Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   12 Օգոստոս 2022

Հայաստանի և Սերբիայի արտաքին գործերի նախարարությունները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել

Հայաստանի և Սերբիայի արտաքին գործերի նախարարությունները քաղաքական 
խորհրդակցություններ են անցկացրել

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում հունիսի 30-ին կայացել են քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Սերբիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև: Հայկական պատվիրակությունը գլխավորել է  ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, սերբականը՝ ԱԳ պետքարտուղար Նեմանյա Ստարովիչը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, արձանագրելով Հայաստանի և Սերբիայի միջև առկա քաղաքական երկխոսության բարձր մակարդակը՝ կողմերը քննարկել են հայ-սերբական բարեկամական հարաբերությունները խորացնելու և միջպետական կապերն ամրապնդելու հնարավորությունները և գործնական քայլերը:

«Խորհրդակցությունների ընթացքում անդրադարձ կատարվեց միջազգային և տարածաշրջանային մի շարք հարցերի։ Անդրադարձ կատարվեց հարավկովկասյան տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատմանն ուղղված Հայաստանի քայլերին։ Հայկական կողմը կարևորեց Ադրբեջանի կողմից սանձազերծված 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար խնդիրների համատեքստում հայ ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց հայրենադարձման անհրաժեշտությունը, ինչպես նաև՝ ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային և կրոնական ժառանգության պահպանումը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ խորհրդակցությունների ավարտին սերբական պատվիրակությանն ընդունել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը: Նախարար Միրզոյանը կարևորել է տարբեր մակարդակներում փոխադարձ այցերը և շփումները՝ ուղղված երկու երկրների միջև քաղաքական երկխոսության շարունակաբար ընդլայնմանն ու փոխշահավետ բազմոլորտ համագործակցության նոր ուղղությունների նախանշմանը:

ՀՀ ԱԳՆ տեղեկացմամբ՝ նույն օրը սերբական պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ և Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]