Երևանում՝ 11:07,   29 Ապրիլ 2024

Հայոց ցեղասպանության հարցը իրավաքաղաքական դաշտ տեղափոխելու ուղղությամբ լուրջ աշխատանք է տարվում

Հայոց ցեղասպանության հարցը իրավաքաղաքական դաշտ տեղափոխելու ուղղությամբ լուրջ 
աշխատանք է տարվում

ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության հարցը իրավաքաղաքական դաշտ տեղափոխելու ուղղությամբ լուրջ աշխատանք է տարվում: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը:

«Հայագիտական ինստիտուտների աշխատակիցները լույս են ընծայել բազմաթիվ աշխատություններ, որոնց հիմնական մեխը ցեղասպանության դիմաց հատուցման հասնելու հանգամանքն է: Մի բան, որը տեղի է ունեցել հրեական Հոլոքոստի դեպքում»,-ասաց Աշոտ Մելքոնյանը:

Նրա խոսքով, մեր պարագայում թուրքական կողմը ոչ միայն դրան պատրաստ չէ, այլև պատրաստ չէ ճանաչելու ցեղասպանության իրողությունը` հասկանալով, որ հետևանքներն իր համար կարող են լինել անցանկալի: Մանավանդ, որ Հայոց ցեղասպանությունը հրեական Հոլոքոստից տարբերվում է այնպիսի հանգամանքով, որ հայերը ցեղասպանվել են հենց իրենց հայրենիքում և տեղահանվել հայրենիքից:

Պատմության ինստիտուտն այս թեմայով ունի բազմաթիվ հրատարակություններ: Հրատարակվել են «Հայոց պատմության» ակադեմիական հատորները: Արդեն հինգ հատոր  հրատարակվել է: Դրանցում ներկայացվել է Հայոց ցեղասպանության հարցը՝ ընդգծելով, որ այն ճանաչմամբ չի փակվել, և հատուցման գործընթացն առաջիկա 100 տարվա գլխավոր խնդիրն է լինելու: Տպագրվել են նաև «Հայոց ցեղասպանության իրավաքաղաքական հիմքերը» թեմայով հրատարակություններ: Լույս է տեսել «Ցեղասպանություն և հայրենազրկում» աշխատությունը: Աշոտ Մելքոնյանը նշեց, որ տարիներ շարունակ խոսվել է ազգային հողի վրա ցեղասպանության մասին, բայց քիչ է խոսվել հայրենազրկման մասին: «Ցեղասպանություն և հայրենազրկում» աշխատությունը ամբողջությամբ նվիրված է այդ թեմային:

«Ո՞րն  է մեր անելիքը, ինչի՞ց սկսել: Մենք պետք է հստակ պարզենք, թե ինչ ենք կորցրել Եղեռնի տարիներին: Նյութական, տարածքային, բարոյական կորուստների վերաբերյալ ունենանք բանկ, որից հետո հաջորդ քայլը կատարենք: Հաջորդ քայլը պետք է լինի միջազգային իրավունքի բարելավումը: Մենք, որպես ՄԱԿ-ի անդամ, միջազգային իրավունքի սուբյեկտ, պետք է միջազգային իրավունքի մեջ կարողանանք մտցնել հայրենազրկում եզրույթը: Դա ոչ պակաս զազրելի հանցագործություն է: Այսինքն` 1915 թվականին հայերը կրկնակի հարված են ստացել»,-ասաց Աշոտ Մելքոնյանը:

Ի՞նչ է կոնկրետ արվում Հայոց ցեղասպանության հարցն իրավաքաղաքական դաշտ տեղափոխելու ուղղությամբ: Հարցին ի պատասխան Աշոտ Մելքոնյանը նշեց, որ գիտական հանրությունն այդ ուղղությամբ ակտիվ աշխատում է, դրանից բացի Սահմանադրական դատարանում Գագիկ Հարությունյանի գլխավորությամբ հանձնախումբ կա, որը փաթեթ է պատրաստում: Դա ևս արվում է պետական մակարդակով, դրանից բացի լուրջ աշխատանք է իրականացվում Սփյուռքում: Աշոտ Մելքոնյանն ընդգծեց, որ պետք է կարողանալ հայեցակարգի տեսքով այդ ամենն ամփոփել ու գործն առաջ մղել: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am