Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Սիրիան պահանջում է դադարեցնել ավիահարվածները. ՌԴ-ն, Իրանը եւ Թուրքիան համակարծիք են այդ հարցում

Սիրիան պահանջում է դադարեցնել ավիահարվածները. ՌԴ-ն, Իրանը եւ Թուրքիան 
համակարծիք են այդ հարցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիան ՄԱԿ-ում հարց է բարձրացրել, թե Իսրայելն ի՞նչ իրավունքով է պարբերաբար ավիահարձակումներ գործում իր տարածքի վրա: Իսրայելը, չմեկնաբանելով իր զինվորականների գործողությունները, պնդում է, որ վտանգ է զգում Սիրիա մտած իրանական զորքերից: Սակայն նույնիսկ ամերիկյան «Newsweek»-ը չի վիճարկում այն, որ իրանցիներն ու ՌԴ-ն փրկել են Սիրիան ջիհադիստներից:

Սիրիան Իսրայելից պահանջել է դադարեցնել ավիահարվածները՝ հայտարարելով, որ դրանք վտանգում են քաղաքացիական անձանց ու զինվորականների կյանքերը: Այդ կարծիքը կիսում են ոչ միայն Ռուսաստանն ու Իրանը, այլեւ նույնիսկ Թուրքիան:

«Newsweek»-ը վերջերս գրել է այն սպառնալիքների մասին, որոնք ծագում են, երբ տարբեր երկրներ գործում են Սիրիայի օդային տարածքում, որտեղ զինվորական ու քաղաքացիական ինքնաթիռներն ավելի ու ավելի հաճախ են վտանգվում արդեն 10 տարի ձգձգվող հակամարտության ընթացքում:

ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցչությունը հայտարարել է, որ Իսրայելի կիսով չափ գաղտնի ավիացիոն արշավը, որի ընթացքում հարվածներ են հասցվում Իրանի հետ կապված կասկածելի օբյեկտներին ու սիրիական հակաօդային պաշտպանության դիրքերին, երկու հարեւան պետությունների միջեւ հետպատերազմական երկկողմ համաձայնագրերի խախտում է:

«Իսրայելի կողմից Սիրիայի ինքնիշխանության նկատմամբ բազմաթիվ ոտնձգությունները ոչ միայն տեխնիկական խնդիր են` կապված սիրիական երկնքում քաղաքացիական օդային երթեւեկության անվտանգության հետ,- հայտարարել է ներկայացուցչությունը:- Սա ագրեսիայի գործողություն է, որն իրականացվում է 1974 թ. կրակի դադարեցման համաձայնագրի խախտմամբ եւ սպառնալիք է քաղաքացիական անձանց ու քաղաքացիական ավիացիայի անվտանգության համար»:

Սիրիայի մշտական ներկայացուցչությունը կարծում է նաեւ, որ Իսրայելն իր օդային ռազմավարությամբ խախտում է միջազգային իրավունքը: «Այս հարձակումները նաեւ Չիկագոյի կոնվենցիայի կոպիտ խախտում են, որը երաշխավորում է ամբողջ աշխարհում քաղաքացիական ավիացիայի անվտանգությունը, եւ ապացուցված թշնամական գործողություն, որը հակասում է միջազգային իրավունքին եւ ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքներին,- նշել է ներկայացուցչությունը:- Ավելին՝ այդպիսի ագրեսիան ցույց է տալիս Սիրիայի իրավիճակի վերաբերյալ Անվտանգության խորհրդի բանաձեւերի անտեսումը, որոնք վերահաստատում են Սիրիայի ինքնիշխանությունը, անկախությունը, միասնությունը եւ տարածքային ամբողջականությունը»:

Այս չորս սկզբունքները շեշտվել են նաեւ օրեր առաջ Ռուսաստանի, Իրանի եւ Թուրքիայի ներկայացուցիչների հերթական` երրորդ հանդիպման ժամանակ: Նշված երկրները սիրիական հակամարտության կարգավորման մեխանիզմի երաշխավորներն են: Այն ստացել է «Աստանայի գործընթաց» անվանումը Ղազախստանի մայրաքաղաքի պատվին, որն անվանափոխվել է եւ այժմ կոչվում է Նուր-Սուլթան:

