Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   28 Հունիս 2022

Եթե Ադրբեջանն անկեղծ է, ապա պետք է անհապաղ լուծի գերիների հարցը. Անդրիուս Կուբիլիուս

Եթե Ադրբեջանն անկեղծ է, ապա պետք է անհապաղ լուծի գերիների հարցը. Անդրիուս 
Կուբիլիուս

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի համանախագահ Անդրիուս Կուբիլիուսը կարծում է, որ, եթե տարածաշրջանում խաղաղության, կայունության վերաբերյալ ադրբեջանական կողմի հայտարարություններն իսկապես անկեղծ ցանկություն են, ապա պետք է անհապաղ լուծեն գերիների վերադարձի խնդիրը: Լիտվայի նախկին վարչապետ, Եվրոպական խորհրդարանի անդամ, Եվրանեսթ ԽՎ համանախագահ Անդրիուս Կուբիլիուսը նման տեսակետ է հայտնել Հայաստանում գտնվելու օրերին, մասնավորապես, փետրվարի 22-ին «Արմենպրես»-ի հետ զրույցում՝ խոսելով նաև Հայաստան-Եվրամիություն հարաբերություններից, հայերի համար վիզային ռեժիմի ազատականացման հարցից, կոռուպցիայի դեմ պայքարում Հայաստանի գրանցած արդյունքներից՝ ընդգծելով դրանց մասին եվրոպական կառույցներում խոսելու կարևորությունը:

-Պարոն Կուբիլիուս, Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի եւ հանձնաժողովների նիստերն անցկացվեցին Երևանում, նախ ի՞նչպես կգնահատեք նիստերի ընթացքը, քննարկված ի՞նչ կարևոր հարցեր կառանձնացնեք:

-Նախևառաջ, շատ հաճելի էր Երևան գալը: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակությանը հյուրընկալության համար, որը պատասխանատու էր այն կազմակերպելու համար: Սրանք առաջին դեմ առ դեմ նիստերն էին գրեթե 2 տարվա դադարից հետո, երբ մենք առցանց տարբերակով չենք մասնակցում: Մեզ համար իսկապես հաճելի է գտնվել Երևանում: Բովանդակության վերաբերյալ. առաջին հերթին հանձնաժողովները քննարկել են շատ կարևոր զեկույցներ՝ էներգետիկ անվտանգության, «Կանաչ գործարքի» վերաբերյալ, որը շատ կարևոր թեմա է ողջ ԵՄ-ում: Անշուշտ մենք նաև խորությամբ քննարկել ենք Հարավային Կովկասում անվտանգության հարցը: Մենք, անշուշտ, նաև քննարկել ենք վերջին զարգացումները՝ Ռուսաստանի ագրեսիան Ուկրաինայի դեմ: Եվ մենք ընդունել ենք հատուկ հայտարարություն դրա վերաբերյալ, այն մի կողմից շատ քննադատական լեզվով անդրադառնում է նրան, ինչ անում է Կրեմլը, նախագահ Պուտինը: Հայտարարությունն ընդգծում է Ուկրաինայի սուվերենությունը, մյուս կողմից անդրադառնում նրան, թե ԵՄ-ն ինչ պետք է անի Ուկրաինային ուժեղացնելու համար: Սրանք ամենակարևոր թեմաներն էին, որ քննարկել ենք Երևանում:

-Դուք մի կառույցի համանախագահն եք, որի անդամ են միաժամանակ և Հայաստանը, և Ադրբեջանը: Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովն ի՞նչ դերակատարում կարող է ունենալ՝ նպաստելու մեր տարածաշրջանում կայունությանը, հակամարտության կարգավորմանը:

