Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Շառլ Ազնավուրի՝ ժամանակակից լուծումներով թանգարանը հնարավորություն կտա յուրաքանչյուր անկյունում զգալ շանսոնյեի ոգին

Շառլ Ազնավուրի՝  ժամանակակից լուծումներով թանգարանը հնարավորություն կտա 
յուրաքանչյուր անկյունում զգալ շանսոնյեի ոգին

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շառլ Ազնավուրի թանգարանը պետք է լինի կենդանի, ինտերակտիվ և ժամանակակից լուծումներով կառույց, ինչը թույլ կտա հյուրերին թանգարանի յուրաքանչյուր անկյունում զգալ Ազնավուրի ներկայությունը:

 «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց «Ազնավուր» հիմնադրամի գործադիր տնօրեն Քրիստինա Ազնավուրը, հայտնելով, որ «Ազնավուր կենտրոն»-ի ստեղծման գաղափարը ծնվել է Շառլ Ազնավուրի կենդանության օրոք:

Քրիստինա Ազնավուրը պատմեց, որ նրանք, ովքեր ճանաչել են Ազնավուրին, գիտեին, որ նա համեստ մարդ էր և իրեն պետության կողմից որպես նվեր փոխանցված երևանյան կեցավայրը նախընտրել է ծառայեցնել հանրությանը՝ այնտեղ կրթամշակութային կենտրոն և նորարարական լուծումներով թանգարան հիմնելով:

Ու թեև տեղեկություն է շրջանառվում, թե Երևանում այս պահին գործում է Ազնավուրի թանգարան, սակայն կեցավայրում երբևէ թանգարան չի եղել, Ազնավուրը, Հայաստան այցերի ժամանակ, այնտեղ չի ապրել:

«Երբ զրուցում էինք այդ թեմայով, Ազնավուրն ասաց, որ ուզում է նվեր անել իր հայրենիքին այնպիսի բան, որից մարդիկ կարողանան օգտվել: Այդպես էլ առաջացավ կենտրոնի ստեղծման գաղափարը: Կենտրոնը լինելու է նորարարական լուծումներով, քանի որ Ազնավուրն ինքը սիրում էր նորագույն տեխնոլոգիաներն ու հետևում էր դրանց: Թանգարանային հատվածից բացի կենտրոնում անցկացվելու են վարպետության դասեր երաժշտության, կինոյի ոլորտներում, իրականացվելու է ֆրանսերենի դասավանդում՝ Ֆրանսիական ինստիտուտի կողմից, գործելու է ձայնագրման ստուդիա»,- ասաց նա:

Հիմնադրամի տնօրենի խոսքով՝ թանգարանի նման ձևաչափ տարածաշրջանում դեռևս չկա: Երբ աշխատում էին թանգարանի նախագծի վրա, ուսումնասիրել են համաշխարհային հայտնի մի շարք թանգարաններ՝ ոգեշնչվելու և ժամանակակից լուծումներին ծանոթանալու նպատակով: Ազնավուրի թանգարանի սցենոգրաֆիան մշակվել է ոլորտի ամենահեղինակավոր մասնագետներից մեկի՝ Նատալի Կղինիեղի և նրա փարիզյան թիմի կողմից։

«Մենք ցանկանում էինք հեռանալ դասական թանգարանային ձևաչափից. այժմ դա այնքան էլ հետաքրքիր չէ: Ազնավուրի թանգարանը կլինի ինտերակտիվ ու կենդանի, արտիստն ինքը սրահից սրահ կուղեկցի այցելուին՝ իր կողմից ձայնագրված աուդիոգիդի միջոցով պատմելով կյանքի պատմությունը: Արդեն պատրաստ է թանգարանի սցենոգրաֆիան, ավարտին են հասցվել արխիվային աշխատանքները: Առաջիկայում նախատեսում ենք սկսել շինարարական աշխատանքներն՝ առկա շինությունը համապատասխանեցնելու «Ազնավուր» կենտրոնի հայեցակարգին»,- նշեց տիկին Ազնավուրը:

Քրիստինա Ազնավուրը նշեց նաև, որ ստեղծվող կենտրոնի միջոցով փորձելու են սերունդներին փոխանցել Շառլ Ազնավուրի արժեքները, կյանքի պատմությունը և ստեղծագործական մեծ ժառանգությունը՝ որպես ոգեշնչում։

Զրուցեց Գայանե Գաբոյանը

Լուսանկարները՝ Հայկ Բադալյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am