Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   1 Հուլիս 2022

Քաղաքական ընդդիմության կազմակերպած հավաքի ընթացքում խուլիգանություն կատարելու գործով մեկ անձ ձերբակալվել է. ևս մեկ անձի մեղադրանք է առաջադրվել

Քաղաքական  ընդդիմության կազմակերպած հավաքի ընթացքում խուլիգանություն 
կատարելու գործով մեկ անձ ձերբակալվել է. ևս մեկ անձի մեղադրանք է առաջադրվել

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ Երևան քաղաքի Մոլդովական և Թոթովենց փողոցների խաչմերուկում անհնազանդության ակցիայի մասնակիցների կողմից խուլիգանություն կատարելու բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են Քննչական կոմիտեից, նախաքննությամբ պարզվել է միջադեպին մասնակից անձանցից երկուսի ինքնությունը, ովքեր Երևան քաղաքի բնակիչներ են:

Քննությամբ պարզվել է, որ 2022թ. մայիսի 17-ին ժամը 10:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Մոլդովական և Թոթովենց փողոցների խաչմերուկում տեղի ունեցած հավաքի ընթացքում վերջիններս, մի խումբ անձանց հետ, անտեսելով նշված վայրում ծառայություն իրականացնող ոստիկանների՝ պատշաճ վարքագիծ դրսևորելու և հասարակական կարգը չխախտելու օրինական պահանջները, սեփական անձի առավելություններն ընդգծելու մոլուցքով տարված, ուղղակի դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը. հայհոյել և վիրավորել են պատահական անցորդներին, խոչընդոտել և արգելել են  փողոցի երթևեկելի գոտով երթևեկող ավտոմեքենաների երթևեկությունը՝ ձեռքերով և ոտքերով հարվածելով «Մազդա» մակնիշի ավտոմեքենային, իսկ վերոհիշյալ անձանցից մեկը բռնություն է գործադրել դեպքին միջամտած երիտասարդի նկատմամբ՝ իր ձեռքում գտնվող հեղուկով լի տարայով հարվածելով վերջինիս դեմքին և պատճառելով մարմնական վնասվածքներ:

 Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ մեկ անձի մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, որպես խափանման միջոց նրա նկատմամբ կիրառվել է ստորագրություն չհեռանալու մասին: Բռնություն գործադրած երկրորդ անձը ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է: 

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]