-Նախևառաջ մենք, իհարկե, խորհրդարանական վեհաժողով ենք: Այն ավելի շատ մարմին է, որը կարող է քննարկել որոշ հարցեր, խորհուրդ տալ, թե ինչ լուծում պետք է ընդունվի՝ ազգային կառավարությունների կամ եվրոպական ինստիտուտների կողմից, բայց մենք որևէ որոշում կայացնող մարմին չենք: Երևանում կարևոր էր այն, որ մենք նաև պատվիրակություն ունեինք Ադրբեջանից: Մենք քննարկեցինք Հարավային Կովկասի խնդիրները, հրավիրել էինք նշանավոր փորձագետների՝ և Հայաստանի, և Ադրբեջանի կողմից՝ ընդհանուր պատկերացում կազմելու ամբողջ իրավիճակի և ապագա տարբերակների մասին: Հետո մենք մեր մեջ, անշուշտ, քննարկել ենք շատ ցավոտ թեմաներ, որոնք պետք է լուծվեն: Բայց հուսով եմ, որ այն, ինչ կարող ենք անվանել կարգավորում, նորմալացում՝ և Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում, և Հայաստան-Թուրքիա հարաբերություններում, կարող է շարունակվել: Ես շատ ուրախ եմ, որ դեկտեմբերին Բրյուսելում Արևելյան գործընկերության վերջին գագաթնաժողովին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հրավիրել և կազմակերպել էր ոչ պաշտոնական հանդիպում՝ վարչապետ Փաշինյանի և նախագահ Ալիևի միջև: Ինչպես ես եմ տեղեկացել՝ այն մոտ 5 ժամ տևողությամբ խոսակցություն է եղել: Կարծես թե դա բավականին ռացիոնալ խոսակցություն է եղել: Իհարկե, նման իրավիճակում շատ դժվար է երկու կողմից էլ խուսափել բոլոր էմոցիաներից, բայց ռացիոնալությունն այն է, որը կարող է բերել կայունություն և խաղաղություն: Կան տարբեր հարցեր, որոնք լուծման կարիք ունեն, ինչպիսին են սահմանի դեմարկացիան, հաղորդակցությունների բացումը՝ երկաթուղին, ավտոճանապարհները և այլն: Սրանք շատ կարևոր պրակտիկ հարցեր են, որոնք պետք է առաջ տանել: Եվ ես հույս ունեմ, որ բոլոր կողմերն այս շատ կարևոր տարածաշրջանում կփնտրեն հնարավորություններ, թե ինչպես ստեղծել այդ հնարավորությունները: Դա մեր տեսլականն է,  ԵՄ-ն կարող է կարևոր դեր խաղալ, առաջարկել հարթակներ՝ քննարկումների համար: Եվ սա այն է, ինչ Եվրանեսթ ԽՎ-ն անում է հիմա. լավ հարթակ՝ քննարկումների համար, այդ քննարկումները երբեմն լինում են էմոցիոնալ, երբեմն՝ բորբոքված: Ամեն դեպքում մենք նայում ենք ոչ միայն անցյալին, այլ նաև փորձում ենք նայել ապագային: Կարծում եմ՝ Հայաստանը կարող է իր հաջողության պատմությունները պատմել շատ ավելի լայնորեն՝ ոչ միայն Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովում, այլ նաև Եվրոպական խորհրդարանում: Ես կատակում էի, որ դուք՝ հայերդ շատ լավ եք կարողանում ձեր ձեռքբերումները որպես խորը գաղտնիք պահել: Օրինակ՝ այն, ինչ Հայաստանը ձեռք է բերել կոռուպցիայի դեմ պայքարում  վերջին տարիներին, շատ ուշագրավ է: Բայց դա շատ հայտնի չէ Եվրոպայում, և Արևելյան գործընկերության երկրները պետք է սովորեն Հայաստանից, թե ինչպես հասնել նման արդյունքի: Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովը կարող է օգնել՝ նպաստելու, որ տեղեկանան ձեր ձեռքբերումների մասին, նաև  առաջարկել որոշակի հարթակ՝ երկխոսության համար: Դա շատ անհրաժեշտ է հատկապես տարածաշրջանում խաղաղության և կայունության համար:

-Դուք ձեր «Անդրկովկաս. հայկական երկընտրանք» խորագրով հոդվածում, որում անդրադարձել էիք նաև Լեռնային Ղարաբաղի 2-րդ պատերազմին, նշել էիք հայ ազգի նկատմամբ իրականացված ցեղասպանության մասին. մեջբերում՝ «Այստեղ ամենաակնառու դետալներն են հայ ազգի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը և աշխարհաքաղաքական վտանգավոր հարևանությամբ տեղադիրքը»: Այսպիսով, պարոն Կուբիլիուս, այլ կերպ ասած՝ կարո՞ղ ենք Լեռնային Ղարաբաղի 2-րդ պատերազմը որակել որպես հայ ազգի նկատմամբ ցեղասպանության գործողություն:

-Կարծում եմ՝ մեջբերումը, հավանաբար, ոչ ճշգրիտ ձևով է:

-Մեջբերում եմ մի փոքր կտորը միայն:

Ես ասում էի, որ դա Հայաստանի շատ ցավոտ պատմությունն է, որ դուք բախվել եք ցեղասպանությանը, որն օրինակ Լիտվան ճանաչել է: Դա Առաջին Համաշխարհային պատերազմի ժամանակ էր, այն ողբերգություն է, որը պետք է հիշենք: Սա մեծապես ազդում է ձեր մտածելակերպի վրա: Բայց ես նաև այդ հոդվածում ասել եմ, որ Լեռնային Ղարաբաղի երկրորդ պատերազմից հետո, որն իսկապես աղետ և ողբերգություն էր, հայերը պետք է ավելի խորությամբ նայեն իրենց պատմությանը, իրենց ձեռքբերումներին և խնդիրներին և փորձեն ազգային ռազմավարության որոշակի վերանայում անել: Եվ ես մեջբերել եմ հայտնի ամերիկացի պատմաբան Ջերեմի Դայմոնդի «Ցնցում» (Upheavel ) գիրքը: Նա պատմել է թերևս 7 մեծ երկրների պատմությունները, որոնք իրենց պատմության ընթացքում բախվել են ազգային աղետի,  հետո նրանք կարողացել են իսկապես վերանայել իրենց ռազմավարական տեսլականը, թե ինչպես պետք է երկիրը վերականգնվի այդ ողբերգությունից և ինչպես պետք է անցնի դիրքորոշումների, ռազմավարության փոփոխությունների և այլն:

- Լեռնային Ղարաբաղի երկրորդ պատերազմից 1.5 տարի անց էլ Ադրբեջանը շարունակում է պահել պատերազմում գերեվարված անձանց: Առկա են նրանց նկատմամբ խոշտանգումների ապացույցներ: Եվրանեսթ Խորհրդարանը վեհաժողովը, որի կազմում է նաև Ադրբեջանը, ի՞նչ դեր կարող է ունենալ՝ ստիպելու Ադրբեջանին վերադարձնել հայ գերիներին: Դուք, խորհրդարանական վեհաժողովը ինչպե՞ս եք գնահատում Ադրբեջանի նման պահվածքը:

-Մենք, իհարկե, մտահոգված ենք մարդու իրավունքների խախտումներով` անկախ նրանից, թե ով է դա անում: Դա միշտ մեր մտահոգությունն է: Ես միանշանակ կասեի՝ կայունություն և խաղաղություն կառուցելու համար առաջին հերթին վստահությունը հարևանների միջև պետք է լինի փոխադարձ: Դա դժվար է, ես հասկանում եմ՝ ձեր պատմությունը շատ բարդ է, դժվար է խորհուրդ տալ ինչ-որ բան: Բայց նախևառաջ բաց երկխոսության կարիք կա: Եվ Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովը կարող է ապահովել այդ երկխոսությունը՝ թույլ տալու Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարաններին խոսելու, ներկայացնելու բողոքները, կարծիքներ փոխանակելու: Մենք կարող ենք լսել երկու կողմերին և, եթե կողմերից մեկը ինչ-որ սխալ անի, վատ վարքագիծ դրսևորի, մարդու իրավունքների դեմ հանցանք գործի, մենք կարող ենք շատ հստակ արտահայտել մեր կարծիքը, շատ հստակ հայտարարություն անել: Բայց նորից ու նորից ես կկրկնեմ և շատ եմ ասել հայ պատվիրակներին, Հայաստանի խորհրդարանի անդամներին, որ դուք պետք է փորձեք ավելի ինտենսիվ ներգրավվել եվրոպական ինստիտուտներում, Եվրոպական խորհրդարանում: Մենք Հայաստանի խորհրդարանի անդամներին շատ հաճախ չենք տեսնում: Ես Հայաստանի խորհրդարանի գործընկերներին ասել եմ, որ պետք է սովորեն վրացի, ուկրաինացի խորհրդարանականներից, որոնք լավ ավանդույթ ունեն՝ Բրյուսել, Ստրասբուրգ այցելել ավելի շատ, խոսել, պատմել և ձեռքբերումների, և խնդիրների, մտահոգությունների մասին: Դա այն է, ինչն օգնում է առաջին հերթին Եվրոպական խորհրդարանի պատգամավորներին, եվրոպական կառույցներին՝ ավելի լավ հասկանալու այն փաստերը, որ դուք ասում եք: Երկրորդ՝ դա հայերի համար հնարավորություն կլինի խոսել ոչ միայն խնդիրների մասին, որոնք իսկապես շատ մեծ են, այլ նաև խոսել ձեռքբերումների մասին, որոնց մասին ես ասացի: Դուք երկիր եք, որը հաջողել է նշանակալի արդյունքների հասնել՝ կոռուպցիայի դեմ պայքարում, «Թրանսփարենսի ինթերնեյշնլ»-ը փաստել է, որ Հայաստանը վերջին 4 տարում ամենաարագ բարեփոխումներ արձանագրած երկիրն է 180 պետությունների շարքում: Եվ հետո՝ դուք կարողացաք ցույց տալ, որ դուք ունեք շատ հասուն, շատ խորը ժողովրդավարություն: Չնայած պատերազմի ողջ աղետին՝ ձեր ժողովուրդը կրկին քվեարկեց և նոր մանդատ տվեց կառավարությանը, որը, ինչ-որ իմաստով, պարտվել էր պատերազմում: Շատ հազվագյուտ դեպք է, երբ ժողովուրդը այսպիսի ազգային աղետից հետո նորից նոր մանդատ է տալիս կառավարությանն այդ իրավիճակում: Ես կարծում եմ՝ դուք պետք է պատմեք ամբողջ պատմությունը եվրոպացիներին:

