Երևանում՝ 11:07,   29 Մայիս 2024

Վերաբացվել է Նորայր Մուշեղյանի անվան ըմբշամարտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցը

Վերաբացվել է Նորայր Մուշեղյանի անվան ըմբշամարտի օլիմպիական 
մանկապատանեկան մարզադպրոցը

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն սեպտեմբերի 26-ին ներկա է գտնվել Նորայր Մուշեղյանի անվան ըմբշամարտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի վերաբացման արարողությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, մարզադպրոցի տնօրեն Սամվել Գևորգյանի ընկերոջ՝ Վազգեն Գևորգյանի նախաձեռնությամբ և ֆինանսական աջակցությամբ իրականացվել են հիմնանորոգման աշխատանքներ, ինչի արդյունքում Նորայր Մուշեղյանի անվան ըմբշամարտի օլիմպիական մարզադպրոցը՝ միջազգային ամենաբարձր չափանիշներով վերանորոգված, իր դռներն է բացել հարյուրավոր սաների առջև:

Ըստ աղբյուրի՝ մարզադպրոցի վերաբացմանը ներկա են եղել նաև Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը, բարերար Վազգեն Գևորգյանը, Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Խաչատրյանը, օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի հնգակի և Եվրոպայի քառակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը, ըմբշամարտի աշխարհի այլ ներկայացուցիչներ, մարզիչներ և մարզիկներ:

Նշվում է, որ, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանի գնահատմամբ, նմանօրինակ պայմաններն անպայման նպաստելու են ավելի լավ արդյունքներ գրանցելուն. «Այն, ինչ այսօր կատարվել է այստեղ, ծափահարությունների է արժանի: Որպես հայ մարդ՝ խոնարհվում եմ բարերարի առջև: Նա իսկապես աստվածահաճո գործ է կատարել: Այսքան երեխա, կտրվելով փողոցից, ուժեղանում է և ֆիզիկապես դառնում է իր երկրին շատ պիտանի մարդ: Հիանալի է ուղղակի: Սա լուրջ ավանդույթներ ունեցող մարզադպրոց է, հարյուրավոր երեխաներ են այստեղ մարզվում: Ես վստահ եմ՝ այս պայմանները կօգնեն, որ մեդալները բազմապատկվեն»:

«Մարզադպրոցում տեղադրվել են ջեռուցման և հովացման ժամանակակից համակարգեր, բարձրակարգ օդորակիչներ, գերժամանակակից լույսեր, վարժասարքեր, ըմբշամարտի համար նախատեսված բարձրորակ գորգեր: Վերանորոգվել են մարզադպրոցի հանդերձարանները, լոգասենյակները, կառուցվել է նաև շոգեբաղնիք:

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ նշել է՝ որպես Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչներ իրենք հետևություններ կանեն, թե ինչպիսին պետք է լինեն մնացած մարզադպրոցները:

Նորայր Մուշեղյանի անվան ըմբշամարտի մանկապատանեկան մարզադպրոցը շատ տիտղոսակիր մարզիկներ, աշխարհի ու Եվրոպայի մեդալակիրներ թողարկած դարբնոց է: Վերջերս հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ20 տարեկանների աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր Վիգեն Նազարյանը, փոխչեմպիոն Սուրեն Աղաջանյանը, ինչպես նաև ԵԱ-ի բրոնզե մեդալակիր Կարեն Ասլանյանը հենց այս մարզադպրոցի սաներ են»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Մարզադպրոցի տնօրեն Սամվել Գևորգյանի խոսքով՝ հին կառույցից մնացել են միայն պատերը. «Շատ կարճ ժամանակում կարողացանք հսկայածավալ աշխատանքներ իրականացնել՝ չունենալով ո՛չ ազատ, ո՛չ հանգստյան օրեր: Այս մարզադպրոցը մեր տունն է, աշխատանքներն էլ արվել են այնպես, ինչպես մեր տանը կանեինք: Մեր մարզադպրոցն ամենահին դպրոցներից է ու մինչև հիմա առաջատարներից մեկն է: Այն հագեցրել ենք ամենաբարձր որակի գույքով և ժամանակակից մարզասարքերով, որպեսզի մեր երեխաները կարողանան մարզվել բարելավված պայմաններում: Ըմբշամարտի հավաքականի անդամների եթե ոչ 70, ապա 50 տոկոսն այս մարզադպրոցի սաներ են: Վստահ եմ՝ բարելավված պայմաններում մեր երեխաներն ավելի մեծ ոգևորությամբ կմարզվեն ու կձգտեն գրանցել առավելագույն արդյունքներ»:

Ըմբշամարտի դարբնոցներից մեկը համարվող այս մարզադպրոցը 1960-ական թվականներին հիմնադրվել է Նորայր Մուշեղյանի կողմից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am