Երևանում՝ 11:07,   4 Մարտ 2024

Անհրաժեշտ է գտնել քաղաքական լուծում՝ երաշխավորելու ԼՂ բնակիչների իրավունքները և անվտանգությունը. Ֆրանսիայի դեսպան Անն Լույո

Անհրաժեշտ է գտնել քաղաքական լուծում՝ երաշխավորելու ԼՂ բնակիչների 
իրավունքները և անվտանգությունը. Ֆրանսիայի դեսպան Անն Լույո

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն, որը մի քանի օրից ավարտում է դիվանագիտական առաքելությունը Հայաստանում, հավատացնում է՝ երբեք չի մոռանա այս երկիրը, որի ժողովուրդն իրեն տպավորել է իր տոկոնությամբ, ապագայի ծրագրեր կազմելու ունակությամբ՝ ի հեճուկս 2020 թ. պատերազմի հետևանքով ստեղծված դժվարին իրավիճակի: Դեսպանը շեշտում է՝ անհրաժեշտ է գտնել քաղաքական լուծում՝ վերջ դնելու նոյեմբերի 9-ի հայտարարության խախտումներին և երաշխավորելու Լեռնային Ղարաբաղի բնակիչների իրավունքներն ու անվտանգությունը, իսկ Ֆրանսիան՝ ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ համաձայնեցված, կշարունակի անել հնարավորը՝  բանակցային գործընթացում առաջընթաց ապահովելու համար

MXO_2299 (1).JPG (873 KB)

«Արմենպրես»-ի հետ զրույցում Անն Լույոն խոսել է ադրբեջանական ագրեսիայի, Լեռնային Ղարաբաղի հայերի կրած դժվարությունների, հայ-ֆրանսիական հարաբերություններում վերջին 2 տարում գրանցված առաջընթացի, ժամանակից շուտ իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում ավարտելու և դրա պատճառների մասին:

-Տիկին դեսպան, ո՞րը կամ որո՞նք եք համարում Հայաստանում այս երկու տարում Ձեր կատարած ամենամեծ աշխատանքը, ձեռքբերումը՝ հայ-ֆրանսիական հարաբերությունների ամրապնդման, զարգացման տեսանկյունից:

-Ֆրանսիան, ինչպես գիտեք, լիովին հանձնառու է խաղաղության գործընթացին, և ես ակտիվորեն աջակցել եմ Հարավային Կովկասում մեր հատուկ հանձնակատար Բրիս Ռոքֆոյի կողմից կատարած աշխատանքին, որը նա իրականացրել է նախագահ Մակրոնի և այս տարվա ապրիլին Հայաստան այցելած արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոնայի խնդրանքով։ Մեր երկկողմ հարաբերությունների մակարդակով վերջին երկու տարիների ընթացքում զգալի կարևոր առաջընթաց է գրանցվել՝ շնորհիվ երկու կառավարությունների հանձնառության։ Հատկապես ուրախ եմ դեսպանությունում պաշտպանական առաքելության ստեղծման կապակցությամբ, որը միտված է մեր պաշտպանական համագործակցության խորացմանը։ Տնտեսական ոլորտում 2021 թ. դեկտեմբերին Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանի ստորագրած ճանապարհային քարտեզը հնարավորություն է ընձեռել ֆրանսիական կողմին լրացուցիչ պարտավորություն ստանձնել՝ հատկապես Հայաստանում արտահանման և ներդրումների աջակցման միջոցով, մասնավորապես՝ արևային էներգիայի ոլորտում։ Զարգացման ֆրանսիական գործակալությունը հատկացրել է 100 միլիոն եվրոյի չափով պետական ​​քաղաքականության խոշոր վարկ և ներկայացուցչություն բացել Երևանում՝ դեսպանության հարկի տակ, ինչը հնարավորություն է տալիս դիվերսիֆիկացնել և ակտիվացնել իր գործունեությունը ոռոգման, էներգետիկայի, գյուղատնտեսության և այլ ոլորտներում։

Եվրամիության հետ նաև աջակցել ենք օրենքի գերակայության ամրապնդմանը՝ Ներքին գործերի և Արդարադատության նախարարությունների հետ համագործակցության միջոցով։

