Նիկոլ Փաշինյանը Եգիպտոսի նախագահին շնորհավորել է հեղափոխության 70-ամյակի առթիվ
ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդ Ալ-Ֆաթթահ Ալ-Սիսիին՝ հեղափոխության 70-ամյակի առթիվ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ուղերձում, մասնավորապես, ասված է.
«Մեծարգո նախագահ,
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ հեղափոխության 70-ամյա հոբելյանի կապակցությամբ։
Հպարտությամբ կարող ենք արձանագրել, որ Հայաստանի և Եգիպտոսի միջև հարաբերություններն առանձնանում են պատմական սերտ առնչությունների վրա հիմնված բարեկամությամբ և զարգացման մեծ ներուժով։ Վստահ եմ, որ համատեղ աշխատանքի շնորհիվ մենք հայ-եգիպտական հարաբերությունները կբարձրացնենք նոր մակարդակի՝ ընդլայնելով երկկողմ և բազմակողմ համագործակցության օրակարգը։
Հայաստանը մեծապես շահագրգռված է Միջին Արևելքի կայունությամբ և բարձր է գնահատում Եգիպտոսի դրական դերակատարությունը տարածաշրջանի անվտանգության ամրապնդման գործում և ահաբեկչության դեմ պայքարում։
Մաղթում եմ Ձեզ առողջություն և նորանոր հաջողություններ, իսկ Եգիպտոսի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարեկեցություն։
Ընդունեք խնդրեմ, Ձերդ գերազանցություն, խորին հարգանքիս հավաստիքը»։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում