Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Մարսն այլ մոլորակ ունենալու մեր ամենամոտ հնարավորությունն է․ բացառիկ հարցազրույց լուսնագնաց Չարլի Դյուքի հետ

Մարսն այլ մոլորակ ունենալու մեր ամենամոտ հնարավորությունն է․ բացառիկ 
հարցազրույց լուսնագնաց Չարլի Դյուքի հետ

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մարդկության պատմության ընթացքում միայն 12 մարդու է բախտ վիճակվել քայլել Լուսնի վրա։ Նրանցից առաջինը 1969 թվականի «Ապոլոն-11» առաքելության հրամանատար Նիլ Արմսթրոնգն էր, իսկ վերջինը՝ 1972 թվականի «Ապոլոն-17» առաքելության մասնակից Յուջին Սերնանը։ Այսօր 12 լուսնագնացներից ողջ են միայն 4-ը. նրանցից «Ապոլոն-16» առաքելության մասնակից Չարլի Դյուքը STARMUS փառատոնին մասնակցելու նպատակով այցելել էր Հայաստան։ «Արմենպրես»-ը բացառիկ հարցազրույց է անցկացրել աստրոնավտ Չարլի Դյուքի հետ` խոսելով մարդկության՝ Լուսին վերադարձի, Տիեզերքում ԱՄՆ-Ռուսաստան համագործակցության, տիեզերական ուսումնասիրությունների ապագայի մասին։

 

«Արտեմիս» լուսնային ծրագրով ՆԱՍԱ-ն մտադիր է մարդկանց վերադարձնել Լուսին

Ես լավատեսորեն եմ տրամադրված։ Իրականում, շատ դժվար խնդիր է «Արտեմիս»-ի նման բարդ և խոշոր մեքենայի (հեղ․ - նկատի ունի SLS կրող-հրթիռը) մեկնարկը ճիշտ ժամանակին կազմակերպելը։ Շատ մանր հարցեր կան, որոնք կարող են վնասել մեկնարկի կազմակերպմանը։

Վերջին անգամ անջատում կար այն հատվածում, որտեղից մատակարարվում է ջրածինը։ Մենք այնտեղ արտահոսք ունեցանք։ Նման պայմաններում, եթե թռիչք իրականացվեր, կարող էր պայթյուն տեղի ունենալ։ Մասնագետները շատ զգուշավոր են առաջին մեկնարկի հարցում։

Սակայն ես շատ լավատեսորեն եմ տրամադրված։ Ինչպես երևում է՝ մեկնարկի հաջորդ փորձը կլինի հոկտեմբերին։ Հուսանք, որ ամեն բան հարթ կանցնի։

 

ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև տիեզերական համագործակցության ապագան

Քաղաքականությունն այդքան էլ չի վնասել տիեզերական ծրագրերի իրականացմանը։ Այս պահին Միջազգային տիեզերակայանում գտնվող անձնակազմում կան անդամներ Ռուսաստանից, ԱՄՆ-ից և այլ երկրից (խմբ․ - Եվրոպական տիեզերական գործակալությունից)։ Ես տեսնում եմ, որ դա շարունակվում է։ Հիմա մենք ԱՄՆ-ից մեր աստրոնավտներին տիեզերք ենք ուղարկում SpaceX-ի Dragon տիեզերանավերով։ Ռուսաստանցիները շարունակում են իրենց անձնակազմերին ուղարկել։ Ինչպես երևում է՝ նրանք այնտեղ բավականին լավ են իրար հետ։ Քաղաքականությունը վերանում է, երբ միասին տիեզերքում ենք։ Ես հուսով եմ, որ կառավարությունները կարող են շարունակել քաջալերել սա։ Եկեք ավարտին հասցնենք ծրագիրը, մենք մոտ 10 տարի ունենք Միջազգային տիեզերակայանի հետ կապված։ Հուսով եմ, որ կկարողանանք շարունակել համագործակցությունը։

 

Տիեզերական զբոսաշրջության դարաշրջանի մասին

Ես ոգևորված եմ տիեզերական զբոսաշրջության փաստով։ Մի քանի ընկեր ունեմ, ովքեր թռել են. Լորա Շեփհարդը՝ Ալան Շեփհարդի դուստրը թռել էր Blue Origin ընկերության տիեզերանավով, մի քանի այլ մարդկանց ևս ճանաչում եմ։ Ես նրանց բոլորին պատմել եմ, որ բոլորս հետևել ենք Blue Origin-ի մեկնարկին։ Նախավերջինին։ Տիեզերանավում վեց մարդ կար։ Ես նրանց ասացի. «Երբ լինեք վերևում, դուք 5 րոպե կունենաք։ Պարզապես պատուհանից դուրս նայեք։ Մի անհանգստացեք «զրոյական» գրավիտացիայի համար, ուղղակի պատուհանից դուրս նայեք։ Դա կլինի ձեր կյանքում տեսած ամենահիասքանչ տեսարանը»…

