Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   28 Հունիս 2022

Ամառային սուրդլիմպիկ խաղերում հայ մարզիկները 5 բրոնզե մեդալ են նվաճել

Ամառային սուրդլիմպիկ խաղերում հայ մարզիկները 5 բրոնզե մեդալ են նվաճել

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ընդունել է Խուլերի հայկական սպորտային կոմիտեի ներկայացուցիչներին, ովքեր մայիսի 1-ից 15-ը Բրազիլիայի Կալիաս քաղաքում մասնակցել են ամառային սուրդլիմպիկ խաղերին և 5 բրոնզե մեդալ նվաճել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի սուրդլիմպիկ հավաքականի կազմում ընդգրկված է եղել 7 մարզիկ: Բրոնզե մեդալներ են նվաճել հունահռոմեական ոճի ըմբիշներ Սարգիս Սարգսյանը (55 կգ), Ժորա Գրիգորյանը (67 կգ), Նարեկ Նիկողոսյանը (87 կգ), ազատ ոճի ըմբիշ Սենիկ Սերոբյանը (57 կգ) և ձյուդոիստ Ռոբերտ Գևորգյանը (-60 կգ):

ԿԳՄՍ նախարարի տեղակալի հետ հանդիպմանը, բացի մեդալակիր մարզիկներից, ներկա են գտնվել նաև Խուլերի հայկական սպորտային կոմիտեի նախագահ Գրիգոր Գրիգորյանը, մարզիչներ Գագիկ Սերոբյանը, Մարտին Ալիխանյանը, Ժիրայր Հովհաննիսյանը և Արտյոմ Մելքոնյանը: Կարեն Գիլոյանը շնորհավորել է մրցանակակիրներին և շնորհակալություն հայտնել գոհացնող արդյունքների համար. «Շատ շնորհակալ եմ այս մասնակցության համար: Հաջորդ տարվա համար բյուջեն հաստատված է, կստանաք այն բոլոր ֆինանսական հատկացումները, որոնք նախատեսված են օրենքով: Ի դեպ, այդ մասով մենք մտադիր ենք նաև որոշակի աճ տալ՝ հավաքների և մրցումների մասնակցության քանակն ավելացնելու համար»: Կարեն Գիլոյանը նաև նշել է՝ շուտով ունենալու ենք բարձրագույն վարպետության մարզադպրոց և նույն շենքում ադապտիվ սպորտի կենտրոն, ինչը մեծ հնարավորություններ կընձեռի հաշմանդամություն ունեցող անձանց և կօգնի դառնալ ավելի պրոֆեսիոնալ:

«Խուլերի հավաքականը մեր լավագույն թիմերից է և ադապտիվ սպորտի կենտրոնում հնարավորություն կստանա օգտվելու նոր ստեղծվող դահլիճի ծառայություններից, կլինի նաև որոշակի ֆիզիոթերապևտիկ և հոգեբանական օգնության հնարավորություն: Հավատացնում եմ՝ դուք մշտապես գտնվում եք պետության ուշադրության կենտրոնում: Ինքս ամեն ինչ կանեմ, որպեսզի հետզհետե ամեն ինչ ավելի լավ լինի և ձեզ ավելի հարմարավետ զգաք»,- ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը: Խուլերի հայկական սպորտային կոմիտեի նախագահ Գրիգոր Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել ԿԳՄՍ նախարարությանը մշտական աջակցության համար. «Շնորհակալ ենք աջակցության և համագործակցության համար: Ի դեպ, սա երկրորդ անգամ է, որ մեր տղաները մեդալներ են նվաճում սուրդլիմպիկ խաղերում: Շատ գոհ ենք նրանց գրանցած արդյունքներից: Սա իսկապես մեծ նվաճում է: Մեր մարզիկներն ու մարզիչները երկար տարիների փորձառություն ունեն, և վստահ ենք՝ դեռ շատ հաջողություններ են գրանցելու»:

Բրազիլիայի Կալիաս քաղաքում անցկացված սուրդլիմպիկ ամառային խաղերը պետք է կայանային 2021 թվականին, սակայն հետաձգվել էին կորոնավիրուսի համավարակի պատճառով:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]