Երևանում՝ 11:07,   29 Ապրիլ 2024

Արայիկ Հարությունյանն ընդունել է ՀՀ-ում Ղազախստանի դեսպան Բոլատ Իմանբաևին

Արայիկ Հարությունյանն ընդունել է ՀՀ-ում Ղազախստանի դեսպան Բոլատ Իմանբաևին

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են վարչապետի աշխատակազմից, հանդիպման սկզբում բարձր գնահատելով երկու երկրների միջև համագործակցությունը՝ զրուցակիցներն ընդգծել են, որ Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը նշանավորվում է երկկողմ և բազմակողմ ձևաչափերով ամրապնդվող բարեկամական հարաբերություններով:

Կողմերը մտքեր են փոխանակել երկու պետությունների փոխգործակցության հեռանկարային ուղղությունների, այդ թվում՝ տեղեկատվական տեխնոլոգիաների և իրավակարգի ապահովման բնագավառներում լավագույն փորձի փոխանակման վերաբերյալ:

Զրուցակիցներն արձանագրել են, որ երկու երկրներն ունեն փոխգործակցության չիրացված, զգալի ներուժ և պատրաստակամություն են հայտնել շարունակել զարգացնել համագործակցությունը երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով՝ այդ թվում նոր թափ հաղորդել առևտրատնտեսական համագործակցության ընդլայնմանն ուղղված ընթացիկ աշխատանքներին:

Վարչապետի աշխատակազմի ղեկավարը դեսպան Բոլատ Իմանբաևին է ներկայացրել այս տարի Հայաստանում անցկացվելիք միջոցառումները՝ Եվրոպայի բռնցքամարտի առաջնությունը, Կենսաբանության միջազգային 33-րդ օլիմպիադան ու գիտության և արվեստի «STARMUS-VI» փառատոնը՝ այդ միջոցառումներին կարևորելով նաև ղազախ ներկայացուցիչների և զբոսաշրջիկների ներգրավվածությունն ու այցելությունները:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև Ղազախստանում հայկական սփյուռքի արդյունավետ գործունեությանը՝ սոցիալ-տնտեսական բնագավառներում սփյուռքի ներկայացուցիչների ակտիվ ներգրավվածությանը:

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am