Երևանում՝ 11:07,   14 Մայիս 2024

Բելգիայի հայերի կոմիտեն տոնում է ստեղծման 100-ամյակը

Բելգիայի հայերի կոմիտեն տոնում է ստեղծման 100-ամյակը

ԲՐՅՈՒՍԵԼ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելգիայի հայերի կոմիտեն այս տարի նշում է իր ստեղծման 100-ամյակը։ Հայոց Ցեղասպանությունից մազապուրծ եղած եւ Բելգիայում հաստատված հայերի ստեղծած կառույցն արդեն մեկ դար է` հայկական ինքնության եւ մշակույթի շուրջ է ծավալում իր գործունեությունը, համախմբում համայնքին, որը ապրեցնում է հայկականը եւ միեւնույն ժամանակ Բելգիայի հասարակական, քաղաքական կյանքում ամենասահուն ինտեգրված եւ ընդունված կառույցներից է։ Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակիցը կոմիտեի նախագահ Ռոբերտ Ունուսյանի հետ զրուցել է կոմիտեի ստեղծման, գործունեության հիմնական ուղղությունների, կոմիտեի 100-ամյակին նվիրված միջոցառումների եւ հետագա անելիքների մասին։

-Ռոբերտ, Բելգիայի հայերի կոմիտեն նշում է իր ստեղծման 100-ամյակը։ Մի քանի խոսքով կպատմեք ստեղծման հիմնական նպատակի եւ գործունեության մասին։

-Կոմիտեն որպես կառույց ստեղծվել է 1920-ականների սկզբին։ Մինչ այդ արդեն հայեր կային Բելգիայում՝ 19-րդ դարի վերջերին հիմնականում գորգագործությամբ, ադամանդագործությամբ, ծխախոտի վաճառքով զբաղվող առեւտրականներ։ Իսկ 1920-ականներին Հայոց Ցեղասպանությունից մազապուրծ հայերը ստեղծեցին կոմիտեն։ Քանի որ Օսմանյան կայսրությունում էլ փոքրամասնություն էին եւ կազմակերպած լինելը կարեւոր էր, նույն տրամաբանությամբ էլ Բելգիայում՝ որպես փոքրամասնություն, ցանկացել են կազմակերպվել եւ համախմբվել կոմիտեի շուրջ։ Կարեւոր էր ունենալ համայնքային կառույցը, որը տեղական իշխանությունների մոտ կլինի համայնքի ներկայացուցիչը։ Ինչպես նաեւ կարեւոր էր կազմակերպել համայնքի կյանքը, օգնել, որպեսզի հայկական ինքնությունն ապրի։

-Եվրոպայի տարբեր երկրներում կան հայկական համայնքներ եւ դրանց շուրջ ստեղծված կառույցներ, բայց Բելգիայի հայերի կոմիտեն, թերեւս, եզակիներից է, որ ունի կանոնադրություն, ընտրություններ։ Այլ կերպ ասած՝ ամենադեմոկրատական կառույցներից է։ Համայնք-կոմիտե համագործակցությունն ինչ ձեւաչափով է աշխատում։

-Նպատակն է որքան հնարավոր է մեծ թվով մարդկանց ներառել կոմիտեի գործունության մեջ, որպեսզի համայնք-կոմիտե կապը դառնա օրգանական, որ յուրաքանչյուր բելգահայ իրեն կոմիտեի կողմից ներկայացված զգա։ Մինչ այսօր, այո, բավականին ժողովրդավար կերպով է կազմակերպվել կոմիտեի գործունեությունը։ Չորս տարին մեկ տեղի են ունենում ընտրություններ, որոնց ժամանակ Բելգիայում բնակվող հայերը ընտրում են վեհաժողովի ներկայացուցիչներին՝ թվով երեսուն հոգի։ Վեհաժողովն էլ ընտրում է կոմիտեին, որը բաղկացած է տասներկու անդամից եւ համարվում է գործադիր մարմին։ Կոմիտեի պատասխանատվությունն է կազմակերպել համայնքի կյանքը եւ իրականացնել ծրագրեր, որոնք որոշվում են վեհաժողովի կողմից։ Այսօր վեհաժողովում ներկայացված են Բելգիայի ամենատարբեր հայկական կազմակերպություններն ու միությունները՝ տարբեր քաղաքներից։

