Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

«Երևանյան բեսթսելեր».Աղաբաբյանի գործերը՝ կրկին առաջատար. հայ գրականություն. հուլիս, 2022

«Երևանյան բեսթսելեր».Աղաբաբյանի գործերը՝ կրկին առաջատար. հայ գրականություն. 
հուլիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է հայ գրողների գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը՝ ըստ հուլիսի վաճառքի տվյալների:

Առաջին տեղում է Աշոտ Աղաբաբյանի «Մենակը»: Ըստ հեղինակի՝ այս գրքի միջոցով առաջին անգամ ընթերցողը ծանոթանում է վերջին տասնամյակներում պետական գաղտնիք համարվող մի շարք իրադարձությունների բացահայտումներին, որոնք թեև առասպելական են թվում, բայց բացարձակ իրական դեպքեր են: Վեպի հիմքում ակադեմիկոս Գրիգոր Գուրզադյանի «գաղտնի» հայտնագործություններն են:

Սյունե Սևադայի «Աղի թեյ»-ը երկրորդ տեղում է։ 2019-ի գարնանը երաժշտական աշխարհը ցնցվում է անսպասելի լուրից. համաշխարհային ճանաչում ունեցող  երիտասարդ հայ դաշնակահար ու կոմպոզիտոր Իդան ողբերգական ավտովթարի պատճառով հեռացել է կյանքից: Մահից ամիսներ անց հայաստանյան ամենամեծ հրատարակչության հիմնադիրը կապվում է Իդայի օգնականի ու ամենամտերիմ մարդու՝ Նենէի հետ՝ առաջարկելով Իդայի մասին կենսագրական գիրք գրել: Նենէն համաձայնում է, բայց գրվող ամեն էջի հետ բացահայտվում են մանրամասներ, որոնք ստիպում  են բացել անցյալի մռայլ էջերը, նորովի ճանաչել մարդկանց ու առերեսվել սարսափելի իրականությանը...

Երրորդ հորիզոնականում է Աշոտ Աղաբաբյանի «Վերջին անգամ ենք ապրում» վեպը։ Այն լեգենդար հայորդի, ժամանակին աշխարհի ամենաուժեղ մարդը համարվող ծանրամարտիկ Սերգո Համբարձումյանի բուռն ու դրամատիկ ոդիսականի մասին է։ Առաջին անգամ հայ ընթերցողը կտեղեկանա մեր պատմության «փակ» էջերի նոր բացահայտումներին, Սերգո Համբարձումյանի անհավանական թվացող փոթորկալից կյանքին, որն ուղեկցվել է Աղասի Խանջյանի, Իոսիֆ Ստալինի, Անաստաս Միկոյանի, Լավրենտի Բերիայի, Եղիշե Չարենցի, Ներքին գործերի արյունարբու Ժողկոմ Խաչիկ Մուղդուսու հետ կապված բազմաթիվ, մեր ժողովրդի համար շրջադարձային իրադարձություններով։

Չորրորդ տեղում է Աշոտ Աղաբաբյանի «Թակարդ» վեպը: «Թակարդի» գլխավոր հերոսի անուն-ազգանունը հասկանալի պատճառով չի բացահայտվում մամուլում, նա չի երևում հեռուստաէկրաններին: Նրա և նրա նմանների բացառիկ գործողությունների մասին սովորաբար լռում են կամ խոսում միայն տասնամյակներ անց: Երկրի համար ճակատագրական պահին հատուկ պատրաստություն անցած այս եզակի մարդիկ իրենց բացառիկ գործողություններով անուրանալի ծառայություններ են մատուցում հայրենիքին: Բայց սովորաբար նրանց «մոռանում են»: Աշոտ Աղաբաբյանի «Թակարդը» վեպի հերոսը այդ բացառիկ անհատներից մեկն է՝ մեր կողքին ապրող հետախույզ «Ջոն Հանիսյանը», որի անհավանական թվացող գործողություներն ու դրամատիկ կյանքի պատմությունն է վեպի հիմքում՝ մեր օրերի հերոսամարտում:

Գոհար Նավասարդյանի «Սիրելուց հետո» գիրքը հինգերորդ տեղում է։ Այն, որ սիրահարվածությունից հետո գալիս է սերը՝ գուցե տրամաբանական է, բայց թե ինչն է հաջորդում սիրուն, շատերի համար է հանելուկ: Այս վիպակը սիրո գեղեցիկ պատմություն է, որում նկարագրվում է, թե ինչ է լինում սիրելուց հետո: Գիրքը սովորեցնում է խնամել սերը, չհամարել այն ուղղակի պարտականություն կամ բեռ, որովհետև այս զգացմունքը մեռնում է, երբ հարաբերություններում վաղուց կյանք չկա և, մյուս կողմից, կարող է շունչ առնել, եթե ինքներս ուզենանք… Վերջինս վիպակում հնարավոր է դառնում միայն կարոտի և կապվածության վախը հաղթահարելու շնորհիվ, որը պիտի բերեր սիրած մարդուց հեռանալու որոշման: Վիպակում ցույց է տրված, որ հենց այդ որոշումը, ինչպես նաև պատահականությունները կամ, գուցե, ճակատագիրը իրենց հերթին գիտակցել են տալիս, որ յուրաքանչյուր հաջորդ րոպեն կարող է և չսկսվել, ինչը սթափեցնում է մարդուն` ստիպելով կյանքին այլ աչքերով նայել:

