Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   29 Հունիս 2022

Ակնհայտ դիտավորություն. Արցախի ՄԻՊ-ն՝ ադրբեջանական շարասյան մասնակցությամբ վթարի մասին

Ակնհայտ դիտավորություն. Արցախի ՄԻՊ-ն՝ ադրբեջանական շարասյան 
մասնակցությամբ վթարի մասին

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանն անդրադարձել է Ադրբեջանական շարասյան կազմում երթևեկող բեռնատարի կողմից արցախցու ավտոմեքենան վթարի ենթարկելու և ձորակը գցելու դեպքին:

«Մայիսի 5-ին ժամը 13:00-ի սահմաններում, Մարտակերտ-Դրմբոն ճանապարհի 24-րդ կմ-ում ադրբեջանական շարասյան կազմում երթևեկող բեռնատարը, դուրս գալով ճանապարհի հանդիպակաց հատված, կցորդիչով բախվել է արցախյան գրանցման Ռենո Լոգան տաքսի ծառայություններ մատուցող մեքենային, որի հետևանքով մեքենան 12 մետր գլորվել է ճանապարհի աջ հատվածում գտվող ձորը։

Մեքենայի մեջ բացի վարորդից եղել են 2 ուղևորներ։ Նախնական հետազոտության արդյունքում՝ ուղևորները մարմնական վնասվածքներ չեն ստացել։ Նյութական վնաս է հասցվել տաքսի ծառայություն մատուցող ընկերությանը։

ՄԻՊ աշխատակազմի կողմից հավաքագրված փաստերի հիման վրա այս պահի դրությամբ կարող ենք արձանագրել՝

Ադրբեջանական բեռնատարը, տեսնելով հնարավոր բախումը, կարող էր դադարեցնել ընթացքը և թույլ չտալ բախումը, որի հետևանքով տաքսի մեքենան գլորվել է ձորը։

Բախումից հետո, տեսնելով, որ տաքսի մեքենան գլորվել է ձորը, ադրբեջանական շարասյունը չի դադարեցրել, այլ շարունակել է ընթացքը։

Տաքսու վարորդի և ուղևորների պնդմամբ տաքսու վարորդն ամեն կերպ փորձել է խուսափել բախումից, սակայն բախումից խուսափելու հնարավորություն այլևս չի ունեցել»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է Գեղամ Ստեփանյանը:

Պաշտպանը նաև նշել է, որ դեպքի հանգամանքների վերաբերյալ Արցախի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից իրականացվում է ուսումնասիրություն, սակայն վերը նշված հանգամանքները փաստում են բախման և վնաս հասցնելու ակնհայտ դիտավորության մասին։

 

 

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]