Մարտահրավերներ կան, իհարկե։ Դրանցից ամենակարեւորը Բելգիայի մի քանի մասի բաժանված լինելն է՝ ֆրանսախոս Վալոնիայի հատվածը, ֆլամանախոս Ֆլանդրիայի հատվածը եւ Բրյուսելը, որը փոքր-ինչ յուրահատուկ է իր կարգավիճակով։ Հայերը կենտրոնացված չեն առանձին քաղաքներում, մեծ ու փոքր քաղաքներ, գյուղեր՝ ամեն տեղ հայեր կան։ Մի քանի տասնյակ հազարանոց համայնքի մասին ենք խոսում, եւ բոլորին համակարգելն ու համախմբելը մարտահրավեր է։ Այսօր կոմիտեն աշխատում է հենց այս ուղղությամբ։

-Բելգիայում օտարերկրացիների այլ համայնքներ շատ կան, ոմանք ինտեգրված են, ոմանք՝ ոչ այդքան։ Ինչպիսի՞ն է հայ համայնքի ներգրավվածությունը Բելգիայի հասարակական եւ քաղաքական կյանքում։ Կոմիտեն որքանո՞վ է խրախուսում, աջակցում հայերին։

-Հարյուր տարվա պատմություն ունեն կոմիտեն եւ համայնքը։ Այս տարիների ընթացքում տարբեր կապեր են ստեղծվել Բելգիայի հասարակական եւ քաղաքական ամենատարբեր ոլորտների եւ ներկայացուցիչների հետ։ Քաղաքական ոլորտում բավական լավ հարաբերություններ ունենք, եւ դա բոլոր մակարդակներում է՝ լինի դա ֆեդերալ, տեղային, թե քաղաքապետարանների մակարդակով։ Սերտ կապեր կան, եւ, քանի որ գնալով հայերի թիվը աճում է, համայնքն ավելի տեսանելի  եւ կարեւոր է դառնում բելգիացի քաղաքական գործիչների համար։

Լավ հարաբերություններ ունենք նաեւ Բելգիայի այլ փոքրամասնությունների/համայնքների հետ՝ պատմական պատճառներից ելնելով։ Կապեր ենք հաստատել հրեաների, տուտսիների, ասորիների, արամեացիների կազմակերպությունների հետ։ Հույների հետ ենք ընդլայնում հարաբերությունները։ Իսկ ինչ վերաբերում է համայնքի մասնակցությանը Բելգիայի քաղաքական կյանքին, ապա պետք է նշեմ, որ դա մեր գործունեության անբաժանելի մասն է։ Իհարկե, հայապահպանությունը մեր կարեւորագույն եւ առաջնային առաքելություններից մեկն է, բայց միեւնույն ժամանակ մենք խրախուսում ենք համայնքի բարգավաճումն ու ներգրավվումը տեղական քաղաքական եւ հասարակական կյանքին։ Ուսանողական, երիտասարդական միություններ ունենք եւ նրանց հետ ակտիվ կապի մեջ ենք։ Հիմա փորձում ենք կամուրջ ստեղծել Բելգիայի հայ գործարարների միջեւ, որպեսզի իրար ավելի լավ ճանաչեն, միասին ծրագրեր իրականացնենք, եւ դա անում ենք հայ-բելգիական առեւտրի պալատի հետ համագործակցությամբ։  Ավելի տեսանելի եւ ճանաչելի լինելու համար փորձում ենք նաեւ մենք մեր լրատվական միջոցները ունենալ։ Հիմա արդեն ունենք թերթ եւ ռադիո։

