Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Հարցն այն է, թե արդյոք Հայաստանը կկարողանա միաժամանակ և հավասարապես մնալ երկու ինտեգրացիոն գործընթացներում. քաղաքագետ

Հարցն այն է, թե արդյոք Հայաստանը կկարողանա միաժամանակ և 
հավասարապես մնալ երկու ինտեգրացիոն գործընթացներում. քաղաքագետ

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետք է ուշադրություն դարձնել այն կարևոր հանգամանքների ու գործոնների վրա, որոնք հիմք են տալիս ՀՀ իշխանություններին հանդես գալ արևմտամետ հայտարարություններով, որովհետև արտաքին քաղաքական վեկտոր փոխելը բավականին բարդ գործընթաց է։  

«Արմենպրես»-ի հետ զրույցում այդ կարծիքը հայտնեց քաղաքագետ Նորայր Դունամալյանն՝ անդրադառնալով Արարատ Միրզոյանի հարցազրույցին, որում ՀՀ արտգործնախարարը թուրքական TRT World հեռուստաընկերությանը հայտնել էր, թե Հայաստանը դիտարկում է Եվրամիությանն անդամակցության հայտ ներկայացնելու հարցը, քանի որ  ձգտում է ավելի սերտ կապեր հաստատել Արևմուտքի հետ։

«Եթե ՀԱՊԿ-ի դեպքում օբյեկտիվորեն կարելի էր խոսել հարաբերությունների կամ այդ կառույցում աշխատանքների մասնակցության սառեցման մասին, ապա ԵՄ-ին անդամակցումը մի փոքր խնդրահարույց է այն առումով, որ Հայաստանն արդեն իսկ ինտեգրվել է  ԵԱՏՄ-ին։ Հարցն այն է, թե արդյոք մեր երկիրը կկարողանա միաժամանակ և հավասարապես մնալ երկու ինտեգրացիոն գործընթացներում։ Դա իսկապես բարդ պրոցես է և կապված է տարաբնույթ տնտեսական, ֆինանսական և այլ կարգավորումների հետ։ Խոսքն առհասարակ չի վերաբերում միայն անդամակցությանը, այլև ԵՄ-ից դուրս գալուն»,- ասաց Դունամալյանը։

Նա վկայակոչեց Մեծ Բրիտանիայի օրինակը (Brexit)՝ հավելելով, որ Եվրամիությունից այդ երկրի դուրս գալու գործընթացը մեկնարկեց 2017 թվականին և հիմնականում ավարտվեց 2021 թվականին, թեև այդ ամենի արդյունքում մինչ օրս տակավին ընթանում են որոշ պրոցեսներ։

«Արարատ Միրզոյանի հայտարարությունն ավելի շատ ունի քաղաքական համատեքստ և ցույց է տալիս այն կապը, որ այսօր կա Հայաստանի ու Եվրամիության միջև և որը հետզհետե ընդլայնվում է։ Ինտեգրացիոն գործընթացը քաղաքական մասով կարող է արագանալ, որովհետև մեր երկրում Եվրոպական չափանիշներով, եվրոպացիների աջակցությամբ և կոորդինացմամբ տեղի են ունեցել բազմաթիվ բարեփոխումներ մի շարք բնագավառներում, սակայն  տնտեսական իմաստով Հայաստանն ավելի սերտորեն կապված է ԵԱՏՄ-ի հետ։ Օրինակ՝ հարկերի, տուրքերի, աքցիզային խնդիրների հետ կապված հարցերը  կարգավորվում են եվրասիական շուկայում գործող կանոններով կամ օրենսդրական ակտերով, ինչը վկայում է այն մասին, որ մեր երկիրն ավելի սերտորեն ներգրավված է ինտեգրացիոն այդ գործընթացում»,- ասաց մեր զրուցակիցը։

Դունամալյանը հավելեց, որ 2015 թվականից ի վեր ԵԱՏՄ-ին առնչվող ինտեգրացիոն պրոցեսներն ավելի են խորացել՝ ազդելով նաև հասարակության ապրելակերպի ու կենսակերպի վրա։ Նա հիշեցրեց, որ ԵՄ-ի հետ նախկինում նույնպես եղել է համագործակցություն մինչև 2013 թվականը, երբ պետք է կնքվեր ասոցացման պայմանագիրը, սակայն հայկական վեկտորը տեղափոխվեց միանգամայն այլ հարթություն։

«Խնդիրն այն է, թե որքանո՞վ են հաշվարկված հայտարարությունները, Հայաստանը առկա պայմաններում կարո՞ղ է հիմա նույնիսկ տեսականորեն անդամակցել Եվրամիությանը»,- հարցադրում արեց Դունամալյանը։

Անդրադառնալով Եվրոպական երկրների հետ համագործակցության կարևորագույն բաղադրիչներից մեկին՝ վիզաների ազատականացման խնդրին, քաղաքագետն ընդգծեց, որ 2017 թվականին ՀՀ- ի ու ԵՄ-ի միջև կնքվեց համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր և, որպես այդ գործընթացի շարունակություն, կարելի էր դիտարկել վիզաների ազատականացումը։

«Բայց այդ համաձայնագիրը կնքվեց ավելի մեղմ ինտեգրացիայի համատեքստում, ուստի խոսույթն այն մասին, թե Հայաստանը կարող անդամակցել Եվրամիությանը, այս պահին ավելի շատ կրում է քաղաքական բնույթ։ Դրանով ՀՀ իշխանությունը փորձում է նաև որոշակի մեսիջներ հղել և՛ Եվրոպային, և՛ հատկապես Ռուսաստանին՝ ակնարկելով, որ նման քայլով ցանկանում է նախևառաջ ստանալ անվտանգության պատշաճ և գործուն երաշխիքներ, իսկ դրանից հետո նոր ակնկալել տնտեսական դիվիդենտներ։ Վիզաների ազատականացումը կարող էր լինել դեռ 2017 թվականին, սակայն մինչ օրս մենք նման բան չենք տեսնում։ Եվրոպան խնդրին մոտենում է ավելի պրագմատիկ հաշվարկի տեսանկյունից և հիմնականում մտավախություն ունի, որ վիզաների ազատականացման արդյունքում այնտեղ կարող է ավելանալ անօրինական միգրանտների թվաքանակը, ուստի ցանկանում են ստանալ ամուր երաշխիքներ, որ ապագայում նման բան տեղի չի ունենա»,- պարզաբանեց քաղաքագետը։

Դունամալյանը վկայակոչեց Վրաստանի օրինակը, որի պարագայում վիզաների ազատականացումից հետո ստեղծվեց խնդրահարույց իրավիճակ, և ԵՄ-ն ստիպված Վրաստանի որոշ քաղաքացիների համար հաստատեց սահմանափակումներ։

Քաղաքագետը վերջում ընդգծեց, որ համագործակցության համատեքստում կարող են լինել տարաբնույթ հայտարարություններ, սակայն գործնական քայլերի համար պետք է համադրվեն մի շարք գործոններ։       

Մանվել Մարգարյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am