Երևանում՝ 11:07,   13 Ապրիլ 2024

Չինաստանը մտադիր է երկրի տնտեսությունն ամբողջությամբ համապատասխանեցնել երրորդ հազարամյակի պահանջներին

Չինաստանը մտադիր է երկրի տնտեսությունն ամբողջությամբ 
համապատասխանեցնել երրորդ հազարամյակի պահանջներին

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Չինաստանը հռչակել է ապագային միտված որակապես նոր տնտեսություն ստեղծելու ուղենիշ: Այն կոչված է նոր բարձունքների հասցնել երկրի տնտեսական զարգացումը:

«Արմենպրես»-ը փորձել է վերլուծել այդ նոր միտումների բովանդակությունը և ուղղվածությունը, հասկանալ դրա հնարավոր անդրադարձը հայ-չինական տնտեսական հարաբերությունների վրա: 

Չինաստանը մտադիր է նոր արագացում, բովանդակություն և որակ հաղորդել երկրի տնտեսության զարգացմանը: Հռչակված ուղենիշն ամբողջությամբ պետք է հիմնվի որակապես նոր արտադրական ուժերի ներդրման ու կիրառման վրա, ուղեկցվի արդյունաբերության խորը վերափոխումներով և արդիականացմամբ: Արտադրության ժամանակակից միջոցներին, ավելի արդյունավետ ու դյուրին եղանակներին, արհեստական բանականության, թվային տեխնոլոգիաների, նորարարական այլ մշակումների աներևակայելի հնարավորություններին ապավինելը երրորդ հազարամյակի հրամայականն է՝ ճանապարհը դեպի նոր աշխարհ: Այդ ամենի գրագետ համադրումն ու արդյունավետ կիրառումն է դառնալու երկրների տնտեսական զարգացման գրավականը տեսանելի ապագայում:

Հույժ կարևոր այդ հանգամանքին 2024 թվականի հունվարի 31-ին կայացած Չինաստանի կոմկուսի կենտրոնական կոմիտեի քաղբյուրոյի նիստում ուշադրություն հրավիրեց երկրի ղեկավար Սի Ծինփինը՝ նշելով, որ նոր որակի արտադրական ուժերի զարգացումը բարձրորակ զարգացման առանցքն է: Նա նշել է, որ գիտատեխնիկական նորարարությունները, «կանաչ» տեխնոլոգիաների լայն կիրառումը կարող են ստեղծել նոր ոլորտներ, նոր մոդելներ և աճի նոր շարժիչ ուժեր, որոնք արտադրական նոր ուժերի զարգացման առանցքային տարրերն են:

Դա նշանակում է, որ Չինաստանն անցնում է ապագային միտված տնտեսական նոր մոդելի ձևավորմանը՝ հիմնված գիտատեխնիկական նորագույն նվաճումների, թվային փոխակերպման և «կանաչ» զարգացման սկզբունքների վրա: Փորձագետների գնահատմամբ՝ տնտեսության կառուցվածքի հետևողական կատարելագործման, տնտեսական զարգացման սրընթացության և կայուն միտումների շնորհիվ Չինաստանի տնտեսությունը կպահպանի գրավչությունը օտարերկրյա ներդրողների համար ու կնպաստի համընդհանուր տնտեսական աճին:

Հատկանշական է, որ տնտեսական զարգացման նոր ուղենիշը հռչակվել է այս տարի, երբ լրանում է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կազմավորման 75-ամյակը: Տարին առանցքային է նաև 2021-25 թվականները ներառող զարգացման 14-րդ հնգամյա ծրագրի նպատակների իրագործման առումով: Սահմանված նշաձողին հասնելու ճանապարհին, ինչպես նշում է Լյաոնինի համալսարանի ղեկավար Յույ Մյաոցզեն, անհրաժեշտ է շարունակաբար մեծացնել պետական աջակցությունը նորարարությունների զարգացմանը և հիմնարար հետազոտություններին: Ենթադրվում է, որ 2025 թվականի վերջին այդ նպատակին կարող է ուղղվել հետազոտությունների և մշակումների համար նախատեսված ծախսերի 7-10 տոկոսը:

