Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Պատանի հանդիսատեսի թատրոնը նոր մոտեցմամբ ու մեկնաբանությամբ կներկայացնի «Կատուն շիկացած տանիքին» պիեսը

Պատանի հանդիսատեսի թատրոնը նոր մոտեցմամբ ու մեկնաբանությամբ կներկայացնի 
«Կատուն շիկացած տանիքին» պիեսը

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Ընտանիք, սիրո բացակայություն,  նյութական խնդիրներ, ծնողների և զավակների բարդ փոխհարաբերություններ. այս և մի շարք այլ կարևոր հարցերի է անդրադառնում ամերիկացի հանրահայտ դրամատուրգ Թենեսի Ուիլյամսի «Կատուն շիկացած տանիքին» պիեսը: Հեղինակի բարձրաձայնած խնդիրներն են առիթ դարձել, որ 2021 թվականի դեկտեմբերի 21-ից Պատանի հանդիսատեսի թատրոնում մեկնարկեն ստեղծագործության համանուն ներկայացման բեմադրական աշխատանքները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ներկայացումն արդեն պատրաստ է: Առաջնախաղերը տեղի կունենան հունիսի 25-26-ին:

Հունիսի 24-ին լրագրողների հետ հանդիպմանը բեմադրության ռեժիսոր Դավիթ Հարությունյանն ասաց՝ ցանկացած ռեժիսոր ունի հեղինակների ցուցակ, որոնց պիեսներին մտադիր է անդրադառնալ: Հարությունյանի համար Թենեսի Ուիլյամսն այդ դրամատուրգներից է եղել դեռ ուսանողական տարիներից:

«Ուիլյամսը շատ հետաքրքիր հեղինակ է, որը գրում է պարզ լեզվով, բայց խոսում է բարդ բաների մասին, ինչը գրավում է նաև դերասաններին: Դերերը բավականին էմոցիոնալ են, և դերասանը պետք է մեծ էներգիա ունենա, որպեսզի կարողանա այդ տեսարանները հաղթահարել: Մենք ամեն բան արել ենք հանգիստ, քայլ առ քայլ: Մի շարք նյութեր ենք ուսումնասիրել, ֆիլմեր, ներկայացումներ ենք դիտել:  Տարբեր ազգեր տարբեր կերպ են մատուցում պիեսը, դերասանները յուրովի են մեկնաբանում իրենց կերպարներին»,-նշեց ռեժիսորը:

Նրա խոսքով՝ մենք աղճատված հասարակություն ենք դարձել, դադարել ենք խոսել միմյանց հետ, սկսել ենք ձևացնել, որ ամեն բան կարգին է, և պիեսում այս ամենն ընդգծվում է:

Ներկայացման մեջ զբաղված են բացառապես Պատանի հանդիսատեսի թատրոնի դերասանները: Դերակատարներն են Սիրանուշ Լազյանը, Անդրանիկ Հակոբյանը, ՀՀ վաստակավոր արտիստներ Արտաշես Շահվերդյանը, Անահիտ Բաբելյանը, Արա Մաթևոսյանը, դերասաններ Սամվել Դանիելյանը, Շուշան Ղազարյանը, Սամվել Օհանյանը: Բեմադրող նկարիչը Գարեգին Եվանգուլյանն է, զգեստների դիզայնը՝ Լիլիթ Մելիքյանի:

Հարությունյանը դերասանների հետ մեծ հույսեր է կապել, և շատ ուրախ է, որ հույսերն արդարացել են նրանց աշխատասիրության, պատրաստակամության շնորհիվ:

Ռեժիսորը շեշտեց, որ պիեսը խմբագրվել է. որոշ շերտեր չեն ներառվել ներկայացման մեջ:

Թատրոնի գեղարվեստական խորհրդատու, ՀՀ ժողովրդական արտիստ Հրաչյա Գասպարյանը կարծում է՝ ոչ ոք չպետք է զարմանա, որ Պատանի հանդիսատեսի թատրոնում երեկոյան ներկայացումներ ևս բեմադրվում են, որովհետև այսօր ոչ միայն  երեխաներին, այլև նրանց ծնողներին է պետք կրթել: «Մենք  տեսնում ենք, որ շատ ծնողներ երեխաներին բջջային գնելով՝ համարում են, որ լուծել են բոլոր հարցերն ու մոռանում են, որ երեխան մեծանում է ընտանիքում, որտեղ պետք է լավ մթնոլորտ տիրի:  Այն ընտանիքում, որտեղ սեր կա, հաշտություն, այդ ընտանիքում երեխան երջանկ է լինում: Մեր ցանկությունն է, որ մեր երեխաները երջանիկ լինեն: Թենեսի Ուիլյամսն իր պիեսով ասում է, որ ընտանիքն առանց սիրո քանդվող է: Եթե չկա սեր, երեխաները ո՛չ կրթված են, ո՛չ դաստիարակված: Հեղինակը բարդ ու բազմաշերտ է դա ներկայացրել»,-ասաց Գասպարյանն ու հավելեց, որ ներկայացումը բեմադրվել է մեծ սիրով, հեղինակի հանդեպ մեծ հարգանքով:

Ըստ նրա՝ այն իմաստությունը, որը կա պիեսում, բացահայտված է ու մատուցված է գեղագիտորեն:

Թատրոնի տնօրեն Էմին Թորոսյանն էլ շեշտեց՝ որոշել են խաղացանկը համալրել համաշխարհային ճանաչում ունեցող հեղինակների ստեղծագործություններին: Նման հեղինակներից է Թենեսի Ուիլյամսը: Նրա հավաստիացմամբ՝ յուրաքնաչյուր թատրոնի համար «Կատուն շիկացած տանիքին» պիեսի նման ստեղծագործությանն անդրադառնալը կարևոր է:

Թորոսյանը տեղեկացրեց, որ առաջիկայում ռեժիսոր Արթուր Սահակյանը թատրոնում  բեմադրելու է Վիլյամ Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիետ» պիեսը, ընթացքի մեջ են  Ռոալդ Դալի «Չարլին և շոկոլադի գործարանը» հեքիաթի բեմադրական աշխատանքները, բեմադրելու են Պիեռ Կոռնեյլի «Սիդ»-ը: «Այդ գործերը հայրենասիուրթյուն են քարոզում, դաստիարակչական տարրեր ունեն, ինչը մեզ համար կարևոր է»,-ասաց նա:

Թենեսի Ուիլյամսը «Կատուն շիկացած տանիքին» պիեսը գրել է 1950-ական թվականներին: Հեղինակն այդ ստեղծագործության համար արժանացել է մի շարք մրցանակների:

Պիեսի հիման վրա նկարահանվել է երեք ֆիլմ, բեմադրվել են բազում ներկայացումներ. և՛ ֆիլմերում, և՛ ներկայացումներում խաղացել են հայտնի, համաշխարհային դերասաններ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]