Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   25 Հունիս 2022

«Դիմադրության» շարժումը մայիսի 20-ին ճանապարհներ փակելու ակցիաներ չի իրականացնելու

«Դիմադրության» շարժումը մայիսի 20-ին ճանապարհներ փակելու ակցիաներ չի իրականացնելու
ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Դիմադրություն» շարժման անդամները մայիսի 19-ին շարունակել են բողոքի և անհնազանդության ակցիաները: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վաղ առավոտից շարժման մասնակիցները փակում էին Երևանի տարբեր փողոցներ՝ խոչընդոտելով երթևեկության բնականոն ընթացքը: Այնուհետև ցուցարարները տարբեր խմբերով իրազեկման երթեր են իրականացրել՝ կոչ անելով հանրությանը միանալ «Դիմադրության» շարժմանը: Անհնազանդության երթերն ու ակցիաներն ավարտեցին Ֆրանսիայի հրապարակում, որը շարունակում է մնալ փակ:
Ելույթով հանդես եկան Սահմանադրության դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը, ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը և այլք:
Հանրահավաքից հետո «Դիմադրության» շարժման ներկայացուցիչները երթ կազմակերպեցին, որը մեկնարկել էր Սայաթ-Նովա պողոտայից, շարժվել տարբեր փողոցներով, ավարտվել կրկին Ֆրանսիայի հրապարակում:
Երթից հետո եզրափակիչ ելույթ ունեցավ Իշխան Սաղաթելյանը, որն անդրադարձավ մայիսի 22-ին Բրուսելում նախատեսված`  Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը:
«Հայաստանի Հանրապետության կողմից ներկայացված այդ վեց առաջարկները հայ ժողովրդի կամքի և շահերի հետ որևէ կապ չունեն»,- ասաց Սաղաթելյանը` խոստանալով այդ այցի և ընդդիմության տեսակետների մասին մայիսի 21-ի հանրահավաքին շատ հանգամանալից և կոնկրետ կետերով անդրադառնալ։
Վերջում Սաղաթելյանը հայտնեց առաջիկա անելիքների մասին:
«Մայիսի 20-ին 09:30-ին քաղաքացիներին հրավիրում ենք Ֆրանսիայի հրապարակ՝ տարբեր աշխատանքներ կան անելու: Վաղը ճանապարհներ չենք փակում, վաղը ունենք հատուկ ծրագիր՝ տարբեր պատճառներից ելնելով դետալներն այս պահին չեմ հրապարակում: Այո, լինելու են անհնազանդության ակցիաներ, Հայաստանում կա միջազգային պատվիրակություն՝ մեր ձայնը պետք է լսելի դառնա: Մեր ակցիաները կշարունակվեն մինչև 19:00-ն և կրկին հրավիրում ենք հանրահավաքին»,- եզրափակեց Սաղաթելյանը:







youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]