Իրենց համատեղ հայտարարության մեջ Մոսկվան, Թեհրանն ու Անկարան «դատապարտել են Սիրիայում Իսրայելի կողմից շարունակվող ռազմական հարձակումները, որոնք իրականացվում են միջազգային հումանիտար իրավունքի խախտումներով եւ խարխլում են Սիրիայի ու հարեւան երկրների ինքնիշխանությունը, ինչպես նաեւ վտանգի տակ դնում տարածաշրջանի անվտանգությունն ու կայունությունը, եւ կոչ են արել դադարեցնել դրանք»:

Իսրայելական վերջին գրոհների ժամանակ հարված է հասցվել ՀՕՊ-ի ստորաբաժանումների դիրքերին: Այս տեղեկությունը հաստատել է Սիրիայի մարդու իրավունքների դիտարկման կենտրոնը, որն աշխատում է Բրիտանիայում եւ աջակցում է ընդդիմությանը: Հարձակումը կատարվել է իրանական հրթիռների պահեստի վրա: Հարձակման արդյունքում մայրաքաղաքից ոչ հեռու գտնվող երկու վայրում սպանվել են մինչեւ 16 ոչ սիրիական ազգության մարտիկներ:

Սիրիական ներկայացուցչությունը նշել է, որ նման հարձակումները ոչնչով չարդարացված վտանգ են ներկայացնում խաղաղ բնակչության համար: «Իսրայելի հերթական թշնամական եւ վախեցնող գործողություններն իրենց տեսակի մեջ առաջինը չեն,- նշում են ներկայացուցչության գրասենյակում:- Ավելի վաղ Իսրայելի ռազմաօդային ուժերը քաղաքացիական ինքնաթիռներ էին օգտագործում՝ որպես ծածկույթ Սիրիայի տարածքում հարվածների համար: Նրանք մեկ անգամ չեն քաղաքացիական ուղեւորներին որպես մարդկային վահան օգտագործել՝ բանի տեղ չդնելով նրանց զգացմունքներն ու կյանքը»:

Այս հարձակումները համընկնում են Իսրայելի ռազմաօդային ուժերի «Գալիլեայի վարդ» զորավարժությունների հետ, որի սցենարը պատերազմն էր Իսրայելի հյուսիսային սահմանների մոտ՝ ընդդեմ Սիրիայի ու Լիբանանի: Լիբանանում ապրող շիա «Հըզբոլլահ» շարժման ներկայացուցիչն անցյալ ամիս «Newsweek»-ին ասել է, որ իրենց մարտիկները պատրաստ են հետ մղել ցանկացած ագրեսիա:

«Բնականաբար, մենք չենք հանդուրժի ոչ մի հարձակում, եւ «Հըզբոլլահը» միշտ պատրաստ է հետ մղել Լիբանանի վրա ցանկացած հարձակում»,- հայտարարել է նա:

Իսրայելը մեղադրում է Իրանին այն բանի համար, որ այն իր մարդկանց ուղարկում է Աֆղանստան եւ Պակիստան՝ ստեղծելու առաջնային բազաներ, զինամթերք է ուղարկում Սիրիա, ինչպես նաեւ ներգրավում է գործընկեր կազմակերպությունների, ինչպիսին է Լիբանանի «Հըզբոլլահը»:

«Սիրիական բանակը «Հըզբոլլահին» գործունեության համար տրամադրում է մեծ տարածություն, որտեղ նա կարող է անել այն, ինչ ցանկանում է, իսկ դրա պատճաով կյանքը մի քիչ ոչ հարմարավետ է դարձել,- անցած ամիս հայտարարել է իսրայելական անվտանգության ծառայությունների աշխատակիցը, որը զբաղվում է Սիրիայի հարցով:- Դա մեծ խնդիր է, որովհետեւ մենք ստիպված ենք վճռել, թե ում հարվածենք»:

