Երևանում՝ 11:07,   29 Ապրիլ 2024

Թվայնացման օրակարգի համար ԲՏԱ նախարարությունը 10 մլրդ դրամ է ստացել. նախարար

Թվայնացման օրակարգի համար ԲՏԱ նախարարությունը 10 մլրդ դրամ է ստացել. 
նախարար

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Թվայնացման ոլորտում մի քանի դերակատար է ներգրավված, իսկ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հանդիսանում է քաղաքականության մշակողը, բայց ոչ իրականացնողը: Բացառապես թվայնացման օրակարգի համար նախարարությունը 10 մլրդ դրամ է ստացել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշեց ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանն իր պաշտոնավարման 100 օրվան նվիրված մամուլի ասուլիսի շրջանակում։

«Կա նաև Թվայնացման գործակալություն, որտեղ ներգրավված են մասնագիտական բարձր կարողություններ, և Գործակալությունն աջակցում է Նախարարությանը նաև քաղաքականության մշակման հարցում: Կա նաև Թվայնացման խորհուրդ, որը գործում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ: Բյուջեն ևս ԲՏԱՆ-ում է այս պահին, 10 մլրդ դրամ ենք ստացել բացառապես թվայնացման օրակարգի համար»,- ներկայացրեց նախարարը:

Նրա խոսքով՝ շրջանառվել է Կիբեռանվտանգության մասին օրենքի նախագիծը: Օրենքի նպատակն է ՀՀ-ում կենսական նշանակություն ունեցող ծառայությունների մատուցման համար կիրառվող տեղեկատվական համակարգերում և կրիտիկական տեղեկատվական ենթակառուցվածքներում կիբեռանվտանգ միջավայրի ստեղծումը:

«Նախագծի ընդունմամբ իրավական հիմք ենք ստեղծում կիբեռանվտանգության մարտահրավերներին, կիբեռմիջադեպերին արձագանքելու, կիբեռանվտանգության ապահովման ուժեղացման, կիբեռվարժանքների իրականացման, հասարակության լայն շրջանակների իրազեկման և կիբեռգրագիտության մակարդակի բարձրացման համար: Կարծում ենք, որ նախագիծը, կամ՝ որոշումը կընդունվի մինչև այս տարվա առաջին կիսամյակի ավարտ»,- տեղեկացրեց նա:

Հայրապետյանը նշեց՝ տեղի են ունեցել աշխատանքային քննարկումներ պետական մարմինների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ՝ քննարկելու տեղեկատվության ազատության և հանրային տեղեկությունների մասին օրենքի նախագիծը, որի նպատակն է բաց տվյալների քաղաքականության իրականացման  միջոցով որակյալ և արդյունավետ ծառայությունների մատուցումը: Քննարկման արդյունքում որոշվել է առանձնացնել օրենքների նախագծերը միմյանցից՝ Տեղեկատվության ազատության մասին և Հանրային տեղեկությունների մասին օրենքի նախագծերի:

«Մեկնարկել են «Ամպային առաջինը» (Cloud First) քաղաքականության մշակման, ներդրման և դրա իրավական հիմքերի ստեղծման աշխատանքները: Սա մեզ համար սպասված նախաձեռնություն է: Գաղտնիք չէ, որ Կառավարությունը, ԲՏԱՆ-ը բազմաթիվ միջազգային գործընկերների հետ, այնպիսիք՝ ինչպիսին է Ամազոն Վեբ Սերվիսըքննարկում են ամպային լուծումների հնարավորությունը, և այստեղ մենք կատարում ենք մեր տնային աշխատանքը: Որոշման ընդունմամբ մենք տեղեկատվական համակարգերի տվյալների և տեղեկատվության պահպանման նպատակով ավանդական սերվերների փոխարեն ակնկալում ենք, որ կխրախուսենք տարբեր գերատեսչություններին կիրառել ամպային լուծումներ, ինչը կնպաստի ՀՀ տեխնոլոգիական ենթակառուցվածքի արդիականացմանը և առաջխաղացմանը: Անցումը ամպային ծառայության հնարավորություն կտա հրաժարվել ավանդական և մեծածավալ ռեսուրսներ պահանջող սերվերային տնտեսություններից»,- եզրափակեց Հայրապետյանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am