Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Տավուշում մեկնարկել է հանրակրթական դպրոցների տնօրենների օգոստոսյան խորհրդակցությունը

Տավուշում մեկնարկել է  հանրակրթական դպրոցների տնօրենների օգոստոսյան 
խորհրդակցությունը

ԻՋԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Տավուշի մարզում մեկնարկել է  հանրակրթական դպրոցների տնօրենների օգոստոսյան խորհրդակցությունը, որի ընթացքում քննարկվեցին նոր ուսումնական տարվա նախապատրաստական աշխատանքները: Տավուշի մարզից հետո Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը  նախատեսում է  խորհրդակցություններ անցկացնել նաև Հայաստանի մյուս մարզերում և Երևանում: Խորհրդակցությանը մասնակցում էին Տավուշի մարզի 82 հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրեններ ու փոխտնօրեններ, ՀՀ Տավուշի մարզպետարանի, ԿԳՄՍ նախարարության և ԿԶՆԱԿ-ի պատասխանատուներ:

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ խորհրդակցությանը ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը՝ նոր 2022-2023  ուսումնական տարվան ընդառաջ ներկայացրեց  հանրակրթության պետական նոր  չափորոշիչների ներդրման ընթացքը, արդյունքը և մի շարք փոփոխություններ, որոնք իրականացվելու են նոր ուսումնական տարում:

Անդրադառնալով օգոստոսի 14-ին Երևանում տեղի ունեցած պայթյունին՝ Անդրեասյանը նախ և առաջ ընդգծեց անվտանգության կանոնների պահպանման և կիրառման վերաբերյալ գիտելիքների տրամադրման կարևորությունը՝ առաջարկելով տնօրեններին մեծ ուշադրություն դարձնել դպրոցներում անվտանգության վերաբերյալ կարևոր նյութերի դասավանդման կազմակերպմանը, որում նախարարությունը պատրաստ է աջակցություն ցուցաբերել՝ համապատասխան գերատեսչությունների հետ համագործակցելով :

Նոր չափորոշչի ներդրման մասին Տավուշի մարզի տնօրեններին ուղղված խոսքում Անդրեասյանը կարևորեց հանրակրթության նոր չափորոշիչի փորձարկումը, որը մարզի դպրոցներում կատարվում է նախորդ ուսումնական տարվանից սկսած և շարունակվելու է այս տարի։

«Պատահական չէ, որ օգոստոսյան խորհրդակցությունը սկսել ենք հենց Տավուշի մարզից, քանի որ մարզում արդեն մեկ տարի է ներդրվել է կրթական նոր չափորոշիչը, որի հաջող  ավարտից հետո այն կներդրվի նաև մյուս մարզերում: Մենք նաև Դիլիջանում  վերջերս ամփոփեցինք մեկ տարվա փորձարկման արդյունքները և արձանագրեցինք, որ ունենք բավական մեծ առաջընթաց»,- ասաց նախարարի տեղակալը:

Ժաննա Անդրեասյանը նշեց, որ 2022 թվականի նոր ուսումնական տարում նախարարությունը կապահովի լաբորատորիաների գործարկման ծախսերը, քանի որ, երբ լաբորատորիաները սկսեն գործարկվել ըստ չափորոշիչների,  ամբողջ տարվա ընթացքում կարիք է լինելու ձեռք բերել նոր նյութեր  և դրանք պատշաճ պահպանել:

Անդրադառնալով ատեստավորմանը՝ փոխնախարարը նշեց, որ այն վերապատրաստումը, որ ստացել են ուսուցիչները Տավուշի մարզում 2021 թվականին ՝ նոր չափորոշիչները փորձարկելու համար, նրանց հնարավորություն է տվել ավտոմատ ատեստավորվելու. «Այս տարի նույնպես ուսուցիչները այդ հնարավորությունը կստանան»,- ասաց փոխնախարարը:

Տնօրեններին վերաբերվող նոր սահմանափակումների վերաբերյալ  Անդրեասյանը ընդգծեց, որ  փոփոխությունը ներկայացվել է հանրակրթության օրենքի փոփոխությունների ժամանակ, և ընդունվել է 2022 թվականի մարտի 3-ին: «Այս փոփոխությամբ մենք  կարգավորել ենք այն դեպքերը, թե որ պարագայում  հնարավորություն կստեղծվի վարչական աշխատողների, տնօրենների և փոխտնօրենների դասավանդման համար: Մենք պետք է կարողանանք առավելագույն ժամաքանակով ապահովել դպրոցի գործող ուսուցիչներին և վարչական աշխատողների դասավանդումը դիտել  իբրև տարբերակ՝ անհրաժեշտությունից ելնելով»,- ասաց նա:

Այս տարի նաև իրականացվելու է տնօրենների ատեստավորում: Այժմ մշակվում է նոր կարգ, որը ենթադրվում է, որ ուժի մեջ կմտնի 2023 թվականի սեպտեմբերից և հնարավորություն կտա բարձրացնել տնօրենների, փոխտնօրենների և մնացած վարչական աշխատողների աշխատավարձերը:

Կրթության զարգացման նորարարությունների ազգային կենտրոնի տնօրենի պաշտոնակատար Արտաշես Թորոսյանը ներկայացրեց ուսումնական պլանների, թեմատիկ պլանավորման, տնօրենների վերապատրաստման, կրթության զարգացման նորարարությունների ազգային կենտրոնի կողմից ուղեցույցների ստեղծման և մի շարք այլ խնդիրների շուրջ կատարված աշխատանքները:

Նա նշեց, որ ԿԶՆԱԿ-ի աշխատակիցները մարզի դպրոցների ուսմասվարներին են ներկայացնում նոր ուսումնական մասում նախատեսված անելիքները և նոր ուսումնական մեթոդական ձեռնարկները և դրանց ճիշտ կիրառման մեթոդները:

Խորհրդակցության ընթացքում նախարարի տեղակալն ու մյուս պատասխանատուները պատասխանեցին տնօրենների հարցերին, որոնք վերաբերվում էին դպրոցների շենքերի տեխնիկական վիճակին, աշխատավարձերի բարձրացմանը, ատեստավորմանը և մի շարք այլ խնդիրների։

Գայանե Գաբոյան

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am