Երևանում՝ 11:07,   29 Ապրիլ 2024

Հայաստանը՝ թվային փոխակերպման տարածաշրջանային հարթակ․Երևանում մեկնարկեց միջազգային Doing Digital Forum-ը

Հայաստանը՝ թվային փոխակերպման տարածաշրջանային հարթակ․Երևանում 
մեկնարկեց միջազգային Doing Digital Forum-ը

ԵՐԵՎԱՆ, 3  ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում ապրիլի 3-ին մեկնարկեց SPRING PR ընկերության ամենամյա միջազգային Doing Digital Forum 2024-ը։ «Արմենպրես»թղթակցի հաղորդմամբ՝   արդեն երկրորդ տարին կազմակերպվող ֆորումը, որը կրում է «Հնարավորություններին ընդառաջ» խորագիրը, նպատակ ունի ներկայացնել ֆինանսական և բիզնեսի տարբեր ուղղություններում թվային փոխակերպման վերջին մոտեցումները, քննարկել առկա հնարավորություններն ու դրանց տեղայնացման առանձնահատկությունները, համաշխարհային տեխնոլոգիական և բիզնես հանրության շրջանում Հայաստանը դիրքավորել որպես թվային փոխակերպման նոր հարթակ՝ նպաստելով երկրի մրցունակության բարձրացմանը:

Doing Digital Forum-ի հիմնադիր, SPRING PR ընկերության համահիմնադիր Տաթևիկ Սիմոնյանը լրագրողների հետ ճեպազրույցում կայացած համարեց թվայնացման գլոբալ օրակարգ ներկայացնող ֆորումը, որն առաջին անգամ կազմակերպվել է 2023 թվականին։

«Արձագանքելով համաշխարհային օրակարգին՝ մենք Հայաստան ենք բերել աշխարհի ամենաթոփ դեմքերին՝ խոսնակներին, միավորել՝ մեր երկրում թվայնացման գործընթացներում առաջընթաց գրանցած տարբեր ընկերություններ՝ թե ֆինանսական տեխնոլոգիաների ոլորտից, թե ՀՀ կառավարությունից, Կենտրոնական բանկից, այսինքն՝ պետական սեկտոր, բիզնես սեկտոր, ինչպես նաև հանրային ոլորտ։ Բացի նրանից, որ ֆորումը կայացավ արդեն երկրորդ տարին, և դա նշանակում է, որ մենք, իրոք, միջազգային ֆորմատ ենք բերել Հայաստան, թոփ միջազգային ԶԼՄ-ները, որոնք ոլորտն են լուսաբանում, խոսում են Հայաստանի մասին որպես տեխնոլոգիական փոփոխությունների և տրանսֆորմացիաներին արձագանքող հաբ, ինչպես նաև պոտենցիալ ունեցող երկիր, որովհետև մենք անընդհատ խոսում ենք այդ օրակարգից և շատ բովանդակային»,-համոզմունք հայտնեց Սիմոնյանը՝  հավելելով, որ երկրորդ տարին ևս ֆորումը գրանցում է հաջողություններ և այն շարունակական է լինելու։

Անդրադառնալով Հայաստանի համար թվայնացման գործընթացի կարևորությանը, բանախոսը նշեց, որ  նկատելի է հստակ կոնսենսուս միջազգային կառույցները, տեղական կազմակերպությունները, գլոբալ աշխարհը խոսում են թվայնացման մասին որպես պարտադիր պայման ոչ միայն մրցունակ լինելու, այլ նաև՝ լինելիության միակ գրավական։ «Մենք գիտակցում  ենք, որ թվայինը հնարավորություն է և մենք կարող ենք ու պետք է գնանք ընդառաջ»,-ընդգծեց Սիմոնյանը։

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը հաջողություն մաղթեց ֆորումին, ապա անդրադարձավ թվային ապագայի տեսլականին, կարծիք հայտնելով, որ այն  խոստումնալից է ու լի հնարավորություններով, այդուհանդերձ, անհրաժեշտ է նաև ընկալել և կառավարել մարտահրավերները, որոնք կարող են ի հայտ գալ ապագայում։

