Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

Podcast. Ստամբուլի հայկական «Ժամանակ» օրաթերթը՝ մշակույթի, լեզվի պահպանման օղակ. խմբագիր Գոչունյանը մանրամասներ է ներկայացնում

Podcast. Ստամբուլի հայկական «Ժամանակ» օրաթերթը՝ մշակույթի, լեզվի պահպանման 
օղակ. խմբագիր Գոչունյանը մանրամասներ է ներկայացնում

ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Ավելի քան հարյուր տարի Ստամբուլի հայկական «Ժամանակ» օրաթերթը մշակութային, հասարակական, քաղաքական և այլ  հոդվածներով, գրքերի հրատարակմամբ պահպանում է հայոց լեզուն, հայի դեմքն ու դիմագիծը:

Օրաթերթը, որը դարձել է հայալեզու ընթերցողի մտերիմ բարեկամը, դիմագրավում է ժամանակի մարտահրավերներին՝ լույս տեսնելով ոչ միայն տպագիր տարբերակով, այլև՝ առցանց. ունեն կայքէջ, նյութերը հասանելի են «Ֆեյսբուք», «Թվիթեր», «Ինստագրամ» սոցիալական հարթակներում:

«Արմենպրես պոդքաստի» շրջանակում հյուրընկալել ենք օրաթերթի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանին, որը հիշեցնում է՝ «Ժամանակը»-ը սփյուռքում հրատարակվող ամենահին օրաթերթն է, որը հավատարիմ է մնում ազգայինը պահպանելու իր առաքելությանը, սակայն ժամանակի ընթացքում նոր երանգներ է ստանում:

«Սփյուռքի հայապահպանության տասնամյակների փորձը ցույց է տալիս՝ այն ապահովված է մարդկանց շնորհիվ, որոնք պատանեկան, երիտասարդական շրջանում համարձակություն են ունեցել ներկայացնել իրենց մշակույթը: Հենց նրանք են դարձել համայնքային գործիչ, հոգևորական, թերթի խմբագիր և այլն»,-նշում է Գոչունյանը:

Նրա խոսքով՝ սփյուռքահայ մամուլը պարտավոր է լինել մշակութային: «Եթե դուք թերթի մշակութային հատվածը թողնեք, որ ցամաքի, թե՛ տվյալ լրատվամիջոցն ապագա չի ունենա, թե՛ միջավայրը կփոխվի: Մշակույթը սփյուռքի ոռոգման հիմնական աղբյուրն է»,-հավաստիացնում է օրաթերթի խմբագիրն ու հավելում, որ տարբեր երկրներում հայերն ապրում են որպես տվյալ երկրի քաղաքացի, բայց սեփական ենթամշակույթով:

Կարևորելով հայոց լեզվի դերը՝ Գոչունյանը շեշտում է՝ հայերը մայրենիով պետք է հաղորդակցվեն միմյանց հետ: «Եթե օտար երկրներում  մենք օտար լեզվով ենք խոսում, այդ պահից սկսած բարոյապես զրկվում ենք իրար հետ շփվելու ազատություն պահանջելու  հնարավորությունից»,-կարծում է նա ու հայտնում, որ «Ժամանակ» օրաթերթը տարբեր տարիքի ընթերցողներ ունի, և նրանք ցանկանում են, որ  մեսրոպյան տառերն ամեն օր իրենց բնակարան մուտք գործեն:

Անդրադառնալով Հայաստան-սփյուռք կապերի ամրապնդմանը՝ Արա Գոչունյանը նշում է՝ անկախության երեք տասնամյակներին մենք ազգովի չենք կարողացել ՀՀ պետական շահն ընկալել որպես նվիրականություն, ինչը մեծագույն խնդիր է: «Հայաստանը սփյուռքի, սփյուռքը Հայաստանի հետ շփվելիս մեկը մյուսի առաջնահերթությունը հարգելով՝ իրենն է առաջ մղել, ինչը բերել է այս օրվան, որը հայ ժողովրդի երազած օրը չէ: Մենք պետք է այս ձևից դուրս գանք: Պետք է հասկանանք, որ դատապարտված ենք իրար զորակցելու»,-հավաստիացնում է Արա Գոչունյանը:

 

Անժելա Համբարձումյան

Ձայնային ռեժիսոր՝ Տաթև Զաքարյան

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am