Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   1 Հուլիս 2022

Շիրակի մարզպետն աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն է անցկացրել մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների հետ

Շիրակի մարզպետն աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն է անցկացրել 
մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների հետ

ԳՅՈՒՄՐԻ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը մայիսի 10-ին աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն է անցկացրել մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների մասնակցությամբ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Շիրակի մարզպետարանից, ողջունելով ներկաներին՝ մարզպետն անդրադարձել է ոլորտի հիմնահարցերին ու դրանց լուծմանը միտված առաջիկա անելիքներին․ «Որպես ուսումնական տարվա ավարտ, փորձեք վերլուծել արված աշխատանքները, Ժամանակահատվածն ինքնին խոսուն է, տարվա ավարտը ենթադրում է ծանր աշխատանքային ընթացք հատկապես այն դպրոցների համար, որոնք ունեն ավարտական դասարաններ։ Պետք է ավելի հետևողական և ուշադիր լինենք գործընթացին։ Նախորդող տարիների նման, այս տարի ևս սոցիալական բազմաբևեռվածությունն ավելի ցցուն կերպով արտահայտվում է ավարտական դասարաններում։ Խստիվ արգելելու և հսկողություն իրականացնելու դեպքում հնարավոր կլինի խուսափել դժգոհություններից: Բացառել ցանկացած տեսակի դրամահավաքը, որն արդեն իսկ մեծ դժգոհություն է առաջացրել»։

Ըստ աղբյուրի՝ խոսելով այն մասին, որ կրթությունը պետք է հեռու պահել քաղաքականությունից, մարզպետը կոչ է արել կրթօջախը ծառայեցնել նպատակին, որտեղ երեխան ստանում է հիմնարար գիտելիքները և ձևավորվում որպես անհատ ու քաղաքացի։

«Մարզպետը վստահեցրել է, որ իր պաշտոնավարման սկզբից մինչ օրս կրթական գործընթացը, դպրոցների տնօրենների մրցույթների կազմակերպումն ու անցկացումը եղել են խիստ օբյեկտիվ, նշել, որ յուրաքանչյուր պատասխանատու իր աշխատանքում ազատ է՝ իրականացնելու օրենքով սահմանված լիազորություններն ու պարտականությունները: Նազելի Բաղդասարյանը հորդորել է հատկապես համայնքային դպրոցներին զերծ մնալ այնպիսի հաստիքային միավորներից, որոնց առկայության դեպքում կարող են նպատակային չօգտագործվել պետական միջոցները և սահուն անցում կատարել դպրոցները երիտասարդ կադրերով համալրելուն»,- հայտնում են Շիրակի մարզպետարանից։

Շիրակի մարզպետը կարևորել է տնօրենների նախաձեռնողականությունը, նորարար գաղափարներով հանդես գալը, որոնց իրականացմանը միտված են լինելու պատասխանատուների ջանքերը։ Անդրադարձ է կատարվել այն նախաձեռնությանը, որն իրականացվելու է բոլոր այն դպրոցներում, որոնք ունեն զոհված զինծառայողներ, այդ դպրոցներում անվանական ծառեր են տնկվելու՝ ի նշան կյանքի շարունակականության։

Նշվում է, որ հանդիպման ավարտին Շիրակի մարզպետը պատասխանել է դպրոցի տնօրեններին հետաքրքրող հարցերին։

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]