«Ապագան պայծառ է երևում մի կողմից, թեև մյուս կողմից դա չուսումնասիրված տարածք է և մենք կարող ենք սխալներ անել այդ ճանապարհին։ Գերմարդկային արհեստական բանականությունը կարող է նաև մարդկային կարողությունները վերածել անպետք, հնացած կարողության։ Այսինքն, մի կողմից այդ հնարավորություններին պետք է պատրաստվենք, կարողանանք ընկալել ապագայում սպառնալիքները»,-ասաց Գալստյանը՝ ընդգծելով, որ ապագան կախված է գիտական առաջընթացի ապահովման ճանապարհին, էներգետիկայի և ատոմների կառավարման տիրույթներում հաջողակ լինելուց։

20240403104524_8D1A0889.JPG (551 KB)

«Այսինքն, հիմնախնդրի ենք բախվել. կամ մեր ֆիզիկական հիմքերը հասցնում ենք տեխնոլոգիական ձեռքբերումների մակարդակի կամ առաջանում է անխուսափելիորեն լճացում՝ հիմնականում ծանր տնտեսական հետևանքներով։ Թվային աշխարհը պայծառ է և գեղեցիկ, սակայն ի վերուստ տրված չէ։ Որպեսզի այն տեղի ունենա, անհրաժեշտ է հիմնախնդիրների ընտրության բարդ համակարգում ճիշտ կերպով նավարկելով հասնել այն նպատակին, որտեղ ավելի ներառական և ավելի արդար հասարակություն կկարողանանք ձևավորել»,-ընդհանրացրեց ԿԲ նախագահը։

Doing Digital Forum 2024-ի ֆինթեք գործընկեր Ամերիաբանկի Տնօրինության անդամ, Տաղանդների և ծառայությունների գծով տնօրեն Արմինե Ղազարյանի կարծիքով՝ թվային փոխակերպումն ավելի շատ մարդկանց է վերաբերում, քան՝ տեխնոլոգիային։

«Տեխնոլոգիան միայնակ չի կարող հասցնել ֆինիշին։ Թվային փոխակերպումը վերաբերում է մարդկանց, ովքեր կատալիզատոր են հանդիսանում փոփոխության ու վերափոխման, ովքեր ստեղծում են ապագան։ Հպարտորեն պիտի ասեմ, որ Ամերիաբանկը փայլուն օրինակ է ապագան դրական կառուցելու։ Մեր վերջին փոխակերպումը հենց թվանշային էր, այլ կերպ ասած՝ աճի և վերափոխման ուղին շարունակվում է։ Ավելին՝ անցյալ տարվան անդրադառնալով ակնհայտ է դառնում, որ մենք հավակնոտ նպատակներ ենք որդեգրել դիրքավորելու Հայաստանը որպես ռեգիոնալ ֆինթեք հանգույց»,-հավաստեց Ղազարյանը՝ կարևորելով խիզախությունը հնարավորությունների ու փոփոխությունների հասնելու համար։

Նրա հավաստմամբ՝ իրենց առաքելությունն այս առումով Հայաստանը նոր տարածաշրջանային տեխնոլոգիական և նորարարության կենտրոն դարձնելն է։

Doing Digital Forum-ն գլխավոր խոսնակը հայտնի ֆուտուրիստ, բանկինգի նոր հայեցակարգի և բեսթսելերներ դարձած մի շարք գրքերի հեղինակ Բրեթ Քինգն է, ով ներկայացրեց, թե ինչպես պետք է տնտեսությունները, բանկերն ու բիզնեսները հարմարվեն թվային ապագային:  