Մշակութային և կրթական ոլորտներում ևս մեր համագործակցությունը զգալի առաջընթաց է արձանագրել։ Պաշտոնապես 2022 թ. ստեղծված Հայաստանի Ֆրանսիական ինստիտուտն արդեն պատրաստում է մշակութային խոշոր ծրագիր և ուսումնական տարվա սկզբին ֆրանսերենի դասընթացների համար իր դռները կբացի բոլոր լսարանների առջև։ «Ֆրանսիա-Հայաստան Ժառանգություն» հավակնոտ ծրագիրը, որը դեսպանությունն իրականացնում է Ժառանգության ազգային ինստիտուտի և Լուվրի թանգարանի հետ համատեղ, հնարավորություն է ընձեռել վերապատրաստել ժառանգության հայ մասնագետների և մեկնարկել  թանգարանագիտության և վերականգնման ծրագրեր Էրեբունի թանգարանի և Տաթևի Մեծ Անապատի հետ։ Ի վերջո, ուսումնական տարվա սկզբին Հայաստանի կրթության նախարարության հետ ինտենսիվ շփումների արդյունքում մեկնարկելու ենք հավակնոտ նախագիծ՝ ուղղված Հայաստանում ֆրանսերենի ուսուցման ամրապնդմանը:

Ողջունում եմ նոր մարզերի ներգրավվումն ապակենտրոնացված համագործակցության մեջ, մասնավորապես Օվերն Ռոն Ալպը Սյունիքի և Օ դը Ֆրանսը Վայոց ձորի հետ՝ ի լրումն արդեն իսկ ակտիվ 30 գործընկերության, որոնք հնարավորություն են տվել զարգացնել արդյունավետ գործակցություններ՝  մասնագիտական կրթության ​​ոլորտում՝ օրինակ CEPFA-ի /Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոն հիմնադրամի/ հետ: Ի վերջո, նշեմ դեսպանատան աջակցությունը Հայաստանի քաղաքացիական հասարակությանը:

MXO_2338 (1).JPG (767 KB)

-Ի՞նչ «ժառանգություն» եք թողնում նորանշանակ դեսպանին Հայաստանում, ի՞նչ կիսատ մնացած կարևոր անելիքներ կան, որոնք նոր դեսպանը պետք է անպայման շարունակի:

-Յուրաքանչյուր դեսպան շարունակում է նախորդի աշխատանքը՝ հիմնվելով իր նախարարության ցուցումների վրա, բայց նաև բերում սեփական գաղափարները և էներգիան։ Իմ իրավահաջորդ Օլիվիե Դըկոտինին, համոզված եմ, կշարունակի սկսած նախագծերը և սկիզբ կդնի նորերին։

Ի թիվս ամրապնդման ենթակա համագործակցությունների՝ կնշեի տնտեսական ոլորտը, որտեղ երկու կողմից հավելյալ ջանքերի կարիք ունենք՝ Հայաստանում հաստատվելու նպատակով ավելի մեծ թվով ֆրանսիական ձեռնարկություններ ներգրավելու համար: Հսկայական աշխատանք է արվել, մասնավորապես, շնորհիվ ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ՝ բարելավելու Հայաստանում բիզնես միջավայրը, ինչը ողջունելի է։ Ես պարբերաբար կապի մեջ եմ եղել այստեղ արդեն իսկ հաստատված ֆրանսիական ընկերությունների հետ, որոնց օրինակը պետք է խրախուսի մյուս ձեռնարկություններին՝ օգտվելու Հայաստանի առողջ տնտեսական միջավայրի ընձեռած հնարավորություններից: Այդ առումով օգտակար կարող են լինել նպատակային, ոլորտային խթանման գործողությունները:

Մնում է նաև ամրապնդել Հայաստանում Ֆրանսիական համալսարանը, որի նշանակալի հանձնառությունը Լիոնի և Թուլուզի համալսարանների հետ համատեղ, հնարավորություն է տալիս տրամադրել որակյալ կրթություն 2000 հայ ուսանողների: Հուսով եմ՝ համալսարանի տեղափոխման նախագիծը կհաջողի երկու կառավարությունների աջակցությամբ։

