ԿԳՄՍ նախարարի տեղակալը Գվինեայի դեսպանի հետ քննարկել է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները
ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Գվինեայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հաբա Նիանկոյեի (նստավայրը՝ Մոսկվա):
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք` ի շահ բարեկամական կապերի զարգացման:
ՀՀ-ում Գվինեայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հաբա Նիանկոյեն շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ ընդգծելով երկկողմ կապերի զարգացման կարևորությունը:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ԿԳՄՍ նախարարությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները:
Արթուր Մարտիրոսյանը նշել է, որ Հայաստանը ֆրանկոֆոնիայի լիիրավ անդամ է և ֆրանկոֆոն ընտանիքի հետ նշում է «Ֆրանկոֆոնիայի օրեր 2024»-ը: «Ֆրանկոֆոնիայի երկամսյակի շրջանակում Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում անցկացվում են ֆրանկոֆոն մշակութային և գիտակրթական միջոցառումներ՝ միտված համընդհանուր արժեքների և ֆրանկոֆոն մշակույթի արժևորմանն ու տարածմանը»,-ասել է Արթուր Մարտիրոսյանը:
Փոխնախարարը նաև տեղեկացրել է, որ Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում Երևանում, Գյումրիում, Վանաձորում և Գավառում կանցկացվի շուրջ 30 միջոցառում: Ծրագիրը բազմաժանր է՝ կինո, երաժշտություն, թատրոն, ժամանակակից արվեստ։ Հայաստանի շուրջ 325 կրթական ու մշակութային հաստատություն ամբողջ տարվա ընթացքում Երևանում ու ՀՀ մարզերում կազմակերպելու է շուրջ 800 միջոցառում:
ԿԳՄՍ նախարարի տեղակալն առանձնակի կարևորել է նաև Ֆրանկոֆոնիայի 2027 թվականի մարզամշակութային խաղերի անցկացումը Հայաստանում, որի շրջանակում ակնկալվում է ավելի քան 50 պատվիրակության մասնակցություն՝ շուրջ 4000 ներկայացուցչով:
Նախարարի տեղակալը հույս է հայտնել, որ Գվինեայի պատվիրակությունը ևս մասնակցություն կունենա Ֆրանկոֆոնիայի 2027 թվականի մարզամշակութային խաղերին:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել կրթության, մշակույթի, սպորտի ոլորտներում ընթացող լայնածավալ բարեփոխումներին: Նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը պատրաստակամություն է հայտնել Գվինեայի գործընկերներին առցանց ձևաչափով ծանոթացնել Հայաստանի փորձին, ինչպես նաև նախանշել համագործակցության այլ ձևաչափեր:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ԿԳՄՍ համակարգման ոլորտներում միջազգային հարթակներում երկու երկրների միջև համագործակցության հեռանկարները: Անդրադարձ է կատարվել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում