Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   29 Հունիս 2022

Պատերազմում եղբորը կորցրած հոգեբանն ընթերցողի դատին է հանձնել «Ապրելու հերոսություն: Կյանքի ծաղիկներ ռազմի դաշտից» գիրքը

Պատերազմում եղբորը կորցրած հոգեբանն ընթերցողի դատին է հանձնել «Ապրելու հերոսություն: Կյանքի ծաղիկներ ռազմի դաշտից» գիրքը

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոգեբան Սեդա Վարդանյանը հանրությանը ներկայացրեց «Ապրելու հերոսություն: Կյանքի ծաղիկներ ռազմի դաշտից» գեղարվեստական ոճով գրված հոգեբանական գիրքը: Հեղինակը այն գրել է պատերազմում եղբորը կորցնելուց հետո:

 «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ զրույցում  Սեդա Վարդանյանն ասաց, որ չի ցանկացել անձնավորել և գրել կոնկրետ իր եղբոր մասին, քանի որ  Հովիկներ այսօր կան շատ-շատերի տանը:

 «Ինձ մոտ գիրք գրելու միտքն առաջացել է արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ, երբ զոհվեց նաև իմ 24-ամյա եղբայրը: Գիրքս ցավից դեպի կյանք ճանապարհին նկարագրում է հոգեբանական մեխանիզմները: Եղել են անձինք, ովքեր ասում էին ինձ, որ պատերազմ են գնացել ու ցանկանում են մի գրվածք կարդալ, որպեսզի գտնեն իրենց հարցերի պատասխանները: Հենց այդ ժամանակ որոշեցի ռիսկի գնալ ու դառնալ իմ իսկ գրքի հերոսն ու վերլուծել սեփական ապրումները»,- նշեց Սեդան:

44-օրյա պատերազմի մասնակից  21 տարեկան Սարգիսը՝ ծնունդով Արցախից, ով 2020 թվականի հոկտեմբերի 28-ին կորցնել է երկու ոտքը, ասաց, որ իր կյանքում ոչ մի բան չի փոխվել, ապրում է այնպես, ինչպես առաջ և առաջվա պես սիրում է կյանքը: Նշեց, որ գիրքը  շատ կարևոր է պատերազմի մասնակիցների, զոհվածների հարազատների համար և ոչ միայն:

«Գիրքը դեռ չեմ կարդացել, բայց Սեդայի ներկայացնելուց հետո պատկերացնում եմ, որ հենց կայանքի մասին է, և վստահ եմ՝ այն շատերին կօգնի ստանալ շատ հարցերի պատասխաններ»,-ասաց Սարգիսը։  

Նշենք, որ գրքի հասույթն ուղղվելու է բարեգործությանը. գնելով մեկ գիրք՝ հնարավորություն կընձեռվի մյուսը նվիրելու զինվորին:

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]