Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   16 Օգոստոս 2022

Սուբվենցիոն ծրագրերի չհիմնավորված ծախսերի խնդրով Շիրակի մարզպետը դիմել է դատախազություն

Սուբվենցիոն ծրագրերի չհիմնավորված ծախսերի խնդրով Շիրակի մարզպետը դիմել է 
դատախազություն

ԳՅՈՒՄՐԻ, 15 ՀՈՒՆԻՍԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սուբվենցիոն ծրագրերի իրականացման  ընթացքում նկատվում են թերացումներ ինչպես Գյումրիում, այնպես էլ մարզի այլ համայնքներում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հունիսի 15-ին Շիրակի մարզային խորհրդի նիստի  ժամանակ Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը տեղեկացրեց, որ լուրջ վերահսկողություն է իրականացվում մարզպետարանի կողմից:

Երկու սուբվենցիոն ծրագրով հատկացված գումարների ենթադրյալ չարաշահումների վերաբերյալ Շիրակի մարզպետը գրություն է ուղարկել ՀՀ դատախազություն:

«Յուրաքանչյուր լումա, որը պետական բյուջեից է ուղղվում համայնքներ, պետք է խիստ վերահսկողության արժանանա: Երկու խնդրով մարզպետարանն արդեն հսկողություն է իրականացրել՝ մեկը խոշորացված Ամասիա համայնքում է՝  նախկին Արփի, որի փաթեթը մարզպետարանի կողմից ուղարկվել է դատախազություն՝ ուսումնասիրման, քանի որ կարծում եմ , որ պետության կողմից հատկացված գումարները մսխվել են, մյուս գործը գյուղական համայնքներում տեղի ունեցած բնակարանաշինությունն է, այս գործն ուղարկվել է գլխավոր դատախազություն և առաջիկայում արդյունքները կլսենք՝ քրեական գործ հարուցելու մասով »,-նշեց մարզպետը:  

Խնդիր է առաջացել նաեւ Արթիկ խոշորացված համայնքի Սարատակ բնակավայրում: Բնակավայրի 5-րդ փողոցի կառուցման նպատակով թեպետ կառավարությունը հատկացրել է գումար, սակայն բնակչությունը բողոքով տեղեկացրել է, որ փողոցը դեռեւս ասֆալտապատված չէ: Խնդրի ուսումնասիրման նպատակով մարզպետն անձամբ խոստացավ այցելել Սարատակ:

Վերահսկողության տակ հայտնված ծրագրերից՝ Գյումրու Մուշ 2/2 թաղամասի հրապարակի կառուցումն է, որը ավարտին հասցված չէ: Շինընկերությունը լուծարվել է, համայնքապետարանը նոր մրցույթ է հայտարարելու, բայց թե երբ` հայտնի չէ: Կառավարությունը ավելի վաղ համայնքին փոխանցել է շուրջ 32 մլն ՀՀ դրամ այս աշխատանքներն ավարտին հասցնելու նպատակով, մինչդեռ այն ծախսված չէ, իսկ աշխատանքներն ավարտված չեն:

Կառավարության միջոցներով այս տարի կապիտալ շինարարության համար մարզում հատկացված է 44 մլրդ 376 մլն դրամ, որը 4  մլրդ դրամով ավելին է նախորդ տարվա հատկացումներից:







youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]