Վերջապես, Եվրամիության կողմից Հայաստանի զարգացմանն ուղղված ծրագրերը կարող են նաև համատեղ հաստատված հստակ ռազմավարությունների հիման վրա ծառայել Հայաստանում ֆրանսիական կառույցների և հասարակական կազմակերպությունների գործունեության խթանմանը։ Առավել ուժեղ Հայաստանը  զարգացած Հայաստանն է։

-Տիկին դեսպան, այս ընթացքում Դուք եղել եք նաև սահմանամերձ շրջաններում, Սյունիքում այցելել եք նաև Ադրբեջանի թիրախավորման հետևանքով տուժած ընտանիքներին, այսինքն՝ անձամբ եք ականատես եղել Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների հետևանքներին: Որպես միջազգային հանրության անդամ՝ ի՞նչ գնահատական ունեք Ադրբեջանի այս վարքագծի վերաբերյալ, ըստ Ձեզ՝ միջազգային հանրության արձագանքն ինչպիսի՞ն պետք է լինի այս պարագայում և արդյոք ներկայիս արձագանքը Ձեզ գոհացնո՞ւմ է:

-Իրականում այցելել եմ 2022 թ. սեպտեմբերին Ադրբեջանի հարձակումներից տուժած գյուղեր՝ Գեղարքունիքում, Վայոց Ձորում և Սյունիքում և կարողացել եմ ականատես լինել խաղաղ բնակչությանը հասցված տառապանքին, որին ցանկանում էի հայտնել իմ համերաշխությունը։

Ֆրանսիան աջակցում է այս ուղղությամբ Եվրամիության և Միացյալ Նահանգների կողմից գործադրվող հետևողական ջանքերին։ 2023 թ. հունվարի 23-ին ձևավորված Եվրամիության քաղաքացիական առաքելությունը դիտորդական աշխատանքների միջոցով նպաստում է սահմանամերձ շրջաններում խաղաղ գործընթացին։ Այս դիտարկումների արդյունքը նպաստում է ԵՄ-ի միջնորդական ջանքերին, սակայն մենք պետք է էլ ավելի ուժեղացնենք ջանքերը, որպեսզի հարգվեն տարածքային ինքնիշխանությունը և մարդկանց իրավունքները:

Մեր երկու կառավարությունների, նախագահ Մակրոնի և վարչապետ Փաշինյանի ամենաբարձր մակարդակով սերտ և մշտական ​​խորհրդակցությունն արտացոլում է մեր հանձնառությունը և ցանկությունը՝ ընդլայնելու միջազգային հանրության աջակցությունը հանուն արդար և տևական խաղաղության։ Մենք աշխատում ենք այդ ուղղությամբ։

-Ադրբեջանն ամբողջությամբ փակել է Լաչինի միջանցքը, արդեն տևական ժամանակ է, ինչ Արցախի հայությունը հումանիտար ճգնաժամի է բախվել: Թեև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը այսօր փաստացի չի գործում, սակայն, նկատի ունենալով նաև այն հանգամանքը, որ Ֆրանսիան այդ խմբի համանախագահ է,  ի՞նչ դերակատարում կարող է ունենալ խնդրի լուծման համար: Դուք անձամբ ինչպե՞ս եք պատկերացնում խնդրի լուծումը:

-Դեկտեմբերից ի վեր դատապարտել ենք Լաչինի միջանցքի արգելափակումը, որը լրջագույնս վնասում է Լեռնային Ղարաբաղի բնակչությանը և կոչ ենք արել կիրառել միջանցքով երթևեկության վերականգնման մասին Արդարադատության միջազգային դատարանի որոշումը։ Ողջունում ենք ԿԽՄԿ-ի ջանքերը՝ նվազեցնելու արգելափակման հետևանքով ստեղծված մարդասիրական ճգնաժամի հետևանքները, սակայն անհրաժեշտ է գտնել քաղաքական լուծում՝ վերջ դնելու 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարության խախտումներին և երաշխավորելու Լեռնային Ղարաբաղի բնակիչների իրավունքներն ու անվտանգությունը։ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի սանձազերծած ագրեսիայի արդյունքում համաշխարհային անկայունության համատեքստը չի հեշտացնում աշխատանքը, սակայն մենք շարունակում ենք մոբիլիզացված մնալ։