Վեցերորդ տեղում է Գոհար Նավասարդյանի «Ինձ պիոններ չնվիրես» վիպակը: Գիրքն անկեղծ սիրո պատմություն է՝ գրված իրական ապրումների հիման վրա։ Վիպակը մի երիտասարդ զույգի մասին է, որը մի քանի անգամ հանդիպում է շատ պատահական։ Երիտասարդը սիրահարվում է առաջին իսկ հայացքից՝ մոռանալով, որ միշտ թերահավատորեն է վերաբերվել առանց ճանաչելու դիմացինին սիրահարվելու փաստին։ Ինչպես բոլոր զույգերի մոտ, նրանց սերը ևս վախերի, կասկածների, մտորումների, խանդի ու կարոտի մեծ հանրագումար է, որը միշտ շաղախված է անեզր սիրով ու նվիրվածությամբ։ Գրքում այլաբանությունները շատ են, առաջին հայացքից սովորական թվացող հարաբերություններում շատ ավելի խորը հարցեր են արծարծվում։ Գրքի վերնագրում անգամ փոխաբերական իմաստ կա։ Հերոսուհին խնդրում է իր սիրած ծաղիկն իրեն չնվիրել, որպեսզի դրանք հողում մնան, ապրեն ու սիրվեն։ Սրա տակ էլ գրքի ողջ իմաստն է. ծաղիկը հողում է գեղեցիկ, թռչունն՝ ազատության մեջ, սերն էլ վանդակում չի շնչում, ուշ թե շուտ կխեղդվի...

Յոթերորդ տեղում է Համաստեղի «Սպիտակ ձիավորը» վեպը, որը հայ գրականության նվաճումներից է: Առաջին անգամ երկու հատորով լույս է տեսել 1952-ին Լոս Անջելեսում: Ներկա հրատարակությունը առաջինն է Հայաստանում: Ուղղվել են նախորդ հրատարակության մեջ սպրդած վրիպակներն ու բացթողումները:

Ութերորդ հորիզոնականում է Վարդգես Պետրոսյանի «Ապրած և չապրած տարիներ» գիրքը, որում ընդգրկված են հեղինակի «Ապրած և չապրած տարիներ» վիպակը և 1970 թվականին հրատարակված նույնանուն գրքում զետեղված «Ինչո՞ւ են շուտ մեռնում ծաղիկները» պատմվածաշարը: Այս հրատարակության համար հիմք է ծառայել 1983-ին լույս տեսած երկհատորյակը: Այն լույս է տեսել Վարդգես Պետրոսյանի 85-ամյակի կապակցությամբ: 

Ւններորդ տեղում է Վարդգես Պետրոսյանի «Վերջին ուսուցիչը»: Ոմանք նրան տեսել են Եվայի մերկությամբ, ոմանք՝ ծովափնյա, ինչ կա որ: Ոչինչ չէր լինի, եթե այդ պահին դուռը չբացվեր, և անակնկալ ներս չնայեր քիմիայի ուսուցչուհի Սոնա Միքայելյանը: Տեսածը տեսած էր, որ նշանակում է հաջորդ պահին այդ մասին պետք է իմանար տնօրենը, հետո՝ ուսուցչանոցը, հետո՝ ամբողջ դպրոցը…

Սարգիս Հովսեփյանի «Հանդարտություն»-ը տասներորդ տեղում է։ «Հանդարտություն» վեպը էքզիստենցիալ դրամա է` դետեկտիվ տարրերով, որի իրադարձությունները ծավալվում են Հայաստանի` անկախություն ձեռք բերելուց հետո ընկած ժամանակահատվածում և շարունակվում են մինչև 2018 թվականը:

«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը

Ցանկում ներառված չեն «Երևանյան բեսթսելեր» մրցանակի արժանացած գրքերը

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (011-53-74-13), «Հայ գիրք-Դարան» (56-80-38), «Զանգակ» (011-22-33-66), «Նոր գրախանութ» ( 044-53-74-74), «Ֆենիքս»  (011-323-327) գրախանութների և գրատների ցանցերը:

Տեղ Փոփ. Գիրք Հրատ. Քանակ
1 +3

Աշոտ Աղաբաբյան

«Մենակը»

Բուկինիստ 65
2 Նոր

Սյունե Սևադա

«Աղի թեյ»

Newmag 52
3 *

Աշոտ Աղաբաբյան

«Վերջին անգամ ենք ապրում»

Բուկինիստ 51
4 -3

Աշոտ Աղաբաբյան

«Թակարդ»

Բուկինիստ 40
5 -2

Գոհար Նավասարդյան

«‎Սիրելուց հետո»

հեղ․հրատ 38
6 -4

Գոհար Նավասարդյան

«Ինձ պիոններ չնվիրես»

հեղ․հրատ 36
7 Նոր

Համաստեղ

«Սպիտակ ձիավորը»

Արմավ 33
8 0

Վարդգես Պետրոսյան

«Ապրած և չապրած տարիներ»

Դարակ 27
9 *

Վարդգես Պետրոսյան

«Վերջին ուսուցիչը»

Դարակ 20
10 Նոր

Սարգիս Հովսեփյան

«Հանդարտություն»

Անտարես 15

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]