Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Ֆուտբոլի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզչի հրաժարական. թուրքական մամուլի ուշագրավ արձագանքները Հայաստանի հետ խաղին

Ֆուտբոլի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզչի հրաժարական. թուրքական 
մամուլի ուշագրավ արձագանքները Հայաստանի հետ խաղին

ԿԱՐՍ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Եվրո-2024-ի ընտրական փուլի չորրորդ ենթախմբի թերևս ամենասկզբունքային մրցախաղերից մեկի՝ Հայաստանի և Թուրքիայի հավաքականների Էսքիշեհիրում կայացած հանդիպման ոչ-ոքի արդյունքը հարևան երկրում բոլորի համար անակնկալ և անսպասելի արդյունք էր:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը Կարսից, հանդիպման հետ կապված աշխույժ մեկնաբանություններն ու արձագանքները չեն մարում: Մրցախաղը լայնորեն քննարկվել է թուրքական մամուլում՝ հանրապետական բոլոր պարբերականների կողմից:  

Մասնավորապես, «Հուրիեթը» գրել է, որ Թուրքիայի ազգային հավաքականն անակնկալ կերպով ոչ-ոքի (1-1) խաղաց Հայաստանի ընտրանու հետ, ինչից հետո Շտեֆան Կունցի ապագան դարձավ քննարկման առարկա և նրա հրաժարականը պահանջող ձայները սկսեցին ավելի բարձր հնչել: Թերթը տեղեկացնում է, որ Հայաստանի հավաքականի հետ մրցախաղից հետո ֆեդերացիայի ղեկավարությունը նոր մարզչի պաշտոնում տեսնում է «Տրաբզոնսպորի» մարզիչ Աբդուլլահ Ավջիին, և հարցն այն է, թե նոր նշանակումը կհաստատվի՞ արդյոք Ճապոնիայի հավաքականի հետ ընկերական խաղից առաջ: «Պնդվում էր, որ գերմանացի մարզիչ Շտեֆան Կունցի աթոռը տատանվում է, և ֆեդերացիան նետվեց նոր մարզչական քայլի»,- գրել է «Հուրիեթը»:

«Սաբահն» իր վերլուծականում երկու թիմերի ֆուտբոլիստների հանդիպումը համեմատել է փակուղու հետ և հավելել, որ փակուղուց առաջինը դուրս է եկել Հայաստանի հավաքականը:   

«Միլիեթն» իր հերթին շեշտում է, որ Հայաստանի ազգային հավաքականը կորցրեց մեծ առավելությունը՝ խաղադաշտը լքելով ոչ-ոքի արդյունքով: Այդուհանդերձ, հանդիպումից հետո քննադատությունների կիզակետում է հայտնվել Թուրքիայի ազգային հավաքականի մարզիչը, և գերմանացի մասնագետին փոխարինելու համար անակնկալ անուն է առաջ քաշվել: Պարբերականը մեջբերել է նաև Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Մեհմեդ Բույուքեքշի խոսքերը, ով Հայաստանի ընտրանու դեմ խաղից հետո չի թաքցրել իր զայրույթն ու հիասթափությունը: «Մենք պետք է մարզադաշտից հեռանայինք շատ ավելի ուրախ և Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ դուրս գալու երաշխիքով։ Փառք աստծո, որ հանդիպումը գոնե ոչ-ոքի արդյունքով ավարտվեց։ Ներողություն ենք խնդրում մեր ժողովրդից»,- ասել է Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը։

Ֆուտբոլային փորձագետ Մեհմեթ Օզջանը «Յենի Շաֆաք» պարբերականին տված հարցազրույցում պնդել է, որ Կունցի հետ ճանապարհները կբաժանվեն, և Աբդուլլահ Ավջին կնշանակվի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ, ով նախկինում արդեն իսկ եղել է ազգային հավաքականի ղեկին, իսկ «Տրաբզոնսպորի» հետ նախորդ տարի նվաճել է երկրի չեմպիոնի կոչումը:

Շարունակելով նույն թեման՝ «Աքշամ» պարբերականն իր հերթին վերկուծական հոդվածը վերնագրել է հետևյալ կերպ. «Կունցը հեռանում է, որսորդը գալիս է»: Որպես փաստարկ, պարբերականը նշել է այն հանդիպումը, որը կայացել է Ռիվայում, ֆեդերացիայի ղեկավարի և ազգային ընտրանու գլխավոր մարզչի պաշտոնում հավանական նոր թեկնածուի միջև: Ֆուտբոլի ֆեդերացիայի պատասխանատուներից ստացված տեղեկատվության համաձայն՝ Աբդուլլահ Ավջին մեկնել է Ռիվա՝ կարևոր սեմինարում որպես բանախոս մասնակցելու նպատակով, սակայն առիթը բաց չի թողել բանակցությունների համար։

Հայաստանի հավաքականի տպավորիչ խաղն այնպիսի հուսահատություն է առաջացրել Թուրքիայի ֆուտբոլային շրջանակներում, որ գլխավոր մարզչի հրաժարականի թեման կարմիր թելի պես անցնում է նաև «Ջումհուրիեթ», «Վաթան» և «Գյունեշ» պարբերականների վերլուծական հոդվածներում: «Ջումհուրիեթը» վկայակոչել է նաև անվանի մասնագետ Ֆաթիհ Թերիմի տեսակետը, ով վստահ է, որ Ավջիի նշանակումը կհաստատվի շատ շուտով։

Ինքնին հասկանալի է, որ մեր մարզիկների մրցելույթը գտնվել է նաև Թուրքիայում լույս տեսնող հայկական թերթերի ուշադրության կենտրոնում: Մասնավորապես, «Ակոս» շաբաթաթերթը նշել է, որ Էսքիշեհիրում կայացած խաղում Հայաստանի հավաքականը 49-րդ րոպեին առաջ անցնելով հաշվի մեջ՝ Դաշյանի գոլից հետո հանդես է եկել ավելի համարձակ, իսկ Թուրքիայի հավաքականն այդ պահից սկսած խաղացել է ճնշման տակ և միայն խաղավարտից երկու րոպե առաջ փրկվել է պարտությունից։

«Մարմարան» իր հերթին տեղեկացրել է, որ Հայաստանից երկրպագուների հարյուր հոգանոց խումբ էր ժամանել Թուրքիա՝ խաղին անմիջականորեն հետևելու նպատակով: Տեղի հայ համայնքից նույնպես փոքրաթիվ կազմ էր ժամանել մարզադաշտ՝ ոլորտի մարզական պատասխանատուների գլխավորությամբ:

«Ամբողջ մրցախաղի ընթացքում թուրք մարզասերները սուլոցներով, մարզադաշտ շշեր նետելով փորձեցին հոգեբանական ճնշում գործադրել հայ մարզիկների վրա:  Նրանց բղավոցները սկսեցին խաղի առաջին վայրկյաններից, երբ հնչեց Հայաստանի պետական օրհներգը: Խաղն անցավ համառ պայքարում: Ընդհանուր առմամբ՝ կարելի է ասել, որ հայաստանցի ֆուտբոլիստները խաղացին ոչ միայն 11 հոգանոց մրցակցի, այլ նաև  30 հազար մարզասերների դեմ, ովքեր եկել էին զորակցելու իրենց հավաքականին»,- գրել է «Մարմարան»:

Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականը չորրորդ ենթախմբում անցկացրած չորս խաղից հետո վաստակել է յոթ միավոր և այժմ գտնվում է երրորդ տեղում: Սեպտեմբերի 11-ին մեր հավաքականը կհյուրընկալի Խորվաթիայի ընտրանուն, որն ունի նույնքան միավոր և հանգրվանել է երկրորդ հորիզոնականում: Իսկ առաջատարը Թուրքիայի հավաքականն է 10 միավորով:    

Մանվել Մարգարյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am