-Կոմիտեն երկար տարիներ է՝ ակտիվ գործունեություն է ծավալում նաեւ Հայոց Ցեղասպանության ժխտողականության դեմ։ Ժխտողականության դեմ օրենքը մերժվեց, բայց պայքարը շարունակվում է։ Ի՞նչ փուլում է այս հարցը։

-Օրենքը, որի մասին խոսում ենք, քրեականորեն պատժում է միայն այն ցեղասպանությունների ժխտումը, որոնք միջազգային որեւէ դատարանի կողմից ճանաչվել են։ Ցավոք, Հայոց Ցեղասպանությունն այդ կարգավիճակը չունի։ Իհարկե, տարբեր բաներ ենք փորձել Սահմանադրական դատարանի կամ օրենքը փոխելու միջոցով, բայց, ցավոք, դեռ չենք հաջողել։ Սակայն պետք է ընդգծել, որ Բելգիան այն եզակի երկրներից է, որ Հայոց Ցեղասպանությունը ճանաչել է ամենաբարձր մակարդակով։ Բելգիայի հասարակության մեջ Հայոց Ցեղասպանության եղելությունը խորապես արմատացած է՝ ոչ մի քաղաքացի, լրատվամիջոց կամ քաղաքական գործիչ հակառակը չի պնդի։ Թուրք քաղաքական գործիչները, որոնք Բելգիայում շատ են եւ ազդեցիկ, նույնիսկ նրանք  չեն համարձակվում հրապարակավ ժխտել, քանի որ գիտեն ինչ հետեւանքներ կարող է դա ունենալ։ Հետեւաբար, այս առումով մեծ ձեռքբերումներ ենք ունեցել։ Այսօր էլ շատ բան է փոփոխվում, եւ այս նոր իրականության մեջ մեր հաջորդ քայլերն ենք մշակում։

Մյուս կողմից ցավով պետք է արձանագրենք, որ ժխտողականությունը չի վերացել, քանի որ անցյալ տարի Բրյուսելում Հայոց Ցեղասպանության հուշակոթողը հենց ապրիլի 24-ին պղծվել էր թուրք ազգայնականների կողմից։ Այս տարի էլ Արամեացիների հուշահամալիրն էր պղծվել։ Հետեւաբար, որքան էլ որ թուրքական ծագումով քաղաքական գործիչները լռեն, կան դեռ հակահայ բջիջներ, որոնք ակտիվ են։ Այստեղ մեր դերն է խրախուսել Բելգիայի կառավարությանը, որպեսզի հետեւողական լինի նման հարցերում։

-Ի՞նչ աշխատանքներ է տանում կոմիտեն Արցախի հիմնախնդրի վերաբերյալ։

-Նախ ամփոփեմ, թե ինչ ենք արել։ Նամակագրություն ենք վարել Բելգիայի քաղաքական խավի հետ, հայտարարություններ ենք տարածել հարցը օրակարգում պահելու համար։ Խորհրդարանի մակարդակով բազմաթիվ հայանպաստ բանաձեւեր են քվերակվել Արցախում տիրող իրավիճակի վերաբերյալ։ Եւ պետք է նշել, որ այս բանաձեւերը գրեթե միշտ միաձայն են քվեարկվում։ Բոլոր քաղաքական ուժերը պաշտոնապես հայամետ դիրքորոշում ունեն։ Այս առումով մենք ունենք հնարավոր արդյունքներից առավելագույնը։ Հաջորդ կարեւոր թիրախային խումբը մամուլն է, որը չի խոսում Արցախի հիմնախնդրի վերաբերյալ։ Եվրոպայում այս հարցը գրեթե չի բարձրաձայնվում, բելգիացիների ճնշող մեծամասնությունը՝ նույնիսկ բանիմաց մարդիկ, չգիտեն այս հիմնախնդրի մասին։ Փորձում ենք հասկանալ, թե որն է սրա պատճառը եւ աշխատանքներ տանել այդ ուղղությամբ։ Մյուս գիծը Բելգիայի արտգործնախարարությունն ու կառավարությունն են։ Երկուսն էլ շատ չեզոք դիրք ունեն եւ չեն ուզում իրենց հայտարարություններով բացասաբար ազդել բանակցությունների վրա։ Մենք էլ՝ «Եվրոպացիները հանուն Արցախի» նախաձեռնությամբ, փորձում ենք տարբեր ակցիաներ իրականացնել եւ հարցը ուշադրության կենտրոնում պահել։ Ակցիաներն իրագործելու համար ակտիվ համագործակցում ենք բոլոր ուժերի հետ, այդ թվում՝ Հայ Դատի գրասենյակի եւ Բելգիայում մեր դեսպանության։

