Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

Մեր քաղաքական խնդիրը Հայաստանում արդարադատության նոր ստանդարտ սահմանելն է. Նիկոլ Փաշինյան

Մեր քաղաքական խնդիրը Հայաստանում արդարադատության նոր ստանդարտ 
սահմանելն է. Նիկոլ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Կառավարության, գործող քաղաքական ուժի խնդիրն է երկրում սահմանել արդարադատության նոր ստանդարտ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Հայաստանի Հանրապետության դատախազության հիմնադրման 105-ամյակին նվիրված «Դատախազության անկախությունը՝ որպես իրավունքի գերակայության երաշխավոր» թեմայով բարձր մակարդակի համաժողովում:

«ՀՀ-ում և Հայաստանի հանրության ամենամեծ ակնկալիքը եղել և շարունակում է մնալ արդարությունը, արդարությունը բոլոր ոլորտներում՝ սկսած սոցիալականից՝ ավարտած քաղաքականով: Եվ իհարկե, արդարության ամենակարևոր արտահայտումը, թերևս, արդարադատությունն է»,-ասաց Փաշինյանը՝ վստահեցնելով, որ որպես քաղաքական իշխանություն՝ իրենք այս ուղերձն ամեն օր իրենց հետ ունեն՝ սկսած սոցիալականից մինչև արդարադատության ոլորտում էական բարեփոխումներ իրականացնելով:

Նա նշեց նաև, որ այս տարիներին  աշխատավարձի էական բարձրացումներ են արել արդարադատության ոլորտում: Նաև, դատախազության համակարգի աշխատավարձերն են գրեթե կրկնապատկվել: Բարձրացումներ եղել են դատական համակարգում, քննչական համակարգում: Վարչապետը հասկանալի համարեց, որ այդ մոտեցումները միշտ չէ, որ ընդունվում են բարյացակամորեն:

 «Բայց ամեն անգամ ես, աշխատավարձերի բարձրացմանն անդրադառնալով, ասում եմ, որ մենք դա անում ենք առաջնահերթ ոչ թե հանուն դատախազների,դատավորների, քննիչների, այլ, առաջին հերթին, հանուն քաղաքացիների, քանի որ այդ միջոցով մենք նպատակ ունենք բարձրացնել քաղաքացիներին մատուցվող ծառայության, արդարադատության որակը: Եվ այս առումով մեր քաղաքական խնդիրն է Հայաստանում արդարադատության նոր ստանդարտ սահմանելը: Եվ ես հավատում եմ, որ այդ նոր ստանդարտը հաստատման ճանապարհին է: Դա հեշտ ճանապարհ չէ, բայց հետևողականորեն գնում ենք դրանով»,-ասաց վարչապետը:

Նա հիշեցրեց, որ Հայաստանում երկար քննարկումների, բանավեճերի արդյունքում ի վերջո դատախազության համակարգում ստեղծվել է ապօրինի գույքի բռնագանձման համակարգը: Եվ այդ մեխանիզմը սկսել է գործել: Փաշինյանը նշեց՝ արդյունքները դեռ առջևում են, սակայն նաև միջազգային գործընկերների աջակցությամբ կկարողանան այս ոլորտում ՀՀ քաղաքացիների ակնկալիքներն օրենքի գերակայության պայմաններում ապահովել:

«Այսօր Հայաստանի Հանրապետության լրահոսում շատ հաճախ են հայտնվում տեղեկություններ, որ, օրինակ, ամենատարբեր առիթներով հարուցված քրեական գործերով քաղաքացիները, այդ թվում՝ ընդդիմության ներկայացուցիչներն, արդարանում են, նաև՝ դատապարտվում են: Եվ սա նույնպես արդարադատության նոր ստանդարտի հաստատումն է: Կար ժամանակ, երբ որևէ մեղադրանք գնում էր դատարան, ըստ էության՝ 99.9 տոկոս հավանականություն կար, որ դատարանում այդ մեղադրանքը կհաստատվի: Հիմա միշտ չէ, որ այդպես է: Բայց մյուս կողմից մենք ակնկալում ենք, և դատախազության մոտեցումն էլ այն է, որ մենք ամեն գործի վերաբերվենք այն տրամաբանությամբ, որ մեղադրանքները դատարանում պատշաճ պաշտպանվեն»,-ասաց Փաշինյանը:

Նա ընդգծեց, որ դատախազն և դատախազական համակարգի նկատմամբ Կառավարության և քաղաքական մեծամասնության ուշադրությունն ունի նաև տնտեսական շատ կարևոր շարժառիթ: Վարչապետն ընդգծեց, որ երկրում շատ լավ տնտեսական դինամիկա է հաստատված: Կառավարությունը հավատում է, որ արդարության, արդարադատության ոլորտում իրականացված լրացուցիչ ծախսերն ու ներդրումներն ապահովում են հետագա տնտեսական աճը, քանի որ տնտեսության և ներդրումների համար ամենակարևոր պայմաններից մեկն օրենքի գերակայությունն  ու հավասար իրավական դաշտի առկայությունն է:

Վարչապետն ընդգծեց, որ Դատախազության 105-ամյա պատմության ընթացքում առաջին անգամ գլխավոր դատախազի պաշտոնում պաշտոնավարում է կին իրավաբան, ինչը շատ կարևոր իրադարձություն է: Սակայն գլխավոր դատախազի թեկնածու առաջադրելիս քաղաքական մեծամասնությունը ոչ թե գենդերային, այլ՝ մասնագիտական արժանիքների տրամաբանությամբ է առաջնորդվել: Բայց մյուս կողմից երկրում տեղի ունեցող խորը բովանդակային, սոցիալ-հոգեբանական փոփոխությունների տեսանկյունից նա դա շատ կարևոր սիմվոլ համարեց:  

Շնորհակալություն հայտնելով դատախազության աշխատանքի համար ներդրում ունեցած բոլոր գլխավոր դատախազներին՝ վարչապետը հույս հայտնեց, որ այդ սիմվոլիկ փոխակերպումը կբերի դատախազության համակարգի խորը փոփոխությունների:

Վարչապետը կատարած աշխատանքի համար շնորհավորեց և շնորհակալություն հայտնեց դատախազության բոլոր աշխատողներին:

«Մեր ժողովրդի՝ արդար հանրություն ունենալու ակնկալիքի առաջնագծում դատախազությունն է՝ դատարանների և քննչական մարմինների միջև: Եվ մենք հույս ունենք ու համոզված ենք, որ այդ առաքելությունը կիրականացվի: Դատախազության և իրավակարգի դերը պետք է լինի նաև ժողովրդավարության պաշտպանությունը, իրավունքի պաշտպանությունը»,-ասաց Փաշինյանը՝ մեկտեղ կարևորելով նաև կոռուպցիայի դեմ պայքարը:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am