Կարծում եմ՝ մերձակա տիեզերքի ապագան մասնավոր ընկերություններինն է, ինչպիսիք են SpaceX-ը, Blue Origin-ը, Boeing-ը։ ՆԱՍԱ-ն օգտագործելու է նրանց գումարները՝ գնալու հեռավոր տիեզերք, իրականացնելու «Արտեմիս» և նմանօրինակ այլ ծրագրեր։ Եվ ես ոգևորված եմ Տիեզերքի, ինչպես ես եմ անվանում, «մասնավորեցմամբ»։ Տեսնենք, թե ինչ կլինի հետո։

 

Առաջիկա տասնամյակներում ո՞ւր է տանելու մարդկությանը Տիեզերքի ուսումնասիրությունը

Հուսով եմ, որ «Արտեմիս»-ը կլինի Լուսնի վրա գիտական բազայի հիմնման առաջին քայլը։ Մենք գիտական բազա ունենք Անտարկտիդայում՝ տարբեր երկրների մասնակցությամբ։ Անտարկտիդայում պայմանները բարենպաստ չեն։ Սակայն մենք անում ենք դա, մենք ապրում ենք այնտեղ։ Նույնը կարող ենք անել նաև Լուսնի վրա։ Կարող ենք սովորել, թե ինչպես է պետք գործել Լուսնի վրա, անցկացնել գիտափորձեր, ունենալ աստղադիտակներ, հասկանալ մարդկային ֆիզիոլոգիան այնտեղ, միգուցե, բացահայտել ջրի առկայությունը Լուսնի վրա… Լուսնի ուսումնասիրման շնորհիվ այնքան բան կարելի է իմանալ Տիեզերքի մասին։

Մենք գնալու ենք Մարս և ապրելու ենք այնտեղ։ Իսկ դրա համար անհրաժեշտ է, որ այստեղ բավականաչափ փորձառություն ունենանք, քանի որ Մարսի առաքելության շրջանակում այնտեղ հայտնվելուց հետո դու այդ մոլորակի վրա միայնակ ես լինելու։ Եվ դու քեզ հետ ամեն բան վերցրել ես, ամեն բան պետք է աշխատի։ Սակայն Լուսնի վրա դու Երկրից 72 ժամվա հեռավորության վրա կլինես, կունենաս կապ։ Կարող ես կապվել Հյուսթոնի կամ ցանկացած այլ կենտրոնի հետ ու հաղորդել խնդրի առկայության մասին։ Եվ հակառակ կողմից անմիջապես կպատասխանեն քեզ ու կօգնեն լուծումներ գտնել։ Սակայն Մարսի վրա, եթե խնդիր ունենաս, ապա միայն պետք է հուսալ, որ քեզ հետ համապատասխան սարքավորումներ տարած կլինես՝ խնդիրը հարթելու համար։  Մարսի առաքելությունը ծրագրելը շատ և շատ բարդ է ու կարևոր։

Անձնակազմի ընտրության հարցում ևս պետք է ուշադիր լինել՝ արդյոք տիեզերանավում կա բժիշկ։ Դեպի Մարս ճանապարհին, եթե հիվանադանաս, քեզ բժիշկ հարկավոր կլինի։ Երկիր մոլորակն այլևս չի կարողանա օգնել։ Առավելագույնը, որ Երկրից կարող ես ստանալ, խորհուրդն է։ Սակայն այս դեպքում էլ, եթե Մարսից ասես. «Հե՜յ, Հյուսթոն, մենք խնդիր ունենք», նրանք քեզ կլսեն միայն 12 րոպե անց։ Իսկ դրանից ևս մոտ 12 րոպե անց դու կլսես նրանց։ Դա արդեն մոտ 30 րոպե է անում, իսկ 30 րոպեում շատ բան կարող է պատահել։ Մարսն ինքնավար է։ Մենք պետք է պատրաստվենք, պետք է մեծ վստահություն ունենանք մեր համակարգերի հանդեպ, որ կկարողանանք վստահաբար մեկնարկել ու հասնել Մարս։ Ինձ համար Լուսին գնալուց 10 անգամ ավելի բարդ է Մարսի առաքելությունը ծրագրելն ու դրան նախապատրաստվելը։ Սակայն կարծում եմ, որ մարդկային ոգին մշտապես ձգտում է բացահայտել, և հենց Մարսն է մեր ամենամոտ հնարավորությունը՝ ունենալու այլ մոլորակ։ Եվ մենք կգնանք այնտեղ։

 

Լուսնի վրա քայլած ամենաերիտասարդ մա՞րդը

Իրականում ՆԱՍԱ-ն մեծ պատմություն սարքեց դրանից, մինչդեռ ես ընդամենը 4 ամիս էի ավելի երիտասարդ «Ապոլոն-17»-ի աստրոնավտ Հարիսոն Ջեք Շմիթից։ Նա վերջերս դարձել էր 87 տարեկան, իսկ իմ 87-ը կլրանա նրանից 4 ամիս անց (խմբ․ - հոկտեմբերի 3-ին)։  Ուստի՝ մեծ բան չէ։ Ես անհամբեր սպասում եմ «Արտեմիս» ծրագրի իրականացմանը։ Գիտեք, իրականում 87 տարեկանում էլ ես շարունակում եմ մնալ ամենաերիտասարդ մարդը Լուսնի վրա։

