Երևանում՝ 11:07,   14 Մայիս 2024

Վահան Քերոբյանը վստահ է, որ էկոնոմիկայի նախարարության ձերբակալված աշխատակիցներն օրենքի խախտում թույլ չեն տվել

Վահան Քերոբյանը վստահ է, որ էկոնոմիկայի նախարարության ձերբակալված 
աշխատակիցներն օրենքի խախտում թույլ չեն տվել

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն անդրադարձել է նախօրեին էկոնոմիկայի նախարարությունում իրավապահ մարմինների իրականացրած քննչական գործողություններին, որի հետևանքով կան ձերբակալվածներ։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Քերոբյանը թեմային անդրադարձել է ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում։ 

Էկոնոմիկայի նախարարը նախ նշեց, որ հարկավոր է առաջնորդվել անմեղության կանխավարկածով, այսինքն՝ քանի դեռ չկա դատական վճիռ, անձը չի կարող մեղավոր համարվել։

Նախարարը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ այդ առթիվ Քննչական կոմիտեի հաղորդագրությունում բացակայում են «կաշառք» և «որևէ այլ կերպով շահագրգռված լինել» ձևակերպումները:

«Եթե ուշադիր կարդաք Քննչական կոմիտեի հայտարարությունը, ապա կնկատեք, որ առաջին դրվագով, որը վերաբերում է Անի Իսպիրյանին (խմբ․ էկոնոմիկայի նախարարի՝ աշխատանքից ազատված տեղակալ), բացակայում է երկու կարևոր արտահայտություն՝ «կաշառք» կամ «որևէ այլ կերպով շահագրգռված լինել»: Եվ չկա «բյուջեի փողերի ծախս», այսինքն՝ այդ դրվագով բյուջեի միջոցներ չեն ծախսվել: Չկա որևէ կերպ մոտիվացված լինելու հանգամանք»,- հայտարարեց Քերոբյանը:

Նա վստահ է, որ իրականում Գնումների մասին և դրա հետ փոխկապակցված օրենքների որևէ խախտում չի եղել. «Ինձ համար մի փոքր լրացուցիչ պարզաբանման կարիք ունի, թե ինչ է նշանակում չարաշահում: Այդ տենդերային գործընթացը անընդհատ եղել է իրավաբանների և մյուս գործընկերների, այդ թվում՝ ֆինանսների նախարարության հսկողության ներքո: Մենք ավելի քան վստահ ենք, որ դատարանում կամ քննությամբ կպարզվի, որ Գնումների մասին և դրա հետ փոխկապակցված օրենքների որևէ խախտում չի լինի: Պետք է սպասենք, որպեսզի Քննչական կոմիտեի գործընկերներն ասեն, թե ինչ են հասկանում չարաշահում ասելով: Պետք է բացատրեն, թե ինչ նկատի ունեն առերևույթ կոռուպցիա ասելով: Դա պետք է լինի կաշառք, իր բարեկամին տենդեր նվիրել և դրա ներքո փողերի տեղաշարժ, որը չկա»,- մանրամասնեց էկոնոմիկայի նախարարը:

Անդրադառնալով իր ղեկավարած գերատեսչության մի խումբ այլ աշխատակիցներին ներկայացված մեղադրանքին՝ Քերոբյանն ընդգծեց, որ այդ դեպքում ևս բացակայում է «կաշառք» կամ «որևէ այլ կերպ մոտիվացված լինել» ձևակերպումը: «Էկոնոմիկայի նախարարության աշխատակիցներն անում են տասնյակ միլիարդավոր դրամի գործարքներ. մեր այս տարվա բյուջեն 91 մլրդ դրամ է: Պարզ է, որ որոշ տնտեսվարողներ կարող են չարաշահել»,- ասաց նախարարը:

Նա հավելեց, որ ինչպես մյուս ծրագրերի պարագայում, աղմկահարույց այս ծրագրի դեպքում էլ իրեն պարբերաբար զեկուցել են կատարման ընթացքի մասին: «Դա, ըստ էության, կառավարության միջոցառումների ծրագրի բաղկացուցիչ մասն է՝ Հանրային ներդրումային բանկ: Ես խստիվ հանձնարարել եմ մնալ օրենքի շրջանակներում, և ավելի քան վստահ եմ, որ հենց այդպես էլ կա»,- եզրափակեց Վահան Քերոբյանը:

Նախարարը նաև հիշեցրեց, որ վերջին անգամ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում նման աղմկահարույց դեպք գրանցվել էր 2021 թվականի հունվարի 29-ին, սակայն այն ժամանակ ձերբակալված մարդկանց գործով մինչ օրս դատավճիռ չի կայացվել:

Հայաստանի քննչական կոմիտեն և Ազգային անվտանգության ծառայությունը հարուցված երկու քրեական վարույթների շրջանակներում հունվարի 31-ին գործողություններ էին իրականացրել էկոնոմիկայի նախարարությունում, խուզարկություններ իրականացրել մի խումբ անձանց բնակավայրերում։ Գործողությունների արդյունքներով քննչական կոմիտեն ավելի ուշ հաղորդագրություն տարածեց՝ հայտնելով 7 անձի ձերբակալության մասին։ Նրանց թվում է նաև էկոնոմիկայի նախարարի՝ աշխատանքից ազատված տեղակալ Անի Իսպիրյանը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am