Այդ նպատակով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական ​​անդամ Ֆրանսիայի նախաձեռնությամբ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հարցով խորհրդի նիստեր են հրավիրվել 2022 թ. սեպտեմբերին և  դեկտեմբերին: Ֆրանսիան, ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ համաձայնեցված,կշարունակի անել հնարավորինը՝ ապահովելու առաջընթաց բանակցային գործընթացում։

MXO_2369.JPG (750 KB)

-Տիկին դեսպան, ամփոփելով Ձեր դիվանագիտական գործունեությունը Հայաստանում՝ այս երկու տարիների ընթացքում Հայաստանում Ձեզ ամենաշատն ի՞նչն է տպավորել:

-Հայաստանում նշանակվելը առանձնահատուկ կարևորություն ունի ֆրանսիացի դիվանագետի համար՝ շնորհիվ  մեր երկու ժողովուրդներին միավորող հնագույն կապերի, որոնք, ըստ Անատոլ Ֆրանսի խոսքերի, պատկանում են «միևնույն ընտանիքին»։ Գալիք տարի ծագումով հայ և սրտով ու համոզմունքով ֆրանսիացի Միսաք և Մելինե Մանուշյանների աճյունների ամփոփումը պանթեոնում խորհրդանշում է մեր երկու ժողովուրդների մտերմությունը:

Ինձ հատկապես տպավորել է հայ ժողովրդի տոկունությունը, ապագայի ծրագրեր կազմելու ունակությունը՝ ի հեճուկս 2020 թ. պատերազմի արդյունքում ստեղծված դժվարին իրավիճակի: Մեծապես գնահատում եմ հայերի բացառիկ հյուրընկալությունը, իրենց պատմությանն ու հիանալի ժառանգությանը կապված լինելը, ինչպես նաև այլ մշակույթների և հավատքների նկատմամբ բաց լինելը: Հայ ժողովուրդը կարող է կապող օղակ հանդիսանալ նույնիսկ երբեմն հակադիր շահեր ունեցող երկրների միջև։ Սա կարևոր հատկություն է, որին հուսով եմ՝ հավատարիմ կմնա։

-Եվ վերջում, տիկին դեսպան, Դուք ժամանակից շուտ եք ավարտում  Ձեր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում, Ֆրանսիան արդեն նոր դեսպան է նշանակել: Դեսպանությունից պարզաբանել էին, որ  Ձեր պաշտոնից շուտ հեռանալը պայմանավորված է անձնական պատճառներով, սակայն, քանի որ այս թեմայով պտտվում են տարբեր խոսակցություններ, այդ թվում, թե Ձեզ հետ են կանչել, կխնդրեմ պարզաբանեք, թե ինչո՞ւ եք 1 տարի շուտ հեռանում Հայաստանից, արդյոք դա բացառապես Ձե՞ր որոշումն է եղել:

-Ուկրաինայում Ռուսաստանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով ստեղծված անկայունության մթնոլորտում ապատեղեկատվությունը մեկն է այն զենքերից, որը լայնորեն կիրառվում է ժողովրդավար պետությունների դեմ: Հայաստանում Ֆրանսիայի հանձնառությունը, հավանաբար, դժգոհության տեղիք է տալիս, ինչն էլ կարող է բացատրել մեր գործունեության, իմ անձի և Հայաստանում ֆրանսիական այլ ձեռնարկությունների ներկայացուցիչների մասին շրջանառվող կեղծ տեղեկատվությունը։

Իմ անձի շուրջ ասեկոսեները լոկ զրպարտություն են, որը քրեորեն հետապնդելի է օրենքի գերակայության պայմաններում։ Ուստի, բողոք եմ ներկայացրել՝ թողնելով, որ  արդարադատությունը գործի և վճիռ կայացնի:

Տխուր եմ, որ անձնական և ընտանեկան նկատառումներից ելնելով՝ լքում եմ Հայաստանը հագեցած և անչափ հարուստ երկու տարիներից հետո։ Ես այստեղ թողնում եմ շատ ընկերներ և հեռանում լավագույն հիշողությամբ: Հավատացած եղեք՝ ես չեմ մոռանա ձեր երկիրը։

Հարցազրույցը՝ Աննա Գրիգորյանի

Լուսանկարները՝ Մխիթար Խաչատրյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]