Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Գյումրիում Երևանի օրեր. կկայանա ««Սիմֆոնիկ» «Ռեինկարնացիա»» մեծ համերգը

Գյումրիում Երևանի օրեր. կկայանա ««Սիմֆոնիկ» «Ռեինկարնացիա»» մեծ համերգը

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիում օգոստոսի 26-ին և 27-ին Երևանի օրեր են: Երկու օր շարունակ, Հայաստանի մշակութային մայրաքաղաքի շնչին կմիախառնվի երևանյան շունչը: Իսկ մինչ այդ՝ այս պահին, Երևանում մշակութառատ եռուզեռ է՝ նախապատրաստություն, փորձեր ու լրամշակվող նախագծեր:

Ինչպես «Արմենօպրես»-ին հայտնեցին Երևանի քաղաքապետարանից, երևանյան օրերի ընթացքում Գյումրիում սպասվում է աննախադեպ համերգային ծրագիր: Վարդանանց հրապարակում կկայանա ««Սիմֆոնիկ» «Ռեինկարնացիա»» մեծ համերգը:

Թե ինչպիսին կլինի երաժշտական տարբեր նախապատվություններ ունեցող երկու խմբերի միաձուլումը՝ կազմակերպիչները փակագծերը չեն բացում, բայց վստահեցնում են՝ տոնի մասնակիցները ջերմության ու զգացմունքների պակաս հաստատ չեն ունենա:

«Մեծ ծավալի միջոցառում է, որը ցույց կտա սիմֆոնիկ նվագախմբի հնարավորությունները և «Ռեինկարնացիա» խմբի շատ սիրված համերգացանկը: Մեծ սիրով հրավիրում եմ մեր շատ սպասված համերգին, կարծում եմ, որ շատ լավ առիթ է, որ մարդիկ գան Գյումրի, լսեն երաժշտություն: Երաժշտությունը կարող է մարդկանց միավորել և դրդել, որ գան: Մեծ սիրով բոլորին սպասում ենք»,-նկատում է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հիմնադիր-ղեկավար Սերգեյ Սմբատյանը:

«Սա 20 տարվա քրտնաջան աշխատանք է, պարտավորեցնող է: Բոլորին՝ թե Երևանից, թե մարզերից հրավիրում եմ Գյումրի: Ինձ համար սա եղել է տարիների երազանք և ես համոզված եմ, որ շատերին դուր է գալու»,- վստահեցնում է «Ռեինկարնացիա» խմբի հիմնադիր Ռոլանդ Գասպարյանը:

Էրեբունի-Երևանից՝ Գյումրի. ծրագիրը հագեցած է, երգացանկը՝ սիրված:

Երևանի քաղաքապետարանի առաջնահերթություններից է՝ մայրաքաղաքում ծնվող մշակույթը նաև Հայաստանի բոլոր մարզերում տարածելը: Մշակութային ապակենտրոնացումն այս անգամ Գյումրիում է: Արվել է հնարավոր ամեն ինչ, որ Երևանի օրերն առանձնանան ինքնատիպ ու հետաքրքիր ծրագրերով:

«Երևանի քաղաքապետարանը մեծ ուշադրություն է դարձնում մշակութային միջոցառումներին, և մենք ամեն տարի բյուջեում զգալի միջոցներ ենք նախատեսում՝ մշակութային միջոցառումներ իրականացնելու համար: Այս ամսվա վերջին Գյումրիում տեղի են ունենալու Երևանի օրերը. մեծ միջոցառումներ են լինելու. համերգներ, թատերական ներկայացումներ, տոնավաճառներ և, իհարկե, այս ամենն ամփոփվելու է ««Սիմֆոնիկ» «Ռեինկարնացիա»» համերգային մեծ ծրագրով: Կարծում եմ՝ լավ և հետաքրքիր ժամանց է սպասվում: Այնպես որ, բոլորին հրավիրում եմ Գյումրի՝ միասին նշելու Երևանի օրերն ու վայելելու լավ երեկո: Կսպասենք Գյումրիում»,- նշում է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:

«Ակնկալում ենք հյուրեր ամբողջ աշխարհից, որ գան, լավ օրեր անցկացնեն, տեսնեն մեր տեսարժան վայրերը, մշակույթը, նիստ ու կացը, վայելեն գյումրեցու աղ ու հացը: Սիրով հրավիրում ենք բոլորին ներկա գտնվելու բացառիկ միջոցառմանը, որից, վստահ եմ, այնպիսի տպավորություներով կհեռանան, որպիսիք երբեք ոչ մի տեղ չեն զգացել»,- նշում է Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]