Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   27 Հունիս 2022

Հայաստանում կապկի ծաղիկով վարակվածության դեպքեր չկան. առողջապահության նախարարություն

Հայաստանում կապկի ծաղիկով վարակվածության դեպքեր չկան. առողջապահության նախարարություն

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Հռիփսիմե Խաչատրյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում վերահաստատել է Հայաստանում կապկի ծաղիկով վարակվածության դեպքերի բացակայությունը։

«Եվս մեկ անգամ պաշտոնապես հայտարարում եմ՝ Հայաստանի Հանրապետությունում կապիկի ծաղիկով վարակվածության որևէ դեպք չի գրանցվել։

Կոչ եմ անում անհատ օգտատերերին տելեգրամյան ալիքներով ապատեղեկատվություն չտարածել»,- ասվում է գրառման մեջ։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մայիսի 21-ին հայտնել է, որ հաստատվել է կապկի ծաղիկով վարակվելու շուրջ 80 դեպք, ևս 50 դեպքի առնչությամբ մասնագետներն ուսումնասիրություններ են անում:

«ԱՀԿ-ն և նրա գործընկերներն աշխատում են՝ հասկանալու կապիկի ծաղիկի տարածման մակարդակն ու բռնկման պատճառները: Վերջին բռնկումները, որոնց մասին տեղեկություններ ստացվել են 11 երկրից, համարվում են ոչ տիպիկ, քանի որ գրանցվել են երկրներում, որոնք էնդեմիկ չեն: Արձանագրվել է շուրջ 80 հաստատված դեպք, ևս 50-ը սպասում են ուսումնասիրության ավատին»,-  «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասվում է ԱՀԿ-ի «Թվիթեր»-ի գրառման մեջ:

Կազմակերպությունից հստակեցրել են, որ կապիկի ծաղիկը տարածվում է սերտ շփման ժամանակ, այդ իսկ պատճառով մեծ ռիսկի են ենթարկվում մարդիկ, ովքեր վարակվածների հետ սերտ շփման մեջ են եղել: Մասնավորապես, խոսքը առողջապահական ոլորտի աշխատակիցների, ընտանիքի անդամների մասին է:

Կապիկի ծաղիկը եզակի հանդիպող վիրուսային հիվանդություն է, որը մարդկանց է փոխանցվում վայրի կենդանիներից: Հիվանդության ախտանիշները ներառում են ջերմություն, գլխացավ, մկանային ցավ, մեջքի ցավ, այտուցված ավշային հանգույցներ, դող և հոգնածություն: Ըստ ԱՀԿ-ի տվյալների, կապիկի ծաղիկի բռնկումների մահացության մակարդակը սովորաբար կազմում է 1-10%, ընդ որում՝ մահացության մեծ մասը բաժին է ընկնում ավելի երիտասարդ տարիքային խմբերին: Կապիկի ծաղիկի դեմ հատուկ բուժում կամ պատվաստանյութ չկա, սակայն ծաղիկի դեմ նախնական պատվաստումը բարձր կանխարգելիչ արդյունավետություն է ունենում հիվանդության դեմ:

ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տեղեկացմամբ՝ հիվանդության դեպքերը հաստատվել են եվրոպական ինը երկրում (Մեծ Բրիտանիա, Իսպանիա, Պորտուգալիա, Գերմանիա, Բելգիա, Ֆրանսիա, Նիդեռլանդներ, Իտալիա և Շվեդիա), ինչպես նաև ԱՄՆ-ում, Կանադայում և Ավստրալիայում։ Մինչ այժմ, հիվանդության դեպքերն արձանագրվել են Աֆրիկյան երկրներում կամ կապված են եղել այդ երկրներ ճանապարհորդության հետ։

«Նշենք, որ կապիկի ծաղիկը կենդանիներից մարդկանց փոխանցվող, հազվադեպ հանդիպող, վիրուսային ծագման հիվանդություն է, որը հիմնականում արձանագրվում է Կենտրոնական և Արևմտյան Աֆրիկայի հեռավոր շրջաններում: Վիրուսը մարդուն փոխանցվում է հիմնականում վայրի կենդանիներից, ինչպիսիք են՝ կրծողները և պրիմատները (շիմպանզե, գորիլա, օրանգուտանգ և այլն):

Կապիկի ծաղկի վիրուսը (Orthopoxvirus) նման է բնական ծաղկի վիրուսին:

Վարակումը կենդանիներից տեղի է ունենում կենդանիների (վարակված) արյան, կենսաբանական հեղուկների, ինչպես նաև վնասված մաշկի կամ լորձաթաղանթի հետ անմիջական շփման արդյունքում:

Ռիսկի հավանական գործոններից է՝ համապատասխան ջերմային մշակման չենթարկված, վարակված կենդանիների մսի օգտագործումը: Վարակի փոխանցումը մարդուց մարդու սահմանափակ է և հիմնականում տեղի է ունենում օդակաթիլային ճանապարհով և/կամ ախտահարված հյուսվածքի հետ երկարատև սերտ շփման արդյունքում։

Հայտնի է, որ կապիկի ծաղիկը փոխանցվում է երկարատև սերտ շփման, ինչպես նաև օգտագործված սրբիչի և անկողնային պարագաների միջոցով: Վարակի դեմ մասնահատուկ բուժում կամ պատվաստանյութ դեռևս չկա, սակայն վարկած կա, որ բնական ծաղիկի դեմ նախկինում ստացված պատվաստումը ապահովում է կապիկի ծաղկի արդյունավետ կանխարգելումը:

Հիվանդության գաղտնի շրջանը սովորաբար տևում է 5-21 օր, բնորոշ ախտանշաններն են՝ տենդ, սաստիկ գլխացավ, լիմֆատիկ հանգույցների մեծացում, ցավ մեջքի շրջանում, մկանացավ, արտահայտված թուլություն: Տենդի սկզբից 1-3 օր անց ի հայտ է գալիս ցանավորումը, ցանը սկսվում է դեմքի շրջանից և ապա տարածվում մարմնի տարբեր հատվածներում:

Չնայած այն փաստին, որ հիվանդությունն ընթանում է շատ ավելի թեթև, ախտանշաններն ինքնուրույն անհետանում են մի քանի շաբաթվա ընթացքում, սակայն որոշ դեպքերում այն կարող է հանգեցնել բարդությունների և նույնիսկ մահվան (մահաբերությունը՝ 1%-10%):

Կապիկի ծաղկի կանխարգելման նապատակով անհրաժեշտ է.

  • խուսափել ախտանշաններ ունեցող անձի հետ երկարատև սերտ շփումից,
  • չներկրել Էկզոտիկ կապիկներ (պրիմատներ) և կրծողներ,
  • կենդանական միս կամ դրանց մասեր պարունակող բոլոր մթերքները ենթարկել բավարար ջերմային մշակման, որը պաշտպանում է ինչպես այս, այնպես էլ՝ այլ վարակիչ հիվանդություններից,
  • կենդանաբանական այգիներ այցելելիս խուսափել կապիկների և կրծողների հետ շփումներից»,- հայտնում են կենտրոնից։
Կառույցը հորդորում է. «Եթե ճամփորդել եք Աֆրիկայում կամ շփում եք ունեցել այնտեղից վերադարձած անձի հետ՝ մաշկի ցանավորման և այլ ախտանշանների դեպքում անմիջապես անհրաժեշտ է դիմել վարակաբանի խորհրդատվության»։

 

 

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]