Երևանում՝ 11:07,   29 Ապրիլ 2024

ՀՀ-ում բիզնեսի համար կրթության մեջ ներդրումներ են պետք. «Սինոփսիս Արմենիա»-ն բուհ-ընկերություն համագործակցության բարձր ցուցանիշներ է գրանցել

ՀՀ-ում բիզնեսի համար կրթության մեջ ներդրումներ են պետք. «Սինոփսիս 
Արմենիա»-ն բուհ-ընկերություն համագործակցության բարձր ցուցանիշներ է 
գրանցել

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՏՏ ոլորտի մրցունակ մասնագետների պատրաստման, նրանց ներուժի բացահայտման ու կարիերան ապահովելու նպատակով «Սինոփսիս Արմենիա» ընկերությունն արդեն 20 տարի համագործակցում է տարբեր բուհերի հետ՝ լուծելու աշխատաշուկային արդեն պատրաստի մասնագետներ տալու խնդիրը: 

Ընկերությունից «Արմենպրես»-ին տեղեկացրին՝ ավելի քան 2000 շրջանավարտ են ունեցել, 72 գիտության թեկնածու է պաշտպանել: Շրջանավարտների մոտ 77 տոկոսն ընդունվել է հենց «Սինոփսիս» ընկերություն, մնացած 23-ը՝ բնագավառի այլ ընկերություններ:

«Սինոփսիս Արմենիա» ընկերությունը կադրերի պատրաստման նպատակով համագործակցության 3 մոդել է գործարկել Հայաստանի 5 համալսարանների՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական, Երևանի պետական, Հայաստանի եվրոպական, Հայ-Ռուսական և Հայաստանում ֆրանսիական համալսարանների հետ:  

«Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանն արձանագրեց՝ ցանկացած երկրում որևէ ոլորտի, հատկապես ՏՏ ոլորտի զարգացումն առաջին հերթին կապված է որակյալ կադրերի առկայությամբ: Նրա դիտարկմամբ՝ Հայաստանում կադրերի պակաս կա: 

HM2_7540.jpg (559 KB)

«Կադրերի պատրաստման հիմնական դարբնոցը համալսարաններն են, բայց, ցավոք, համալսարանները շատ դեպքերում ի զորու չեն պատրաստել այնպիսի կադրեր, որոնք բուհն ավարտելուց հետո անմիջապես պահանջված կլինեն մասնավոր սեկտորի կողմից: Այն ընկերությունները, որոնք ծրագրեր ունեն երկրում երկարաժամկետ գործելու, չեն կարող իրենց թույլ տալ գործնական հմտություններ չունեցող կադրեր ընդունել և համալսարանների հետ համատեղ փորձում են ծրագրեր իրականացնել, լուրջ ներդրումներ անել ինչպես տեխնիկական հագեցվածության, այնպես էլ առարկայական բովանդակության առումով: Դրանք հսկայական ծախսեր են, որոնք համադրելի չեն մեր բոլոր համալսարանների տարեկան ծախսերի հետ: Դա է հիմնական պատճառը, որ բուհերը հիմնականում չեն կարողանում կադրեր պատրաստել աշխատաշուկայի համար»,-պարզաբանեց Մուսայելյանը: 

Մասնագետը նշեց՝ եթե որևէ ընկերություն ուզում է Հայաստանում բիզնես գործունեությամբ զբաղվել, պետք է կրթության մեջ ներդրում ունենա: Հակառակ դեպքում արդյունքը տեսանելի չի լինի: Ընկերության տնօրենը տեղեկացրեց, որ «Սինոփսիս Արմենիա»-ն իր աշխատակիցների թիվը 2000-ի հասցնելու պլաններ ունի, որի համար էլ համագործակցությունները համալսարանների հետ շարունակվում են:  

HM2_7503.jpg (580 KB)

«Կարող ենք ասել, որ սա բուհ-բիզնես-կառավարություն համագործակցության լավագույն օրինակն է: Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալասանի և՛ Երևանի, և՛ Գյումրու մասնաճյուղի և ԵՊՀ-ի մագիստրատուրայի ուսանողների համար աշխատում ենք մեր համագործակցության առաջին մոդելով. բուհը գալիս է մասնավոր սեկտոր՝ գտնվում է մեր տարածքում: Նրանց ամբողջ ուսումնական պրոցեսն անցնում է այստեղ: Երևանի պետական համալսարանի բակալավրի ծրագրի, Հայաստանի եվրոպական, Հայ-Ռուսական համալսարանների պարագայում գործարկել ենք երկրորդ մոդելը, որի շրջանակում մասնավոր սեկտորն ինքն է գնում համալսարաններ՝ ամբիոններ ստեղծում, ծրագիր իրականացնում։ Այս պահին ունենք մոտ 400 ուսանող: Հիմա ներդրել ենք նաև երրորդ մոդելը, որի շրջանակում էլ բուհի, այս պարագայում Հայաստանում ֆրանսիական համալսարանի առարկայական ցանկում փոփոխություններ ենք արել՝ որոշ դասընթացներ մտցրել: Այստեղ ինդուստրիան, կրթական համակարգը և գիտական հետազոտությունները միմյանց հետ սիմբիոզ միջավայր են ստեղծում, որտեղ մեր ուսանողները և՛ կարողանում են աշխատել, և՛ տեխնոլոգիական հմտություններ ձեռք բերել, և՛ գիտությամբ զբաղվել»,-ներկայացրեց Մուսայելյանը: 