-Պարոն Կուբիլիուս, սակայն, ես կցանկանայի լսել նաև Ձեր տեսակետը, ինչպե՞ս եք գնահատում Ադրբեջանի այս պահվածը,  նրանք դեռ շարունակում են պահել գերեվարված հայ ռազմագերիներին:

-Կարծում եմ՝ սա մեծ սխալ է: Ես Ադրբեջանի խորհրդարանի անդամներից լսել եմ, որ իրենք կցանկանային աշխատել խաղաղության, կայունության ուղղությամբ տարածաշրջանում: Եթե դա իսկապես անկեղծ ցանկություն է ադրբեջանական կողմից, ապա նրանք պետք է անհապաղ լուծեն այդ խնդիրը:

-Կցանկանայի խոսել նաև Հայաստանի և Եվրամիության հարաբերություններից, անցյալ տարի արդեն ուժի մեջ է մտել Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, ինչպե՞ս և հիմնականում ո՞ր ոլորտներում եք տեսնում հարաբերությունների խորացման ներուժ: 

-Մի բան է համաձայնագիրը, որը կարևոր է, երկրորդ՝ կարևոր են նաև ոչ միայն ֆորմալ հարաբերությունները, այլ նաև ամեն ինչ, ինչ ստեղծում է հասկացվածություն մարդկանց հարաբերություններում, քաղաքական հարաբերություններում կուսակցությունների միջև: Սա այն է, ինչում ես կուզեի, որ հայերն ավելի ակտիվ լինեն, և խորհրդարանի անդամները, փորձագետներն ավելի հաճախ գան Բրյուսել, տարբեր ինստիտուտներ, Եվրախորհրդարան՝ առաջին հերթին պատմելու ձեր հաջողությունների մասին և նաև խոսելու ձեր խնդիրների, մարտահրավերների մասին: Մարտահրավերները Եվրոպայի այս հատվածում, արևելյան հատվածում իսկապես մեծանում են: Մենք տեսնում ենք, թե ինչ են Ռուսաստանի իշխանություններն անում, դա կշարունակվի, մենք պետք է պատրաստ լինենք ցանկացած զարգացման, ահա թե ինչու Հայաստանի և ԵՄ-ի միջև հարաբերությունները կարող են շատ մեծ արժեք ունենալ: Թեմաներից մեկը, որը մենք առաջ ենք տանում, ոչ միայն խոսելով Հայաստանի, այլև Արևելյան գործընկերության այլ երկրների մասին, մասնավորապես նրանց, որոնք ունեն ասոցացման համաձայնագիր, ազատ առևտրի համաձայնագիր, ինչպիսին Ուկրաինան, Վրաստանը, Մոլդովան են՝ այդպես կոչված «Տրիո»-ի երկրները, ելնելով տարածաշրջանային իրավիճակից, ավելի շատ ներգրավված պետք է լինեն ԵՄ-ի հետ արագացված ինտեգրմանը: Եվ առաջին հերթին, մենք խոսում ենք միասնական շուկայում ինտեգրման մասին, որը տնտեսական ինտեգրումն է: Ես կարծում եմ, որ Հայաստանի համար նույնպես օգտակար կլինի՝ դիտարկել որոշ ոլորտներ, որտեղ ինտեգրումն առաջ կգնա: Դուք գիտեք, որ մենք ունենք այլ հարաբերություններ ԵՄ-ի հետ՝ Ուկրաինայի, Վրաստանի, Մոլդովայի հետ համեմատած, բայց կան ոլորտներ, որտեղ այդ համագործակցությունը կարող է առաջ մղվել: Երկրորդ, ես կարծում եմ, որ դուք պետք է պահանջեք այն, ինչ կարող եք ստանալ ԵՄ-ից՝ ավելի արագ զարգացումներ՝ հայերի համար առանց վիզայի մուտքի ռեժիմի հարցում: Ինչպես հասկանում եմ`կան որոշ անդամ երկրներ, որոնք ինչ-որ կերպ չեն ցանկանում բացել այդ հնարավորությունը, որը բաց է վրացիների, ուկրաինացիների, մոլդովացիների համար: Եվ ես կարծում եմ՝ շատ կարևոր, շատ լավ կլինի, որ նման հնարավորություն տրվի նաև հայերին: Սա այն է, ինչին դուք՝ հայերդ և մենք՝ Եվրոպական խորհրդարանը, Հայաստանի բարեկամները կարող ենք փորձել ձգտել:

-Իսկ համագորածակցության համար ո՞ր ոլորտներում են հեռանկար տեսնում Հայաստանի և Լիտվայի միջև:

-Ես կոնկրետ հարաբերությունների հարցերը չեմ դիտարկել, բայց մենք կարող ենք աջակցել, օգնել՝ ԵՄ-ի հետ ավելի լայն հարաբերություններին նպաստելու հարցում: Մենք կարող ենք օգնել տարբեր ոլորտների մեր փորձագետներով՝ որոշակի գիտելիքներ փոխանցելով, թե  եվրոպական բարեփոխումներն ինչպես կարող են իրականացվել Հայաստանում: Ես գիտեմ, որ մեր փորձագետները շատ ինտենսիվորեն ներգրավված են եղել ոստիկանության բարեփոխումներում, որոնք, ինչպես հասկանում եմ՝ դուք հասցրել եք իրականացնել, և լավ արդյունքներ են արձանագրվել: Մյուս ոլորտներում նույնպես, բարեփոխումներ կարող են լինել բժշկական, առողջապահական ոլորտներում, տնտեսությունում: Մենք կարող ենք օգտակար լինել՝ բերելով ոչ միայն լիտվական գիտելիքները, այլ նաև ընդհանուր եվրոպական գիտելիքները: Ես կրկին կխոսեմ ոչ միայն ֆորմալ հարաբերություններից, այլ նաև մարդկանց, քաղաքական տարբեր կուսակցությունների միջև հարաբերություններից: Դա շատ կարևոր է: Վիլնյուսում շատ լավ գիտեն, թե ինչ լավ խոհանոց, նաև ինչ լավ գինիներ ունեք դուք:

-Եվ վերջում, ի՞նչ տպավորություններ եք հասցրել ստանալ Հայաստանից:

-Իմ տպավորությունը շատ պարզ է, ես կցանկանայի այստեղ վերադառնալ որքան հնարավոր է շուտ և երկար ժամանակով՝ միգուցե առանց քաղաքական օրակարգի, պարզապես վայելելու այս հիանալի երկիրը, հիանալի մարդկանց: Ես հնարավորություն չեմ ունեցել ավելի շատ բան տեսնելու, ժամանակս Երևանում եմ անցկացրել, բայց շատ եմ հավանել այն:

Հարցազրույցը՝ Աննա Գրիգորյանի

Լուսանկարիչ՝ Գևորգ Պերկուպերկյան

Օպերատոր՝ Հովհաննես Մկրտչյան

 

 

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]