Գերարդիական նվաճումներին հիմնված նոր որակի արտադրական ուժերի արդյունավետ զարգացումն ապահովելու համար Չինաստանը պետք է լուծի մի քանի հիմնական խնդիր՝ անհրաժեշտ է ընդլայնել և ամրապնդել մատակարարումների հնարավորությունները, խթանել նորարարությունների կիրառումը և ստեղծել ստանդարտ համակարգ: Այդ առումով Midea Group-ի փոխնախագահ Չժուն Չժենն առաջարկում է, որ պետությունն աջակցի տարբեր ոլորտների առաջատար ընկերություններին՝ նրանց մղելով ստանձնել ոլորտային որոշումների մշակման նախաձեռնությունը, դրանով իսկ ավելի շատ ընկերությունների օգնել ստեղծելու համաշխարհային նշանակության մտավոր ֆաբրիկաներ, որոնք կաջակցեն կայուն զարգացմանը: Շատ կարևոր է նաև ներքին սպառման խթանումը:

2023 թվականին Չինաստանի տնտեսությունը նախանցյալ տարվա համեմատ աճել է 5.2 տոկոսով՝ ապահովելով համաշխարհային տնտեսական աճի ավելի քան 30 տոկոսը: Այս տարին երկրի տնտեսությունը սկսել է տնտեսական կայունության և կենսունակության դրսևորմամբ։ Երկրի տնտեսության հեռանկարներին վստահ են նաև Չինաստանում գործող օտարերկրյա ընկերությունները:

Այդ կարծիքին է նաև «Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ, ՀՊՏՀ «Միջազգային տնտեսական հարաբերություններ» ամբիոնի դասախոս, տնտեսագիտության թեկնածու Տաթև Վարդանյանը: Անդրադառնալով Չինաստանի որդեգրած տնտեսական նոր ուղենիշին՝ մասնագետն «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում, մասնավորապես, նշեց.

«Նոր արտադրական ուժերի կիրառմամբ նախատեսվում է Չինաստանի տնտեսության զարգացման որակապես այլ համայնա­պատկեր ստանալ մոտ ապագայում։ Չինաստանի տնտեսության այս «կերպարա­նա­փոխությունը» ենթադրում է անցում տնտեսության զարգացման ավանդական մոդել­ներից դեպի առավել արդիական ու նորարարական մոտեցումներ ու մեխանիզմներ։

Նորարար արդյունաբերական համակարգերի մշակման ու կիրառման շնորհիվ նոր արտադրական ուժերն, իհարկե, չինական տնտեսությունը որակապես նոր հարթություն կարող են տեղափոխել՝ նպաստելով հատկապես արդյունաբերության ոլորտում կայունությանն ու մատակարարման շղթաների արդյունավետության բարձրացմանը։ Բացի այդ, չինական տնտեսության համար այս տրանսֆորմացիաները կարող են օտարերկրյա ուղղակի ներդրումների խթանման գրավիչ նոր գործոն դառնալ։ Իհարկե, Չինաստանն այս փոփոխությունների ճանապարհին բավական լուրջ մարտահրավերների և մրցակցության է բախվելու՝ հաշվի առնելով հատկապես զարգացած երկրներում տեխնոլոգիական առաջընթացի ապահովմանն ուղղված միջոցների ու ջանքերի ծավալը։ Այնուամենայնիվ, կարծում եմ, որ չինական տնտեսության ընթացիկ իրավիճակն ու վերջին տարիների զարգացման միտումները բավական լուրջ ներուժ են նոր արտադրական ուժերի ներդրման ու տեխնոլոգիական կարողությունների հզորացման համար»։

Ի դեպ, Տաթև Վարդանյանի գնահատմամբ՝ առնվազն մարդկային կապիտալի ներուժի առումով Հայաստանը նույնպես կարող է ստեղծել նորարարությունների վրա հիմնված, գիտելիքահեն տնտեսական զարգացման մոդել ու դրանով իսկ դիրքավորվել համաշխարհային տնտեսությունում:

