Երևանում՝ 11:07,   15 Մայիս 2024

«Մանկական Եվրատեսիլ»-ի հյուրերին հիացրել է Հայաստանի կազմակերպչական մոտեցումն ու հայերի ջերմ հյուրընկալությունը

«Մանկական Եվրատեսիլ»-ի հյուրերին հիացրել է Հայաստանի կազմակերպչական 
մոտեցումն ու հայերի ջերմ հյուրընկալությունը

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթի գործադիր ղեկավար Մարտին Օսթերդալը հիացած է մրցույթի կազմակերպչական աշխատանքներով: Նրան գրավում են մրցույթը հյուրընկալող կողմի՝ Հայաստանի նախաձեռնած բազմաբովանդակ միջոցառումներն ու հայերի հյուրընկալությունը: Հայկական կողմն էլ նշում է՝ «Մանկական Եվրատեսիլ»-ը փայլուն կազմակերպելու համար համագործակցում են և՛ հայ, և՛ արտասահմանցի բարձրակարգ մասնագետների հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դեկտեմբերի 8-ին լրագրողների հետ հանդիպմանը Օսթերդալը խոստովանեց՝ ուրախ է, որ «Մանկական Եվրատեսիլ»-ը, որոշակի դժվարություններ հաղթահարելով, կայացել է որպես հրաշալի երիտասարդական ու մանկական մրցույթ: «Ամեն տարի մրցույթի ժողովրդականությունն աճում է, մենք  բազմաթիվ տաղանդավոր արտիստների ենք տեսնում բեմում, մրցույթը գնալով ավելի լավն է դառնում, մասնակիցները՝ ևս»,-նշեց նա:

Օսթերդալի խոսքով՝ իրենք շատ բարձր են գնահատում Հայաստանի գործընկերների կատարած նախապատրաստական աշխատանքը: «Բացման արարողությունը նորություն էր. ես ապշած էի՝ տեսնելով ստեղծագործական միտքը, որակը: Պատվիրակությունների համար կազմակերպված միջոցառումների ծրագիրը գերազանց է:  16 պատվիրակություններն էլ հիացած են, տպավորված են ոչ միայն կազմակերպման որակով, բեմով, այլև այն ջերմ ընդունելությամբ ու հյուրընկալությամբ, որին  արժանացել են: Ըստ իս՝ դա ձեր մշակույթի մի մասն է, ինչը շատ բարձր ենք գնահատում»,-շեշտեց մրցույթի գործադիր ղեկավարը:

Մարտին Օսթերդալը դժվարացավ ասել, թե որ երկրների ներկայացուցիչներն են ֆավորիտ ու շեշտեց՝ բոլոր մասնակիցներն են շնորհալի և հնարավոր չէ կանխատեսել, թե ով կհաղթի:

«Այս մրցույթում միշտ էլ կարևորվել է վոկալը. այդպես եղել է, այդպես մնում է: Լավ ելույթ ունենալու համար պետք է արտառոց կատարում, արտառոց ելույթ, հզոր երգ, վոկալ: Չեմ կարծում, որ դա փոխվել է: Ինձ համար շատ հետաքրքիր է վերջին  տարիներին մրցույթում լեզուների բազմազանությունը: Տեսել ենք շատ պետությունների ներկայացուցիչների, որոնք շատ լավ են ելույթ ունենում իրենց լեզվով: Այդ միտումից ես գոհ եմ»,-ասաց մրցույթի գործադիր ղեկավարը:

Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը մեծ պատիվ է համարում հոբելյանական մրցույթը Երևանում հյուրընկալելը:

Նա նշեց՝ մրցույթի շրջանակում ներգրավել են բազմաթիվ մասնագետների ոչ միայն Հայաստանից, այլև՝ արտերկրից: Այժմ համալիրի տարածքում աշխատում է հազարից ավելի մասնագետ:

«Փորձել ենք յուրահատուկ նշել մրցույթի հոբելյանը և Երևան  ենք հրավիրել մրցույթի հաղթողներին: Նրանցից շատերն են եկել Հայաստան ու ելույթ են ունեցել մրցույթի բացման համերգին, որը տեղի է ունեցել դեկտեմբերի 5-ին Հանրապետության հրապարակում: Հաղթած մասնակիցները ելույթ են ունենալու նաև բուն մրցույթի ընթացքում:  Հույս ունեմ՝ հանդիսատեսը կհավանի այն համարը, որը պատրաստել ենք, քանի որ երկար ենք աշխատել դրա իրագործման ուղղությամբ»,-ասաց նա:

Անդրադառնալով հաղորդավար Ռոբին ռոբոտին՝ Հովհաննես Մովսիսյանը շեշտեց, որ նրա մասնակցությունը ցույց է տալիս Հայաստանի տեխնոլոգիական ներուժը:

 «Մանկական Եվրատեսիլ 2021»-ում Մալենայի հաղթանակի շնորհիվ մրցույթը 2022-ին կանցկացվի Հայաստանում: Այն տեղի կունենա դեկտեմբերի 11-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

20-րդ հոբելյանական «Մանկական Եվրատեսիլին» կմասնակցեն 16 երկրի ներկայացուցիչներ, որոնց  կմիավորի «Պտտի՛ր հրաշքը» կարգախոսը: Այս տարվա խորհրդանիշը գունազարդ հոլն է: Մասնակից երկրներն են՝ Ալբանիա, Իռլանդիա, Իտալիա, Իսպանիա, Լեհաստան, Հայաստան, Հյուսիսային Մակեդոնիա, Ղազախստան, Մալթա, Նիդեռլանդներ, Պորտուգալիա, Սերբիա,  Ուկրաինա, Միացյալ Թագավորություն, Վրաստան, Ֆրանսիա:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am