Պրոֆ.Վազգեն Մելիքյանը՝ «Սինոփսիս Արմենիա»-ի ուսումնական դեպարտամենտի տնօրենը, խոսեց բուհ-մասնավոր սեկտոր համագործակցության արմատներից:

HM2_7570.jpg (367 KB)

«2001-ին  Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը «Լեդասիսթեմս»-ում ստեղծեց իր ամբիոնը և սկսեց իրագործել բուհ-մասնավոր սեկտոր համագործակցության ծրագիրը: Հետագայում ծրագիրն ունեցավ մեծ հաջողություն, մարդիկ հասկացան, որ այդ ծրագիրը հենց այն է, ինչ-որ պետք է լիներ, և հետագայում մյուս համալսարանները ևս ցանկացան նման ծրագիր իրագործել: Դա համընկավ 2004 թվականին «Սինոփսիս»-ի Հայաստան գալու հետ: Ընկերությունը հայտարարեց, որ գալու հիմնական պատճառներից մեկն այն է, որ իրենք տեսել են, որ այստեղ  կադրերի դարբնոց կա»,-ներկայացրեց պրոֆ․ Մելիքյանը: 

Պրոֆեսորը նշեց՝ ծրագիրը հաջողում է, քանի որ այն թույլ է տալիս համադրել ընկերության և համալսարանի ունեցած միջոցները: Ընկերությունը տրամադրում է ուսուցման համար անհրաժեշտ բոլոր կրթական ծախսերը՝ լսարանների հիմնումը, իր ծրագրային գործիքները, որոնք աշխարհում համար մեկն են իրենց որակով, հնարավորություն է տալիս, որ իր լավագույն ուսանողները շփվեն առաջադեմ տեխնոլոգիաների հետ, որոնք արագ փոփոխվում են, իրենց վրա կրեն այդ արագ փոփոխությունները, ինչպես նաև նրանց դասավանդեն ընկերության առաջատար մասնագետները: Համալսարանը հնարավորություն է տալիս նախ ընտրել լավագույն ուսանողներին, ապա՝ լավագույն դասախոսներին: Նրա համոզմամբ՝ այս երկու գործոնների համադրության արդյունքը վատը լինել չէր կարող: 

HM2_7588.jpg (549 KB)

«23 տարվա գործունեության արդյունքում բոլոր ուսանողներն աշխատում են այս բնագավառում: Շրջանավարտների 77 տոկոսն ընդունվել է մեր ընկերություն, որոնք կազմում են մեր աշխատակիցների 54 տոկոսը: Մնացած 23 տոկոսը համալրել են բնագավառի այլ ընկերությունների աշխատակիցների շարքերը: Ուշագրավ է, որ մեզ մոտ աշխատում են ոչ միայն շրջանավարտները, այլ նաև ուսանողները՝ եթե բավարարում են ընկերության մուտքային պահանջներին: Այս պահին մեր երրորդ կուրսի ուսանողների մոտ 70 տոկոսը աշխատում է, այդ թիվը գնալով աճում է: Մարտի 14-ի դրությամբ արդեն 100 ուսանող աշխատանքի է ընդունվել։ Մագիստրատուրայում չենք ունենում ուսանող, որը մեզ մոտ չի աշխատում: Այս տարիների ընթացքում ունեցել ենք ավելի քան 2000 շրջանավարտ, 72 գիտության թեկնածու, որոնք դասավանդում են մեզ մոտ և իրենց պարտքը տալիս հաջորդ սերունդներին»,-նշեց Մելիքյանը:  

HM2_7553.jpg (501 KB)

Ընկերությունից տեղեկացրին, քանի որ սրընթաց աճ ապահովելու պլաններ կան, համագործակցության շրջանակի ընդլայնման ուղղությամբ դեռ աշխատանքներ ունեն անելու, այլ ընկերություններին էլ հորդորեցին հետևել իրենց օրինակին, որով և՛ կապահովեն իրենց բիզնեսի սրընթաց աճը, և՛ երկիրը կզինեն որակյալ կադրերով:  

9699b7a6-61c1-4c00-8467-b3181c57ef61.jpg (261 KB)

Սինոփսիս ընկերությունը սկսել է իր գործունեությունը Հայաստանում 2004 թ.-ին՝ որպես Սինոփսիս Արմենիա փակ բաժնետիրական ընկերություն (ՓԲԸ): Սինոփսիս Արմենիա ՓԲԸ-ն զբաղվում է գիտահետազոտական և ճարտարագիտական աշխատանքներով՝  էլեկտրոնային նախագծման ավտոմատացման (ԷՆԱ), արտադրության համար նախագծման (ԱՀՆ) և կիսահաղորդչային մտավոր սեփականության (ՄՍ) մշակման ոլորտներում: Ունենալով ավելի քան 1200 որակյալ մասնագետներ՝ Սինոփսիսը Հայաստանի ՏՏ ոլորտի խոշորագույն գործատուներից մեկն է: Բարձր որակավորում և գործնական հմտություններ ունեցող արտադրությանը պատրաստ մասնագետներ պատրաստելու համար Սինոփսիսը մեծ ներդրումներ է անում Հայաստանի կրթական համակարգում՝ համագործակցելով Հայաստանի առաջատար համալսարանների հետ։  

 

Կարինե Տերտերյան 

Լուսանկարները՝ Հայկ Մանուկյանի 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am