Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

«Նոր գիրք»-14/24. Հարությունյան, Բաքման, Ստիվենսոն, Տուրկոնի, Դայմոնդ

«Նոր գիրք»-14/24. Հարությունյան, Բաքման, Ստիվենսոն, Տուրկոնի, Դայմոնդ

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը ներկայացնում է իր հեղինակային «Նոր գիրք» նախագիծը: Այն ամեն երկուշաբթի ընթերցողի դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գրքերը: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ նոր գրքերի մասին, ծանոթանալ դասական գործերին և արդի գրականության զարգացման միտումներին:

Այս շաբաթ «Արմենպրես»-ն առանձնացրել է 2023 թվականի վերջին և 2024 թվականի սկզբին հրատարակված և հանրության դատին հանձնված տարբեր հրատարակչությունների ուշագրավ գրքեր՝ տարբեր խորագրերի ներքո:

Հայ գրականություն
Հարություն Հարությունյան, «Կամք, միտք և Մարգարիտա»
kamq.jpg (207 KB)

Այս ինքնակենսագրական պատմվածքը գրված է որպես օրինակ բոլոր նրանց համար, ովքեր փնտրում են կամքի ուժի դրսևորման, մտքի ձևավորման և սիրով ապրելու ճանապարհները: Հեղ․ հրատ։

Թարգմանական գրականություն
Ֆրեդրիկ Բաքման, «Տատիկս բարևում է և ասում` կներեք»
tatiks.jpg (152 KB)

Էլզան յոթ տարեկան է և տարբերվում է շրջապատի մյուս երեխաներից: Օրինակ՝ փեյնթբոլի հրացանով պատշգամբից կրակում է անծանոթ մարդկանց ուղղությամբ: Ու դա անում է իր տարեց ու մի քիչ էլ ցնդած տատիկի հետ, որն Էլզայի միակ ու լավագույն ընկերն է: Էլզան գիշերը ապաստան է գտնում իր տատիկի պատմություններում, որտեղ բոլորն իրարից տարբերվում են, և ոչ ոք ստիպված չէ նորմալ լինել:

Տատիկի մահից հետո նրանից մնում է նամակների մի հաստ տրցակ, որոնցում նա ներողություն է խնդրում բոլորից, որոնց վնասել է կամ վիրավորել: Այդ պահից էլ սկսվում է Էլզայի ամենամեծ արկածը: Տատիկի նամակների միջոցով աղջիկը ծանոթանում է հարբեցողներով, հրեշներով, կատաղած շներով ևծերունիներով լի բազմաբնակարան շենքի բնակիչների հետ: Այստեղ էլ Էլզայն բացահայտում է իր մանկության հեքիաթների ու արքունիքների մեծագույն գաղտնիքները:

Այս պատմությունը կյանքի, մահի և մարդու համար շատ կարևոր հատկության՝ մյուսներից տարբերվելու ձգտման մասին է: Թարգմանիչ՝ Աշխեն Բախչինյան։ Գիրքը լույս է ընծայել Newmag-ը։

Մանկապատանեկան գրականություն
Սըր Ստիվ Ստիվենսոն, Ստեֆանո Տուրկոնի, «Ագաթա Միստերի: Փարավոնի առեղծվածը»
agata.jpg (589 KB)

Եգիպտոս, Արքաների հովիտ: Հնէաբանների խումբը պատրաստվում է բացահայտելու մի առեղծվածային փարավոնի շիրիմը: Սա կարող է հեղափոխական հայտնագործություն լինել... Ցավոք, շիրիմը գտնելու ցուցումներով խիստ արժեքավոր տախտակը գողացել են: Այս գլուխկոտրուկը ի զորու են լուծելու միայն նորաթուխ դետեկտիվներ Ագաթա և Լարի Միստերիները: Իհարկե, մեր հերոսները դետեկտիվ պատմությունների սիրահար են: Արկածախնդիր ճամփորդությունների ժամանակ նրանց ուղեկցում են ծառայապետ միստր Քենթը և սիբիրյան կատու Ուոթսոնը: Գիրքը լույս է ընծայել «Զանգակ»-ը։

Փաստավավերագրական գրականություն
Ջարեդ Դայմոնդ, «Ճգնաժամ: Ճգնաժամի մեջ գտնվող երկրների շրջադարձային պահերը»
chgnajam.jpg (213 KB)

Ինչ է ճգնաժամը: Ինչու են որոշ երկրներ հաջողությամբ հաղթահարում դրա հետևանքները, իսկ մյուսները՝ ոչ: Եվ որն է հաղթահարման մեխանիզմը: Ինչպես են վեց երկիր՝ Ճապոնիան, Ֆինլանդիան, Չիլին, Ինդոնեզիան, Գերմանիան և Ավստրալիան, հայտնվել ճգնաժամային իրավիճակում, և ինչպես են ելք գտել դրանից: Ճգնաժամեր եղել են և կլինեն միշտ... Ո՞ր երկիրն Է հաջորդը. կրկին Ճապո՞նիա, թե՞ ԱՄՆ: Կամ գուցե ամբողջ աշխա՞րհը: Թարգմանությունն անգլերենից՝ Սյուզան Սիմոնյանի: Խմբագիր՝ Նելլի Հայրապետյան: Գիրքը լույս է ընծայել «Անտարես»-ը:

«Նոր գիրք»-ը ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am