Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Աղվան Ասոյան. Հայաստանի ռետինե սապոգները

Աղվան Ասոյան. Հայաստանի ռետինե սապոգները

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ

<<Հայաստանում այնքան գեղեցիկ վայրեր կան, կուսական բնաշխարհ, հյուրընկալ մարդիկ, որոնք մաքուր են իրենց շրջապատող բնության պես>>:

Յուրաքանչյուր միջին վիճակագրական հայ իր պարտքն է համարում Հայաստանի մասին պատմող որևէ աշխատություն սկսել նման կամ նմանատիպ տողերով: Իսկ տեղյա՞կ եք, որ կան գյուղեր, որոնց նույնիսկ Ահեղ դատաստանը չի սպառնում՝ իրականությունից ու քաղաքակրթությունից կտրված: Չեմ ուզում խոսել հիասքանչ բնության մասին՝ Շվեյցարիան ավելի գեղեցիկ է: Ոչ էլ կխոսեմ գրանդիոզ ճարտարապետության մասին՝ աշխարհն Իտալիա ունի: Ոչ էլ կպատմեմ, որ ամենահին ազգերից ենք, որ առաջինն ենք ընդունել Քրիստոնեությունը,որ Նոյն իր տապանը կայանել է Արարատ լեռան գագաթին...:Հատկապես, որ այդ իրադարձություններից հետո նշանակալի ոչինչ տեղի չի ունեցել: Ուզում եմ խոսել մարդկանցից: Այ նրանցից աշխարհում հաստատ ոչ մի տեղ չկա:

Կարծեմ գարնանն էր, երևի անցյալ տարի, կարծեմ աշխատանքի բերումով ու երևի դեղին կոշիկներով հայտնվել էի Ազնաբերդ գյուղում: Վայոց Ձորի մարզում է, սահմանին գրեթե կպած: Ճանապարհին նորագույն տեխնոլոգիաների մասին մոռացեք՝  սարերի մեջ որևէ տեսակի կապ չկա: Ձեռքիս լուանկարչական սարք կար, որն աշխատում էր ստրուկի պես: Ինքս էլ չէի հասկանում, թե ինչու եմ այդքան շատ նկարում: Բայց շարունակում էի, առանց հանգստանալու: Հիմա եմ հասկանում՝ վախից էր, ամոթից: Օբյեկտիվի հետևից իրականությունն այլ կերպ ես տեսնում՝ քո ուզած իրականությունը: Ունակ չէի երես առ երես կանգնել ու նայել իրականության աչքերի մեջ: Այդ իրականությունն ինձ համար չափից շատ էր: Ոչ էլ դեղին կոշիկներիս էր սազական: Ծխածս սիգարետն էլ մի բան չէր՝ բարակ սիգարետ, որն այս լեռների ու իրականության հետ մի տեսակ չէր բռնում: Բայց ծխում էի շոգեքարշի պես:Մարդիկ կարծես ուրախ էին ինձ, մեզ՝ նորեկներին տեսնելու համար:

 Մի կողմից էլ տրմաբանական է: Մենք հայտնվել էինք մի տեղում, ուր անգամ փոստատարը չի գնում: Բայց մարդիկ ուրախ էին, առաջին հայացքից, անհոգ ու հյուրընկալ: Նրանք ինձ դուր եկան, անկեղծ էին: Ես էլ երևի նրանց, քանի որ ժպտում էին: Մարդիկ չգիտեմ, շներին հաստատ դուր չեկա: Օտար էի, ժպտում էի ու ռետինե սապոգներ չունեի հագիս:  Ռետինե սապոգները… չգիտեմ էլ ինչու են արհամարհական կալոշ անվանում: Կարծես ճակատագրի պես մի բան լինի,կնիք: Անտարբերության կնիք, որը խորհրդային տարիներից ի վեր խարանի պես մնացել է գյուղի սերունդների ճակատին ու կարծես չունի վաղեմության որևէ ժամկետ: Ռետինե սապոգն է նրանց ճակատագիրը: Դրանք հագած անգամ փախչելն է անիմաստ: Բայց հենց սապոգն էլ նրանց փրկությունն է : Ցեխից: Համատարած ցեխից, որ անձրևից հետո պարուրում է ամբողջ գյուղը: Հենց այդ ցեխն է ստիպում չերազել, ամեն անգամ աչքիդ առաջ բերելով տխմար ու կեղտոտ իրականությունը:  Ժամանակն այստեղ այլ կերպ է ընթանում: Լավի ու վատի մասին պատկերացումներն էլ այլ են: Նրանց չզարմացրեցին մեր ամենագնացները, տեսախցիկները և ոչ էլ թանկարժեք հագուկապը: Ամենազարմանալին դեղին կոշիկներս էին: Կարծես զգուշացնող նշան լիներ, օտարականի նշան: Իսկ օտարներին ժպտում են, բայց չեն սիրում:

Երբևէ արջ գետնած կա՞ք: Երևի բարդ գործ է: Հերոսության պես է հնչում, բայց այս գյուղի առօրյան է: Ցեխը երևի քիչ էր, գյուղը նաև վայրի կենդանիների քոչի միջանցք է:

Մի փոքրիկ տեսա, երևի արդեն անպետք դույլի կափարիչով մեքենա էր վարում:

  • Քանի՞ տարեկան ես, ճո՛ւտ:
  • Հի՛նգ,- մի տեսակ արհամարհական տոնով պատասխանեց:
  • Կտա՞ս ավտոդ քշեմ:
  • Էս ավտոն քո քաղաքում լավ չի էթա, սրանից քշելու համար պիտի ստեղ ապրես:


Հինգ տարեկան երեխայի նման պատասխանից հետո մի փոքր դժվար է որևէ համարժեք խոսք գտնել: Մի տեսակ ամաչեցի քաղաքացու իմ կարգավիճակից ու հեռացա գյուղից, ամոթի ու մեղավորության զգացումով: Ռետինե սապոգների մեղավորներից մեկն էլ ես եմ, դու ես, մենք բոլորս ենք: Սա մեկ կարճ անուն ունի՝ անտարբերություն: Իսկ այս մարդիկ: Հենց նրանք են իսկական հերոսները, որոնք ամեն օր պայքարում են բացված առավոտն արժանապատիվ ավարտելու համար:

Սույն պատմությունը հրապարակվել է «Մեկ անգամ Հայաստանում» մրցույթի շրջանակներում:

Մրցույթին կարող եք մասնակցել և Դուք, մանրամասներին ծանոթանալու համար խնդրում ենք անցնել հետևյալ հղումով:

«Մեկ անգամ Հայաստանում» մրցույթի շրջանակում ներկայացված պատմություններում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին և կարող են չհամընկնել «Արմենպրես»-ի տեսակետներին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am