Երևանում՝ 11:07,   13 Ապրիլ 2024

Թուրքիայում հոգնել են իսլամիստներից․ թուրքագետն անդրադարձել է ՏԻՄ ընտրություններում Էրդողանի կուսակցության պարտությանը

Թուրքիայում հոգնել են իսլամիստներից․ թուրքագետն անդրադարձել է ՏԻՄ 
ընտրություններում Էրդողանի կուսակցության պարտությանը

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Թուրքիայում կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքներն իսկապես անսպասելի էին և հետաքրքիր է նաև այն փաստը, որ «Ժողովրդահանրապետական» կուսակցությունն ու այլ ընդդիմադիր քաղաքական ուժերը հաղթել են այնպիսի քաղաքներում, որտեղ ապրում է Թուրքիայի բնակչության 64 տոկոսը և այդ քաղաքներում արտադրվում է երկրի տնտեսության 80 տոկոսը։

«Արմենպրես»-ի հետ զրույցում թուրքագետ, ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանն անդրադարձավ  նախօրեին Թուրքիայում կայացած ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքներին։  

Սաֆրաստյանը շեշտեց հատկապես Ստամբուլի պարագան, որտեղ կրկին հաղթեց ընդդիմադիր գործիչ, ներկայիս քաղաքապետ Իմամօղլուն՝ հավաքելով 51 տոկոս ձայն, թեև ընդդիմադիրները վերջին տարիներին այդքան էլ գոհ չէին նրա գործունեությունից։ Ստամբուլի բյուջեն կազմում է 16 միլիարդ դոլար, ինչն ահռելի գումար է Թուրքիայի համար, ուստի ընդդիմությունը հնարավորություն է ստացել իր հայեցողությամբ տնօրինելու այդ մեծ միջոցները։   

«Այսպիսի ցավալի պարտություն կառավարող քաղաքական ուժը՝ Էրդողանի կուսակցությունը, նախկինում երբեք չէր ունեցել։ Պետք է հաշվի առնել մի կարևոր հանգամանք․ ՏԻՄ ընտրությունները մեկ անգամ ևս ցույց տվեցին, որ Թուրքիայում չափազանց մեծ էր անհատի դերը։ Այն վայրերում, որտեղ քարոզարշավի ընթացքում Էրդողանը ելույթ չունեցավ և ներկա չգտնվեց, այնտեղ այդ հանգամանքն ազդեց ձայների քանակի վրա՝ նախանշելով իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պարտությունը։ Եվ երկրորդ՝ եթե հաշվի առնենք քվեարկության արդյունքները հատկապես Ստամբուլում, ապա դա վկայում է այն մասին, որ այդ քաղաքի բնակչությունը, որը համարվում է ամենաարևմտականացվածն ու աշխարհիկը, փաստորեն դեմ դուրս եկավ իսլամիստներին, ասել է թե՝ կառավարող ուժի քաղաքականությանը։ Թուրքիայում հոգնել են իսլամիստներից, և այդ հանգամանքը նույնպես արտահայտվեց ընտրություններում»,- ասաց մեր զրուցակիցը։

Թուրքագետի դիտարկմամբ՝ հարևան երկրում վաղաժամ նախագահական ընտրություններ չեն լինի, և Էրդողանը կպաշտոնավարի մինչև իր ժամկետի ավարտը՝ 2028 թվականը։ Սաֆրաստյանի կարծիքով՝ լինելու է այնպիսի շրջան, երբ ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցությունը կփորձի փոփոխություններ մտցնել քաղաքականության և ընդհանուր գաղափարախոսության մեջ, որպեսզի ոչ միայն իր հույսը դնի աշխարհիկ մտածելակերպ ունեցող քաղաքացիների, այլև նրանց վրա, ովքեր թեև դավանում են իսլամիստական հայացքներ, բայցևայնպես որոշ չափով մեղմ են և արդեն հիասթափվել են էրդողանի քաղաքականությունից։

