենք ունեցել, շաքարային դիաբետ հանդիպում էր միայն քառասունն անց քաղաքացիների շրջանում, իսկ այժմ, կարծես թե, ամբողջ աշխարհում հիվանդությունը երիտասարդացել է: Քաշի ավելացումը, ճարպակալումը, որն այսօր շատ բնորոշ է դեռահասության տարիքին, բերում է երկրորդ տիպի դիաբետի: Եվ եթե մենք անում ենք համապատասխան գործողությունները՝ ճիշտ սննդակարգ, ջրային ռեժիմ ենք ընտրում և հետևում ենք քաշին,  այս դեպքում կարող ենք բուժել և խուսափել շաքարային դիաբետից»,-ասաց Հայկանուշ Համբարձումյանը:

Հնարավոր է արդյոք բուժել երկրորդ տիպի դիաբետը և ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկել: Շաքարային դիաբետի երկրորդ ենթատեսակի դեպքում ի՞նչ վիտամիններ կարող են օգտագործել հիվանդները՝ իմունիտետի բարձրացման, առողջության ամրացման նպատակով: Արդյոք այն կարո՞ղ է առաջանալ սթրեսի պատճառով, պե՞տք է մտահոգվել, երբ երեխան չափից շատ է օգտագործում քաղցրեղեն՝ շոկոլադ, թխվածքներ,  ի՞նչ այլընտրանք է առաջարկում մասնագետը:
Այս ամենի մասին առաջարկում ենք տեղեկանալ՝ լսելով պոդքաստը:  

Շարքի հեղինակ՝ Գայանե Գաբոյան

Լուսանկարները՝ Հայկ Բադալյանի

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]