Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

ՉԺՀ դեսպանը հնարավոր է համարում «Մեկ գոտի, մեկ ճանապարհ»-ի և «Խաղաղության խաչմերուկ»-ի շրջանակում փոխգործակցությունը

ՉԺՀ դեսպանը հնարավոր է համարում «Մեկ գոտի, մեկ ճանապարհ»-ի և 
«Խաղաղության խաչմերուկ»-ի շրջանակում փոխգործակցությունը

ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը դեկտեմբերի 15-ին ընդունել է ՀՀ-ում ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնի գլխավորած պատվիրակությանը: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովից։

«Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը Հայաստանի կարևոր գործընկերներից մեկն է: Հայաստանի և Չինաստանի միջև պատմական բարեկամությունը և պետությունների միջև ջերմ հարաբերությունները վերընթաց զարգանում են և բազմակողմանի բնույթ ունեն»,- ասել է Հակոբ Արշակյանը` ողջունելով հյուրերին խորհրդարանում:

Ըստ աղբյուրի՝ դեսպանը բարձր է գնահատել Հայաստանի և Չինաստանի միջև քաղաքական երկխոսության մակարդակը` նշելով, որ հայ-չինական հարաբերություններն ակտիվ զարգացում են ապրում: Ըստ Ֆան Յոնգի` պետք է ակտիվացնել խորհրդարանական փոխգործակցությունը, հաճախակի դարձնել փոխայցերը:

«ԱԺ փոխնախագահը կարևորել է երկու երկրների միջև հարաբերությունների հետագա խորացումն ու զարգացումը` ընդգծելով, որ երկկողմ փոխգործակցության հարցում նշանակալի դերակատարում ունեն միջխորհրդարանական կապերը:

Միջխորհրդարանական փոխգործակցության շրջանակում նա առանձնակի կարևորել է բարեկամական խմբերի աշխատանքը:

Կողմերն անդրադարձել են երկու երկրների համագործակցության ուղղություններին, հետագա ծրագրերին: Շեշտադրվել է հատկապես տնտեսական կապերի ընդլայնման անհրաժեշտությունը, բարձր տեխնոլոգիաների և կրթության ոլորտներում փոխգործակցության խորացումը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ ԱԺ նախագահի տեղակալը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը` նշելով, որ այն ոչ միայն Հայաստանի, այլև տարածաշրջանի երկրների, միջազգային գործընկերների համար կարևոր, արդյունավետ ծրագիր է:

Դեսպանն արձագանքելով` նշել է, որ կարող է դիտարկվել նաև «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» և «Խաղաղության խաչմերուկ» ծրագրերի շրջանակում փոխգործակցության հնարավորությունը:

ՀՀ ԱԺ հաղորդմամբ՝ հանդիպմանը մասնակցել են ԱԺ Հայաստան-Չինաստան բարեկամական խմբի անդամներ Լենա Նազարյանը, Ալեքսեյ Սանդիկովը, Արմեն Խաչատրյանը և Թագուհի Ղազարյանը:

Հակոբ Արշակյանի ուղեկցությամբ հյուրերը շրջել են ԱԺ շենքում, եղել Ազգային ժողովի նիստերի դահլիճում, գրադարանում, ծանոթացել խորհրդարանի թանգարանի ցուցանմուշներին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am