Լիահույս եմ, որ մի քանի ամսից ես ինչ-որ կնոջ կամ տղամարդու կասեմ, որ հենց նա է Լուսնի վրա քայլած ամենաերիտասարդ մարդը։

Ինձ համար մեծ պատիվ էր ընտրվել՝ Լուսնի վրա լինելու համար։ Մենք թռիչքի կարգավիճակ ունեցող 42 աստրոնավտ ունեինք, և մեզնից միայն 24-ին բախտ վիճակվեց գնալ Լուսին։ 18 աստրոնավտ իսկապես հիասթափված էին, որ չկարողացան այնտեղ գնալ։ Իսկ մեզնից 12-ը այդպես էլ չքայլեցին Լուսնի վրա, թեպետ նրանք ավելի լավ վիճակում էին, քան նրանք, ովքեր առհասարակ չթռան Լուսին։ Եվ այնուամենայնիվ, նրանց բախտ չվիճակվեց քայլել Լուսնի վրա։ Իսկ ես դարձա Լուսնի վրա քայլած 12 անձանցից մեկը, ինչը մեծ պատիվ էր ինձ համար։ 

Ինչպե՞ս է 86-ամյա տիեզերագնացը պահպանում կազմվածքը

Բարեբախտաբար, ես բավական լավ մարզավիճակում եմ։ Ես ֆիզիկական վարժություններ եմ անում և այսօր էլ կարող եմ հանձնել ՆԱՍԱ-ի թռիչքի ֆիզիկական պատրաստվածության քննությունը։ Մենք տանն ունենք վազքուղի և մարզվելու հեծանիվ, ես հրումներ ու կքանիստեր եմ անում, տարբեր քաշեր եմ բարձրացնում և քայլում եմ։ Իհարկե, վազքուղու վրա չեմ վազում այլևս, սակայն այն 10 աստիճանով թեքում եմ և քայլում ժամում 5 կիլոմետր արագությամբ՝ 30-40 րոպե։ Եվ երբ տանն ենք, աշխատում եմ շաբաթական 5 անգամ մարզվել… Այս պահին կշռում եմ մոտ 70 կգ՝ ճիշտ այնքան, որքան Լուսնի վրա իջնելու ժամանակ էի։ 

 

21-րդ դարի մեծագույն գիտական նվաճումը

Ես հավատացած եմ, որ մեծագույն գիտական նվաճումը բժշկությունն է։ Համակարգչային շերտագրության և մագնիսական ռեզոնանսի միջոցով սեփական մարմինը ներսից տեսնելու հնարավորության բացահայտումը այնքան շատ մարդու կյանք է փրկել։ Օրինակ, իմ կնոջ վնասված ուսն ամբողջությամբ փոխարինվել է իմպլանտով։ Նա 25 տարի առաջ դահուկով պատահարի ժամանակ վնասել էր իր ուսը։ Ժամանակի հետ ուսն ավելի ու ավելի վատացավ, և ի վերջո նա ստիպված եղավ իմպլանտ տեղադրել։ Նա կրծքի քաղցկեղ ուներ, որը մամոգրաֆիայի միջոցով բավականին վաղ ախտորոշվեց։ Այս ամենն անհասանելի էր իմ ծնողների սերնդին։ Այդ պատճառով բժշկությունն ինձ համար ամենամեծ նվաճումն է։ 

Հայաստան և STARMUS

Լավ է լինել Հայաստանում։ Գարիկ Իսրաելյանը մոտ 7 տարի առաջ մեզ կրկին բերել էր այստեղ, և մենք մոտ մեկ շաբաթ անցկացրինք Հայաստանում։ Սա հիանալի երկիր է, որն ապշեցնող պատմություն ունի․․․

STARMUS-ի շրջանակում մշտապես հիանալի ժամանակ ես անցկացնում։ Ես եղել եմ բոլոր STARMUS-ներին՝ բացառությամբ մեկի։ Գարիկն իսկապես լավ և սատարող ընկեր է։ Նա միավորում է գիտական հանրությանը։ Այստեղ ես հանդիպել եմ որոշ աստրոնավտների, ում մինչ այդ չէի հանդիպել։ Նրանք հիմնականում շաթլների աստրոնավտներ են։ Հանդիպել եմ այստեղ գիտնականների ու ինժեներների ողջ աշխարհից։ Ինձ դուր է գալիս հանդիպել մարդկանց և խոսել այն մասին, թե ինչով են զբաղվում։ Մարդկանց միավորելու հիանալի հնարավորություն է։ Եվ Բրայան Մեյն էլ դարձել է մեր լավ ընկերը։ Առանձնահատուկ է տեսնել նրան ու նրա տաղանդը, տեսնել մյուս բոլոր երաժիշտներին։ Մենք միշտ վայելում ենք STARMUS-ը։

Հարցազրույցը՝ Արաքս Կասյանի

Լուսանկարները՝ Հայկ Մանուկյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]