Բայց ուզում եմ մի բան հստակեցնել այս հարցի վերաբերյալ։ Եթե ինձ հարցնեք, թե ի՞նչ է անում կոմիտեն հայկական մշակույթն ու ինքնությունը պահպանելու համար, ես կարող եմ հստակ ասել, թե մենք ինչ ենք պատկերացնում, որն է մեր տեսլականը։ Բայց Արցախյան հիմնահարցը աշխարհաքաղաքական հարց է, սա այն հարցը չէ, որ, սրա-նրա հաճոյությամբ քայլեր գործադրելով, հնարավոր լինի դրական արդյունքի հասնել։ Պետության անվտանգությունն ու զարգացումը պահպանելու համար պետք է հստակ ռազմավարություն՝ մշակված պետության կողմից, որին կմասնակցի աշխարհի հայությունը։ Ցավոք, այսօր այդ ռազմավարությունը շատ հստակ եւ տեսանելի չէ։ Բելգիայում շատ պաշտոնյաներ ինձ ասում են, որ չեն հասկանում, թե Հայաստանն ինչ է ուզում եւ ինչ միջոցներով է ուզում դրան հասնել։ Հետեւաբար, Արցախի եւ հայկական հարցի նկատմամբ մոտեցումները մնում են մակերեսային։ Սփյուռքը շատ ավելի համախմբված եւ արդյունավետ կգործի  հօգուտ մեր հայրենիքի, եթե լինի հստակ ռազմավարություն։ Բոլորս էլ տեսանք, որ միակողմանի խաղաղություն ցանկանալը որեւէ դրական արդյունքի չի բերում։

-Եւ վերջում, ի՞նչ միջոցառումներ են նախատեսված 100-ամյակը տոնելու համար։ Ո՞րն է մեկ դարի ժառանգությունը, որ փորձելու եք փոխանցել, ցուցադրել բելգիացիներին։

-Երեք գլխավոր միջոցառում է նախատեսված՝ մեծ բացօթյա համերգ Բրյուսելի կենտրոնական հրապարակներից մեկում, ցուցահանես-համաժողով, որը կներկայացնի համայնքի 100-ամյա կեցությունը Բելգիայում եւ գալա ընթրիք, որին հրավիրված կլինի Բելգիայի քաղաքական, գործարար եւ հասարակական վերնախավը։ Նպատակն է ավելի սերտ հարաբերություններ ունենալ, բելգիացիներին տեղեկացնել հայ համայնքի պատմության եւ գործունեության մասին, որ համայնքը միշտ ինտեգրված է եղել եւ իր լուման ունի Բելգիայի հասարակական կյանքում։ Փորձելու ենք նաեւ ցույց տալ, որ համայնքը շատ է փոխվել եւ մի քանի հարյուր հոգանոց համայնքից հասել ենք տասնյակ հազարների եւ կարող ենք ազդեցիկ լինել։

ԼԻԼԻԹ ԳԱՍՊԱՐՅԱՆ


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am