Ֆորումը հյուրընկալել է ավելի քան 20 խոսնակի աշխարհի տարբեր անկյուններից, այդ թվում՝ ՀՀ կառավարությունը, Կենտրոնական բանկն ու Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալությունը, Սինգապուրի սոցիալական գիտությունների համալսարանը, Հայաստանի ամերիկյան համալսարանը, Visa, Deloitte, ICDT Global, Moven, Just Better, People Growth Organization, SPRING PR, Ameriabank, ArCa, Ucom, Balchug Capital, Apricot Capital, Fastex, Ucraft և Hoory ընկերությունները։

Առաջատար խոսնակների ելույթների, պանելային քննարկումների, միջազգային փորձի ուսումնասիրման ձևաչափերով ֆորումում շոշափում են այնպիսի թեմաներ, ինչպիսիք են թվային փոխակերպումները տնտեսության և հասարակական կյանքի տարբեր ոլորտներում, ֆինանսական նոր տեխնոլոգիաները, ապագայի բանկինգը, տաղանդների ներգրավումը, արհեստական բանականության կիրառությունները, ինչպես նաև թվային փոխակերպման հաջողված նախաձեռնությունների ներկայացումն ու փորձի փոխանակումը։

Անդրադարձ կատարվեց նաև կրիպտոարժույթներին, տվյալների պաշտպանության ու կիբերանվտանգության ռիսկերի կառավարմանը և այլ մարտահրավերների դիմագրավմանը:  

Երկրորդ տարին անընդմեջ միջազգային Visa ընկերությունը ֆորումի ինովացիոն գործընկերն է, հայկական Apricot Capital-ը՝ ներդրումային գործընկերը, Fastex-ը՝ բլոկչեյն գործընկերը։ DDF24-ի տեխնոլոգիական գործընկերը Ucraft-ն է, ԱԲ գործընկերը՝ Hoory-ն։ ArCa-ն ֆորումի ազգային գործընկերն է։

Ֆորումի տեղեկատվական գործընկերներից է «Արմենպրես» լրատվական գործակալությունը։

SPRING PR-ը մրցանակակիր ընկերություն է, որը հիմնադրվել է 2009 թվականին և մասնագիտացած է ռազմավարական PR-ի, թվային հաղորդակցությունների, միջոցառումների կազմակերպման, հաղորդակցությունների կառավարման և հետազոտությունների ոլորտներում

SPRING PR ընկերությունը համագործակցում է ինչպես տեղական, այնպես էլ միջազգային մի շարք խոշոր, միջին և փոքր ձեռնարկությունների, պետական կառույցների, հասարակական և բարեգործական կազմակերպությունների հետ: SPRING PR-ը համաշխարհային PR համայնքի մաս է և անդամակցում է միջազգային այնպիսի հեղինակավոր կառույցների, ինչպիսիք են PR-ի միջազգային ասոցիացիան (IPRA), Հասարակայնության հետ կապերի կանոնակարգող ինստիտուտը (CIPR), Համաշխարհային հաղորդակցության ֆորում ասոցիացիան (WCFA): 

Ընկերությունը տարիների ընթացքում բարձրագույն մրցանակների ու ճանաչման է արժանացել մի շարք հեղինակավոր մրցանակաբաշխություններում՝ այդ թվում՝ Eventiada IPRA Golden World Awards-ում, C4F Davos Awards-ում (Communication for Future Davos Awards), WCFA-ի Davos Digital PR Awards-ում (Best Digital PR Project), իսկ 2021 թվականին հաղթող է ճանաչվել IPRA Golden World Awards-ում, որը համարվում է ոլորտի Օսկարը։ SPRING PR ընկերության համահիմնադիրներ Նվարդ Մելքանյանն ու Տաթևիկ Սիմոնյանը Women Achievers Awards 2022 մրցանակաբաշխության ժամանակ արժանացել են «Տարվա համաշխարհային PR առաջնորդ» մրցանակին՝ ընդգրկվելով 2022 թվականի համաշխարհային հաղորդակցության և PR-ի ոլորտի 50 կին առաջնորդների ցանկում։

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am