«Հատկապես վերջին տարիների արտաքին ու ներքին աշխարհաքաղաքական զարգացումները ևս մեկ անգամ ապացուցում են, որ միջազգային տնտեսական հարաբերություններում երկրի դիրքը և համաշխարհային տնտեսությունում դրա «չափաբաժինը» կարևոր, ինչու չէ, նաև «թելադրող» գործոններ կարող են դառնալ։ Այս առումով, նորարար ու գիտելիքահեն տնտեսության կառուցումը Հայաստանի համար կարող է իրական «փրկօղակ» դառնալ՝ դիմակայելու աշխարհաքաղաքական մարտահրավերներին։ Իհարկե, ոլորտում խնդիրները բազմաթիվ են․ ենթապայմանագրային կամ զուտ պատվիրակվող տեխնոլոգիական երկրից Հայաստանը պետք է դառնա ժամանակակից տեխնոլոգիաներ ստեղծող ու աշխարհին մատակարարող երկիր։ Կարծում եմ՝ Հայաստանում այս ոլորտի զարգացման համար լրջագույն խնդիր է շարունակում մնալ պետական ու մասնավոր հատվածում ոլորտի սուբյեկտների մոտ ընդհանուր զարգացման տեսլականի բացակայությունը։ Այս ուղղությամբ անհրաժեշտ են լրջագույն բարեփոխումներ, գործուն ու թիրախային քայլեր, որոնք պետք է սկսել կրթության ոլորտից, միջոցներ ձեռնարկել Հայաստանից «ուղեղների արտահոսքը» կանխելու ու բարձր որակավորում ունեցող սփյուռքահայերի ներուժի իրացման համար»,- նշեց մեր զրուցակիցը:

Անդրադառնալով Չինաստանի հռչակած տնտեսական նոր քաղաքականության շրջանակներում հայ-չինական հնարավոր համագործակցությանը՝ Տաթև Վարդանյանը նշեց. «Իհարկե, բավական հավակնոտ է համարել, որ Չինաստանում տնտեսական բարեփոխումները ուղղակիորեն կարող են նպաստել հայ-չինական համագործակցության ընդլայնմանը։ Միևնույն ժամանակ, հայ-չինական ընդհանուր տնտեսական հարաբերությունների խորացման առումով առկա է բավական լուրջ ներուժ՝ հատկապես, հաշվի առնելով «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագիծն ու դրա կարևորությունը Չինաստանի համար։ Այդ նախաձեռնությունում Հայաստանի ինտեգրումը կարող է նպաստել հայ-չինական առևտրաշրջանառության ծավալների աճին և ներկրող ու արտահանվող ապրանքատեսակների դիվերսիֆիկացմանը։ Ներկայումս Հայաստանից Չինաստան արտահանվող կամ ներմուծվող առնվազն 5 խոշոր ապրանքատեսակների մեջ տեխնոլոգիական բնույթի արտադրանքներ չկան։ Այդ երկիր Հայաստանի արտահանման կառուցվածքում ամենախոշոր մասնաբաժինն ունեն հանքահումքային արտադրանքը, տրանսպորտային միջոցները, օպտիկական լուսանկարչական, բժշկական, վիրաբուժական սարքավորումներն ու գործիքները, ժամացույցները և այլն։ Իսկ Չինաստանից հիմնականում ներմուծվում են մեքենաներ, սարքավորումներ և մեխանիզմներ, դրանց պահեստամասերը, հեռախոսներ, տեքստիլ արտադրանք և այլն։ Կարող ենք փաստել, որ հայ-չինական տնտեսական հարաբերությունների ներուժի ամբողջական իրացում դեռևս չունենք»:

Չինաստանը 12-րդն է Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության հրապարակած Global Innovation Index-ի անցյալ տարվա սանդղակում: 2012 թվականի համեմատ երկիրն առաջադիմել է 24 հորիզոնականով, ինչը տպավորիչ ցուցանիշ է: Հայաստանը 2023 թվականի տվյալներով 72-րդ տեղում է: Մեր երկրներին բաժանում է ուղիղ 60 հորիզոնական: Սակայն, նոր որակի արտադրական ուժերին ապավինելը խոստանում է ապահովել ոչ թե միայն Չինաստանի երկարաժամկետ զարգացումը, այլև նպաստել այլ երկրների տնտեսության արդիականացմանը:

Հրայր Նազարյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]