ԱՄՆ-ի աջակցությունը վայելող եւ հիմնականում քրդերից բաղկացած սիրիական ժողովրդավարական ուժերը հյուսիս-արեւելքում պահում են երկրի տարածքի գրեթե մեկ երրորդը: Թուրքիան շարունակում է մնալ ընդդիմության վերջին գլխավոր հովանավորը եւ աջակցում է ապստամբ ուժերին Սիրիայի կառավարության դեմ պայքարում, ինչպես նաեւ հանդես է գալիս Պենտագոնի հովանավորությունը ստացած խմբավորման դեմ հյուսիսային սահմանի երկայնքով:

Սիրիայի մեծ մասը, ինչպես տարածքով, այնպես էլ բնակչությամբ, վերահսկվում է կենտրոնական կառավարության կողմից: Այս հսկողությունը հաստատվել է ջիհադիստների դեմ կառավարական ուժերի երկարատեւ հակահարձակման շնորհիվ, որին աջակցում էին Ռուսաստանը եւ Իրանը: Մոսկվան, Թեհրանը եւ Անկարան մասնակցում են Աստանայի գործընթացին, մինչդեռ Վաշինգտոնն այս հակամարտության մեջ իր փոփոխական նպատակներով հիմնականում մնում է դիվանագիտական լուսանցքում:

Ճիշտ է՝ Սիրիայի հյուսիս-արեւելքում գտնվում են մոտ 900 ամերիկյան զինվորականներ, որոնց առջեւ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը խնդիր է դրել պաշտպանել նավթային ու գազային հանքավայրերն ինքնահռչակ Իսլամական պետության ջախջախումից հետո: Նույնպիսի խնդիր, բայց այլ հանքավայրերում կատարում են կառավարամետ ուժերը:

Անցած շաբաթ համատեղ հայտարարության մեջ Ռուսաստանը, Իրանը եւ Թուրքիան նույնպես բարձրացրել են ամերիկյան զինվորականների գործողությունների մասին հարցը՝ հայտարարելով, որ նրանք «մերժում են տեղում նոր իրողություններ ստեղծելու ցանկացած փորձ, ներառյալ՝ ինքնակառավարման համար անօրինական նախաձեռնությունները, որոնք առաջ են քաշվել ահաբեկչության դեմ պայքարի պատրվակով»: Կողմերը հայտարարել են Եփրատի արեւելքում գտնվող տարածքներում անջատողական ծրագրերի դեմ պայքարելու իրենց վճռականության մասին, որոնք «ուղղված են Սիրիայի միասնության խաթարմանը եւ սպառնալիք են ստեղծում հարեւան երկրների ազգային անվտանգության համար»:

Նրանք նաեւ անհանգստություն են հայտնել՝ կապված «քաղաքացիական բնակչության դեմ թշնամական գործողությունների ակտիվացման հետ», հաստատել են, որ հանդես են գալիս «ապօրինի գրավման ու նավթի վաճառքի դեմ, որը պետք է պատկանի Սիրիայի Արաբական Հանրապետությանը»:

Ռուսաստանն իր դաշնակիցների հետ նույնպես գործում է հյուսիսարեւելյան տարածաշրջանում: Դրա արդյունքում ամերիկացիները ռուսների հետ ստեղծել են անվտանգության գիծ՝ երկրի այդ տարածքում միջադեպերից խուսափելու համար:

ԱՄՆ-ն, սակայն, հազվադեպ է խոսում Սիրիայում Իսրայելի գործողությունների մասին: Պենտագոնի ներկայացուցիչն անցած շաբաթ «Newsweek»-ին ասել է, որ «չի մեկնաբանի Արեւմտյան Սիրիայի օդային տարածքում տեղի ունեցող իրադարձությունները»:

                                                                           Պատրաստեց Իշխան ՔԻՇՄԻՐՅԱՆԸ


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am