«ՏԻՄ ընտրություններում մեծ դեր խաղաց նաև երկրի ներկա ֆինանսատնտեսական ծանր վիճակը։ Մարդիկ ուղղակի դժգոհ են այն գործունեությունից, որ տարիներ շարունակ իրականացրել է Էրդողանն իր գլխավորած կառավարության հետ։ Բավական մեծ են դժգոհությունները մանավանդ վերջին երկրաշարժից հետո, երբ տեղի ունեցան մեծամասշտաբ զեղծարարություններ և կոռուպցիոն սկանդալներ, որոնք բացահայտվեցին վերջին շրջանում։ Այդուհանդերձ, կառավարող ուժը բացարձակապես շահագրգռված չէ երկրում անցկացնել արտահերթ նախագահական ընտրություններ։ Նրանք ՏԻՄ ընտրություններին հաջորդելիք հանգիստ փուլը կօգտագործեն իրենց թիմն ուժեղացնելու և սեփական վարկանիշը բարձրացնելու համար։ Մյուս կողմից կփորձեն արդեն մտածել այն մասին, թե ով պետք է փոխարինի Էրդողանին, ով արդեն հայտարարել է պաշտոնավարումից հետո քաղաքականությունից հեռանալու մասին, առավել ևս, որ վերընտրվելու իրավունք էլ չունի։ Հետևաբար, իշխող ուժը գալիք մի քանի տարիներին կձգտի փորձարկել մի քանի թեկնածուների, մինչև կանգ կառնի մեկի վրա»,- ասաց թուրքագետը։

Սաֆրաստյանի կարծիքով՝ եթե իշխող ուժը ցանկանում է իշխանությունը պահպանել նաև 2028 թվականի ընտրություններից հետո, ապա պետք է փորձի կոտրել իր գործունեությամբ պայմանավորված բացասական ֆոնն առաջին հերթին ֆինանսատնտեսական ոլորտում, մանավանդ որ սղաճը Թուրքիայում հասել է աննախադեպ բարձր մակարդակի։ Թուրքական լիրան գնալով ավելի ու ավելի է կորցնում իր արժեքը, և մարդիկ իրենց աշխատավարձով ու թոշակով չեն կարողանում նորմալ ապրել։

«Թուրքիայում սպասվում են բավականին հետաքրքիր զարգացումներ, որովհետև ընդդիմությունն ու իշխանությունը փնտրտուքի մեջ են, թե ով պետք է հաջորդ նախագահական ընտրություններում լինի իրենց թեկնածուն։  Հարևան երկրի վերջին երեսուն տարիների կյանքը մեծապես պայմանավորված է եղել Էրդողանի անձով։ Հիմա, երբ նա դուրս է գալիս քաղաքական թատերաբեմից, հարց է առաջանում, թե գալիք համապետական ընտրություններում, եթե անգամ հաղթի իշխող ուժը, ո՞վ կփոխարինի Էրդողանին և կկարողանա՞ շարունակել նրա ներքին և արտաքին քաղաքականությունը։ Եթե հաղթի ընդդիմության ներկայացուցիչը, մեծ հավանականությամբ՝ Իմամօղլուն, ապա կարող են տեղի ունենալ ընդգրկուն փոփոխություններ, և Թուրքիայի արտաքին քաղաքականությունը կդառնա ավելի արևմտամետ։ Սպասենք և կտեսնենք, թե ինչ տեսք կունենան այդ փոփոխությունները»,- եզրափակեց Սաֆրաստյանը։        

Թուրքիայում մարտի 31-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում ձայների գրեթե 99%-ի նախնական հաշվարկը հաստատել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պարտությունը։ Ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունը 20 տարվա մեջ առաջին անգամ հաղթել է իշխող կուսակցությանը՝ գրանցելով պատմական արդյունք: Հիմնական ընդդիմադիր կուսակցությունը հաղթանակներ է գրանցել Ստամբուլում և Անկարայում՝ Թուրքիայի երկու խոշորագույն քաղաքներում, ինչպես նաև բազմաթիվ այլ քաղաքներում։ Ելույթ ունենալով Անկարայում իր աջակիցների առջև՝ Թուրքիայի նախագահը խոստացել է հարգել ազգի որոշումը:

Մանվել Մարգարյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]